Ալեքսանդր Աբաևը կարող էր ո՞ղջ մնալ
Հուլիսի 7-ին Ցխինվալում մահացավ Հարավային Օսիայի 39-ամյա բնակիչ Ալեքսանդր Աբաևը: Նրա մահը լայն արձագանք ստացավ ինչպես նրա հայրենիքում, այնպես էլ Վրաստանում:
Կյանքի և մահվան պատմությունը
Ալեքսանդր Աբաևն ապրում էր Հարավային Օսիայում 2011թ-ի մարտից: Նա դաջվածքի հայտնի վարպետ էր, Ցխինվալում սրահ ուներ: 2011թ-ին ամուսնացել էր Էլդա Թասոևայի հետ: Հուլիսին, ծննդաբերությունից առաջ, Թասոևայի մոտ ՁՒԱՀ էին հայտնաբերել, երեխան վարակված էր ծնվել: 2012թ-ի դեկտեմբերին երեխան հիվանդացել էր, վիճակն ավելի ու ավելի էր ծանրացել, և հունվարին, Հարավային Օսիայի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ մորն ու երեխային անհապաղ ուղարկել էին Թբիլիսի:
Երեխային փրկել չէր հաջողվել: Իսկ թաղմանից անմիջապես հետո՝ մարտի 3-ին Ալեքսանդր Աբաևին ձերբակալեցին կնոջը՝ Էլդա Թասոևային դիտավորյալ ՁԻԱՀ-ով վարակելու մեղադրանքով:
Աբաևի բարեկամներն, ընդհակառակը, համոզված են, որ իրենց նախկին հարս Էլդա Թասոևան է Ալեքսանդրին վարակել: Նրանց կարծիքով, դատաքննությունն անցկացվել է օրենքի խախտմամբ: Ալեքսանդր Աբաևը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 4 տարվա ազատազրկման, ՔՕ 122 հոդվածի 2-րդ մասով:
2015թ-ին Աբաևն ազատ է արձակվել համաներմամբ: Նրա մոտ ՁԻԱՀ-ից բացի ախտորոշվել է նաև հեպատիտ C և թոքախտի ծանր տեսակ: Վլադիկավկազի հիվանդանոցում թոքախտի բուժումը ոչինչ չտվեց և Աբաևը դիմեց բուժօգնության Թբիլիսիում:
Այնտեղ նրան բուժեցին տուբերկուլյոզի սուր վարակիչ տեսակից, սակայն մնացած հիվանդությունները հրաժարվեցին բուժել: Որից հետո Ալեքսանդր Աբաևը վերադարձավ Ցխինվալ, որտեղ էլ մահացավ:
Արձագանքը Վրաստանում
Ալեքսանդր Աբաևի մահվան մասին լուրը Վրաստանի սոցցանցերում բազմաթիվ վրդովված արձագանքներ առաջացրեց:
«Թող գոնե մարդկանց չխաբեն ծրագրերում ներառելու և հոգ տանելու խոստումներով»:
«Այն պատճառով, որ փաստաթղթերը չէր կարողացել հավաքել, պետք էր մեռնող մարդուն Ցխինվալ վերադարձնե՞լ: Ինչպե՞ս եք պատրաստվում վերականգնել հարաբերությունները»:
«Եթե անգամ բացարձակապես փաստաթղթեր չունենար, պետք էր բուժել: PR-ի մասին ոչինչ չեն լսել նույնիսկ»:
Վրդովմունքը կապված էր նրա հետ, որ Վրաստանում Հարավային Օսիայի և Աբխազիայի քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերելու հատուկ ծրագրեր կան: Սակայն Ալեքսանդր Աբաևը չկարողացավ դրանցից օգտվել:
Դեռևս Վլադիկավկազում նա 2015թ-ի օգոստոսին Վրաստանի առողջապահության նախարարություն դիմում էր գրել՝ ներկայացնելով իր առողջական վիճակն ու խնդրելով բուժում տրամադրել իրեն: Նախարարությունը ֆինանսավորեց միայն ախտորոշիչ հետազոտությունները (111 լարի Տուբերկուլյոզի կենտրոնում, 355 լարի՝ «Ավերս» կլինիկայում և 1355 լարի՝ Ինֆեկցիոն կենտրոնում):
Ինչ վերաբերում է բուժմանն, ապա պարզվեց, որ Աբաևը չի կարող օգտվել բուժման ծրագրերից, քանի որ դա պահանջում է գոնե անձը հաստատող չեզոք փաստաթղթի առկայություն:
