Հայաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց վարչապետի համաժողովրդական թեկնածուին
Քիչ առաջ Հայաստանի Ազգային ժողովը դեմ քվեարկեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում: Համաժողովրդական շարժման առաջնորդը չստացավ պատգամավորների մեծամասնության ձայները՝ երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար:
Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին խորհրդարանական 4 ուժերից 3-ը, բայց դա բավարար չէր: Դեմ քվեարկեց իշխող մեծամասնությունը: Արդյունքում Փաշինյանը ստացավ 45 կողմ ձայն, 56 պատգամավոր դեմ քվեարկեց նրա թեկնածությանը:
Սահմանադրության համաձայն 7 օր անց Ազգային ժողովը գումարելու է ևս մեկ նիստ, որտեղ նորից քննարկվելու է վարչապետի թեկնածության հարցը: Խորհրդարանական մյուս խմբակցությունները հնարավորություն կունենան առաջադրել վարչապետի իրենց նախընտրած թեկնածուին: Ընտրության երկրորդ փուլի ժամանակ կրկին վարչապետ չընտրելու պարագայում Ազգային ժողովը կցրվի և կնշանակվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Դեռևս հայտնի չէ, արդյո՞ք 7 օր անց որևէ խմբակցություն կներկայացնի իր թեկնածուին, թե՞ Նիկոլ Փաշինյանը կրկին կլինի այս պաշտոնի միակ հավակնորդը:
Քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանը գնաց Հանրապետության հրապարակ, որտեղ նրան էին սպասում հազարավոր մարդիկ: Նրանք հենց այստեղից հետևում էին խորհրդարանական քննարկման ողջ ընթացքին, որն ի դեպ ժամեր տևեց: Ընդդիմադիր շարժման առաջնորդը կոչ արեց վաղվանից՝ մայիսի 2-ից շարունակել անհնազանդության գործողությունները:
Հիշեցնենք, որ դրանք սկսվեցին ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդվզումներով: Սարգսյանը մինչ այդ արդեն 10 տարի երկրի նախագահն էր: Հետագայում, Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո բողոքի ակցիաները վերաճեցին հզոր բազմահազարանոց շարժման ընդդեմ նրա ղեկավարած Հանրապետական կուսակցության իշխանության դեմ: Ապրիլից Հայսատանը ամբաղջությամբ անցել է խորհրդարանական կառավարման: Ազգային ժողովի մեծամասնությունը կազմում են Հանրապետական կուսակցության պատգամավորները:
Ինչո՞ւ դեմ քվեարկեց Հանրապետական մեծամասնությունը
Իշխող խմբակցության պատգամավորներն ասում էին, որ Նիկոլ Փաշինյանի տեսլականն արտաքին և ներքին հարցերում, ըստ էության, չի տարբերվում մինչ օրս իշխանությունների կողմից վարած քաղաքականությունից: ՀՀԿ-ական պատգամավորներն ընդգծում էին, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պարագայում երկրում կխորանա ճգնաժամը:
«Որ կոճակն էլ սեղմենք, «դեմ», թե «կողմ» կրելու ենք պատասխանատվություն: Սա վտանգավոր է: Աթոռի վտանգը չէ հարցը, մենք կորցրել ենք վստահությունը ուժային կենտրոնների կողմից»,- հայտարարել է պատգամավոր Կարեն Բեքարյանը:
ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը նշել են, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ դառնալ վարչապետ, որովհետև փորձառու չէ, նա աչքի է ընկել հրապարակներում, ԱԺ-ում, լրատվական դաշտում, բայց ոչ աշխարհաքաղաքական ոլորտում:
«Դուք ասացիք՝ «Մերժենք Սերժ Սարգսյանին»՝ գնաց, մերժեցիք Կարեն Կարապետյանին՝ գնաց, մենք չառաջադրեցինք մեր թեկնածուին: Բայց երկրին պետք է ընդդիմություն, այլակարծություն, ազատության արտահայտման հնարավորություն։ Ժողովրդավարությունը տոտալիտար դրսևորումներով չի հաստատվում: …Չեմ ուզում, որ Փաշինյանը, ով դարձավ հայկական Մանդելա, հանկարծ դառնա Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետը»,- շեշտեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:
—