«Թշնամանքի էջը երկուստեք փակել ենք»․ ՀՀ ԱԺ նախագահի արձագանքը Ֆիդանին
Ալեն Սիմոնյանի արձագանքը Հաքան Ֆիդանին
«Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին և տարածաշրջանային մեր բոլոր այն գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի հանրության մեծամասնության՝ խաղաղության գնալու և առևտուր անելու, ինչպես նաև TRIPP-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին»,– լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը խոսել էր տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության քաղաքական կամքի, ինչպես նաև ՀՀ-ում սպասվող կարևոր իրադարձությունների մասին։
«Հունիսի սկզբին ՀՀ-ում սպասվում են ընտրություններ, կարևոր փուլ է լինելու։ Ներկայում տեսնում ենք, որ հարցումներում պարոն Փաշինյանն է առաջատարը։ Եվ մենք այս հարցում [տարածաշրջանային գործընթացների] նրա կատարած կառուցողական դերին իսկապես աջակցում ենք։ Անրաժեշտ է, որ այդ [քաղաքական] գիծն ու կամքը շարունակվեն»,- հայտարարել էր Ֆիդանը։
Հայաստանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ Ֆիդանն արտահայտել է իր կարծիքը, և չի կարելի դա ներկայացնել որպես «արտաքին միջամտության փորձ», ինչպես փորձում են անել մի շարք տեղական լրատվամիջոցներ և փորձագետներ։ Վերջիններս Ֆիդանի հայտարարությունից հետո զուգահեռներ են անցկացնում ռուս պրոպագանդիստ Սոլովյովի հայտարարությունների հետ։
ԱԺ խոսնակը դրական է գնահատել Ֆիդանի հայտարարությունը։ Հերթական անգամ հայտարարել է, որ «խաղաղությունը տարածաշրջանում այլևս իրողություն է»։
«Թշնամանքի էջը կարողացել ենք երկուստեք փակել՝ թե՛ մենք՝ հայերս, թե՛ թուրքերը: Եվ մենք պետք է ամրապնդենք այս խաղաղությունը»,- արձանագրել է նա։
Ճեպազրույցում Սիմոնյանն անդրադարձել է մի շարք այլ թեմաների, այդ թվում՝ «Թրամփի ուղի» նախագծին, «Արևմտյան Ադրբեջան» թեզին։
Կարևոր դրվագները՝ ստորև
- Հնարավո՞ր է հայ-թուրքական կարգավորում առանց Բաքվի․ Երևան-Անկարա հեռակա բանավեճ
- «Հայաստան-Թուրքիա կարգավորման պահը մոտենում է»․ Փաշինյան
- Արարատ լեռան պատկերը կհանվի ՀՀ-ի սահմանահատման կնիքի վրայից․ Թուրքիայի պահա՞նջն է
«Գալիք ընտրություններում մեծամասնություն ենք կազմելու»
ԱԺ նախագահը հաստատել է՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ավարտել է նախընտրական ցուցակի ձևավորման գործընթացը։ Նրա փոխանցմամբ՝ ծանր ու դժվար աշխատանք է եղել, ամեն նիստ ձգվել է 6-8 ժամ։
«99 տոկոս որոշումները կայացվել են կոնսենսուսով»,- հայտարարել է նա։
Սիմոնյանի փոխանցմամբ՝ ցուցակում կլինեն ինչպես արդեն ծանոթ գործիչներ, այնպես էլ նոր դեմքեր։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկվելու համար դիմել է գրեթե 400 մարդ։ Դա ցուցիչ է, որ մարդիկ շատ լավ գիտակցում են՝ ՀՀ գալիք ընտրություններում ՔՊ-ն մեծամասնություն է կազմելու։ Եվ դրա համար որևէ մեկին պարգևավճար տալու և դրանով խրախուսելու կարիք չկա»,- նշել է նա՝ արձագանքելով պնդումներին, թե ընտրությունների նախաշեմին պատգամավորների և կառավարության անդամների պարգևատրումները «նախընտրական քայլեր» են։
«Առնվազն 49 տարով ԱՄՆ-ն անվտանգություն է բերելու ՀՀ-ին». TRIPP-ի մասին
Խոսելով «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի մասին՝ Սիմոնյանը շեշտել է՝ պայմանագիրը կնքվել է առնվազն 49 տարով, ինչը նշանակում է, որ «առնվազն 49 տարով ԱՄՆ-ն ինչ-որ չափով՝ բավականին մեծ, նաև անվտանգություն է բերելու ՀՀ սահմաններին և տարածքին»։
TRIPP-ը (Trump Route for International Peace and Prosperity) այն ճանապարհն է, որը Հայաստանի տարածքով կապելու է Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանի հետ։
