ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության «գերմանական մոդելի» գաղափարը պետք է քննարկվի և դառնա մեկ քայլ առաջ։ Այսպիսի կարծիք է արտահայտել ամերիկացի դիվանագետ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն։
Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության գաղափարին այն պայմանով, որ Հյուսիսատլանտյան պայմանագրի հինգերորդ հոդվածը չտարածվի Թբիլիսիի վերահսկողության տակ չգտնվող տարածքների վրա, հանրային կերպով աջակցություն է հայտնել Վրաստանում սեպտեմբերին կայացած համաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Գաղափարը Վրաստանում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել։
«Կարծում եմ, այդ գաղափարը, որը լսել եմ ոչ միայն Ռասմուսենից, այլ նաև այլ աղբյուրներից, պետք է քննարկվի։ Ռուսների մոտ չպետք է տպավորություն ստեղծվի, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան իրենց թույլ է տալու ընդմիշտ խանգարել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը», — ասել է Վերշբոուն։
«Հնարավորությունը, որ հարկ եղած պահին դաշինքը կընդունի Վրաստանին և միաժամանակ չի կիրառի հինգերորդ հոդվածն օկուպացված տարածքների նկատմամբ, Վրաստանի համար մեծ ազդեցություն կապահովի Ռուսաստանի հետ բանակցություններում։ Որոշակի պայմաններում դա կարող է առաջընթացի տանող քայլ լինել», — նշել է նա։
Նրա խոսքով՝ այդ սխեման կարող է կիրառվել նաև Ուկրաինայի համար։
«Սակայն և այնտեղ, և այնտեղ [Վրաստանում և Ուկրաինայում] խնդիրն այն է, որ նման գործողությունները կարող են ներկայացվել որպես օկուպացված տարածքներից վերջնական հրաժարում․ մենք յուրօրինակ ձևով «պարգևատրում ենք» ռուսներին նրանց տարածքային ագրեսիայի համար։ Այդ պատճառով էլ, ի վերջո, դա պետք է նախևառաջ Վրաստանի որոշումը լինի, որին հետագայում արդեն պետք է համաձայնի դաշինքը», — կարծում է դիվանագետը։
Միաժամանակ Վերշբոուն կարծում է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը դեռ «արդիական չէ»։ Այդ պատճառով էլ Վրաստանն ու Ուկրաինան պետք է կատարեն իրենց «տնային աշխատանքը» ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու ուղղությամբ, շարունակեն իրականացնել ամենամյա ազգային ծրագրերը, որոնք գործառույթով համապատասխանում են դաշինքին անդամակցելու գործողությունների պլանին։