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության փոխնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի խոսքով, 2015թ-ին Աբխազիա է ուղարկվել 366486,23 լարիի դեղորայք (իմունիզացիայի, շաքարախտի և տուբերկուլյոզի բուժման համար): Գերատեսչության ներկայացրած հաշվետվությունում չկան տվյալներ Հարավային Օսիա ուղարված դեղորայքի մասին:
2015թ-ին բուժման կուրս անցնելու միջնորդության խնդրանքով հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախարարի աշխատակազմ էր դիմել 1537 մարդ (891-ն Աբխազիայից, 646-ը Ցխինվալից): Նախարարության տեղեկատվությամբ, այդ մարդկանց բուժման վրա ծախսվել է 4 267 512 լարի:
Վրաստանի առողջապահության նախարարությունը տվյալներ չունի հեպատիտ C-ի բուժման ծրագրում կոնֆլիկտային տարածաշրջաններից ներառված բնակիչների թվի մասին:
Ինֆեկցիոն պաթոլոգիաների, ՄԻԱՎ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտական-գործնական կենտրոնի նամակում, որն ուղարկվել էր Աբաևի դիմումին ի պատասխան, ասվում է, որ ամբուլատոր և ստացիոնար բուժման, ինչպես նաև հակառետրովիրուսային դեղորայք ստանալու համար պետական ծրագրի շրջանակում հիվանդը պետք է ունենա Վրաստանի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ կամ այսպես կոչված չեզոք վկայական:
Չեզոք վկայականի համար Ալեքսանդր Աբաևը դիմեց արդարադատության նախարարություն և մերժում ստացավ: Պատասխանի մեջ ասված էր, որ դիմումն ուսումնասիրելիս չեզոք վկայական տրամադրելու մերժման համար օրինական հիմքեր են հայտնաբերվել:
Վրացական օրենսդրության համաձայն, վկայականը ստանալու 4 խոչընդոտ կարող է լինել.
ա) եթե անձը հետախուզման մեջ է իրավապահ մարմինների կողմից;
բ) եթե տրամադրում է կեղծ կամ ժամկետանց փաստաթղթեր;
գ) եթե Աբխազիայի և Հարավային Օսիայի պատկան մարմինները չեն հաստատում նրա ֆոտոինքնությունը;
դ) եթե Վրաստանի ներքին գործերի նախարարությունը չեզոք վկայական տրամադրելը ոչ նպատակահարմար է համարում՝ պետական և հասարակական շահերից ելնելով:
Թե կոնկրետ որ պատճառն է մերժման հիմք հանդիսացել մերժման համար, Ալեքսանդր Աբաևին ուղարկված պատասխանում նշված չէր: Արդյունքում Վրաստանում նա ստացել է միայն շտապ բժշկական օգնություն «Գուդուշաուրի» կլինիկայում և տուբերկույլոզի վարակիչ տեսակի դեմ բուժում (այն տրամադրվում է նաև արտասահմանցիներին):
Երբ Աբաևին դուրս գրեցին Տուբերկուլյոզի և թոքերի հիվանդությունների ազգային կենտրոնից, դրա ղեկավար Զազա Ավալիանին «Լիբերալ» թերթին տված հարցազրույցում ընդգծեց, որ հիվանդի մոտ լիկվիդացվել է հիվանդության սուր վարակիչ ձևը: Աբաևի մորաքույր Մարինա Բիպիևան, ով Թբիլիսիում է ապրում, այդ ժամանակ նույն թերթին հայտնել էր, որ Աբաևի վիճակը նախկինի պես ծանր է, իսկ կլինիկաները հրաժարվում են ընդունել նրան:
Նրան տեղափոխեցին «Ռեդիշի» բազմապրոֆիլ կլինիկա, որտեղ նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Ալեքսանդր Աբաևը փորձեց կրկին դիմել չեզոք վկայական ստանալու համար, սակայն ֆիզիկական վիճակի պատճառով ևս մեկ անգամ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հավաքել չհաջողվեց:
Ցխինվալի արձագանքը
Հարավային Օսիայում Ալեքսանդր Աբաևի մահը հիմնականում առաջացրեց նրա բարեկամների վրդովմունքը:
Տեսանյութ՝ no comment
Զառա Բեպիևա՝ Ալեքսանդր Աբաևի մայրը.