Տարիներ շարունակ Երևանն ու Բաքուն չէին կարողանում համաձայնության գալ այս հարցի շուրջ: Ադրբեջանը պահանջում էր իրեն «Զանգեզուրի միջանցք» տրամադրել: ՀՀ իշխանությունները պատասխանում էին, որ պատրաստ են բացել բոլոր ճանապարհները, բայց համաձայն չեն «միջանցք» եզրույթի հետ, որը նշանակում է այս տարածքի նկատմամբ վերահսկողության, ինքնիշխանության կորուստ։
Եվ միայն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կողմերը համաձայնության եկան, որ ճանապարհը կմնա Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո, իսկ ԱՄՆ-ն կմասնակցի ապաշրջափակման գործընթացին՝ որպես բիզնես գործընկեր։ Նախագիծն ստացավ «Թրամփի ուղի» անունը՝ ի պատիվ ԱՄՆ նախագահի։
«TRIPP-ը նաև անվտանգային համակարգ է ոչ միայն այն պատճառով, որ մենք [Ադրբեջանի հետ] առևտուր ենք անում և դա ամրապնդում է [խաղաղությունը]: ԱՄՆ-ն հետաքրքրություն ունի այստեղ: Դա նշանակում է, որ բացի մնացած գործընկերներից՝ եվրոպացի, ռուսաստանցի, որոնք իրենց տնտեսական շահերն ունեն, Նահանգները՝ նույնպես [շահ ունի]»,- մանրամասնել է նա։
Խորհրդարանի խոսնակը հիշեցրել է՝ երկար ժամանակ Երևանն այլ տրամաբանությամբ է առաջնորդվել․
«Մի կենտրոնի հետ ընկերություն ենք արել: Այդ մի կենտրոնը, երբ իրեն հարմար է եղել, ուրիշ տեղ գործ է ունեցել անելու, մեզ մանրադրամի տեղ բան ա արել [օգտագործել]»։
Այժմ, ըստ նրա, Հայաստանը վարում է այլ քաղաքականություն, հարաբերություններ է կառուցում իր անմիջական հարևանների հետ։ Բացի այդ, ՀՀ-ն դաշնակցային հարաբերություններ ունի տարբեր երկրների հետ, այդ թվում՝ Եվրամիության անդամ երկրների, Իրանի հետ։
«Չե՞ք տեսնում, որ բան է փոխվել». «Արևմտյան Ադրբեջան» թեզի մասին
Լրագրողները պնդել են՝ ՀՀ իշխանությունները խոսում են հաստատված խաղաղության մասին, մինչդեռ հարևան Ադրբեջանի նախագահն անձամբ է ֆինսանավորում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» թեզի տարածումը։
Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» թեզը սկսեց ակտիվորեն տարածել 2022 թ․-ի դեկտեմբերից։ Ադրբեջանում դրա տակ հասկանում են Հայաստանի գրեթե ամբողջ ինքնիշխան տարածքը։ Հայաստանի ղեկավարությունը, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»։ Նրա խոսքով՝ այսպես կարելի անվանել միայն Ադրբեջանի արևմտյան հատվածի բնակավայրերը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխան է, որ «անշնորհակալ գործ է մտածել, թե Ադրբեջանում որևէ քաղաքական նարատիվ կարող է գոյություն ունենալ առանց երկրի ղեկավարի իմացության»։ Ասել է՝ ֆինանսավորման մասին տեղեկությունների չի տիրապետում։
Ինչ վերաբերում է «Արևմտյան Ադրբեջան» թեզին, ըստ որի՝ ՀՀ ողջ ինքնիշխան տարածքը ներկայացվում է որպես «պատմական ադրբեջանական հող», Սիմոնյանը նշել է, որ նման հայտարարություններ տեսնում են, այդ ուղղությամբ աշխատում են ադրբեջանական կողմի հետ․
«Այդ հայտարարութունները փոխվում են: Իրենց նախագահի, խորհրդականի, ԱԳ նախարարի 3-4 տարի առաջվա հայտարարությունները համեմատեք այսօրվա հայտարարությունների հետ։ Չե՞ք տեսնում, որ բան է փոխվել, թե՞ ես ուրիշ երկրում եմ»։
Սիմոնյանն ակնարկել է, որ ժամանակին ինքն էլ է հարևան երկրի տարածքը ներկայացրել որպես հայրենիք՝ նկատի ունենալով Աղդամից արված իր լուսանկարը։
«Իմ արածները, մեր արածները՝ հեչ, իրենց արածները՝ մե՞ջ, ուզում եմ հասկանալ»,- հարցրել է պաշտոնյան։
ԱԺ նախագահի գնահատմամբ՝ հաստատված խաղաղությունն ունի խնդիրներ, բայց այն պետք է փայփայել և փորձել առաջ տանել։
«Իհարկե, Ադրբեջանի կողմից արված քայլեր կան, որոնք բացասական են, և մենք իրենց դրա մասին ասում ենք: Նրանք, իրենց հերթին, մեզ են ասում»,- նկատել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ալեն Սիմոնյանի արձագանքը Հաքան Ֆիդանին