— Որդուս մահն այն բանի հետևանք է, որ նրան Ցխինվալի ՔԿՀ-ում հարկ եղած ձևով չեն բուժել, որտեղ նա իր պատիժն էր կրում, ավելին՝ մի հանցագործության համար, որը նա չէր կատարել:
Տեսանյութ՝ Սերգեյ Աբաև
Իրինա Յանկովսկայա, «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար.
— Մեզ համար առաջնահերթ էր պարզել, թե արդյոք դատապարտված Աբաևն ապահովված է ՁԻԱՀ, հեպատիտ-C և տուբերկուլյոզ հիվանդությունների անհրաժեշտ բուժմամբ: Մեր միջամտությունն օգնեց բացառել դեղորայքն ուշացնելը, սակայն պարզ էր, որ նման լուրջ հիվանդությունների պարագայում դեղորայքային բուժումը բավարար չէ:
Լուրջ բուժում կարելի էր ստանալ միայն հանրապետությունից դուրս, ինչը հնարավոր չէր, քանի որ ՌԴ հետ պայմանավորվածություն չկա դատապարտյալին արտասահման տեղափոխելու վերաբերյալ: Ցավոք, դատարանը մերժեց Աբաևին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցում՝ իմանալով նրա առողջական վիճակի մասին:
Որոշ ժամանակ անց համաներում հայտարարվեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ, որը տարածվեց նաև Աբաևի վրա:
Սակայն հիվանդ Աբաևին ոչ ոք չէր շտապում ազատ արձակել, և նա ստիպված էր դիմել Հարավային Օսիայի գլխավոր դատախազություն:
Հարավային Օսիայի իշխանությունները հեշտությամբ չեն համաձայնում Վրաստանում բուժում ստանալու քաղաքացիների մտադրությանը, եթե դա արտակարգ դեպք չէ: Դուրս եկողները ձգտում են չբարձրաձայնել իրենց ուղևորության մասին: Նրանք, ում ընտանիքում հիվանդներ կան, հիմնականում ըմբռնումով են վերաբերվում բուժման համար դուրս մեկնողներին: Իսկ նրանք, ովքեր բժշկական խնդիրներ չեն ունենում, կարող են նաև քննադատել:
Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության աշխատակիցն, ով ցանկացել է անանունություն պահպանել.
— Լինում են արտակարգ իրավիճակներ, և եթե մեր հիվանդանոցը եզրակացություն է տալիս, որ ի վիճակի չէ մարդու կյանքը փրկել, դրանից հետո հիվանդի բարեկամների խնդրանքով նախարարությունն օպերատիվ կերպով կապվում է ԱԳՆ հետ, և հիվանդին տեղափոխում են Վրաստան Կարմիր Խաչի տեխնիկական օգնությամբ:
Նման հիվանդներին մենք ուղարկում ենք Վրաստան բարեկամների խնդրանքով, սակայն ոչ վրացական ծրագրերի շրջանակում: Մենք բժիկներ ենք, այլ ոչ թե քաղաքական գործիչներ, իսկ Հիպոկրատի երդումը դեռ ոչ ոք չի չեղարկել: Մեր հիվանդներն ուղարկվում են Վրաստան շտապ պրոֆեսիոնալ բուժօգնության համար, քանի որ Վլադիկավկազ ծանր հիվանդին տեղափոխելը երկար է տևում, ճանապարհը միշտ չէ, որ հուսալի է, վտանգ կա նրան պարզապես տեղ չհասցնելու:
Մեզ լուրեր են հասնում, որ կան հիվանդներ, ովքեր ինքնուրույն մեկնում են Վրաստան բուժվելու, սակայն դրանք միայն ասեկոսեներ են:
Ցխինվալի քաղաքային պոլիկլինիկայում ՄԻԱՎ վերաբերյալ դիմումներ գրանցված չեն: Որպես կանոն, նման խնդիրները պարզվում են Հարավային Օսիայի սահմաններից դուրս՝ Վլադիկավկազում տեղակայված ՄԻԱՎ կենտրոնում: Հեպատիտ C ախտորոշմամաբ 200 մարդ է գրանցված:
Տեսանյութ՝ Սերգեյ Աբաև
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Առաջին անգամ հրապարակվել է 17.07.2016