Հայտնի ադրբեջանցի լրագրողը բժիշկներին մեղադրել է իր հոր մահվան համար
Ferqane Novruzova–ի գլխավոր էջի լուսանկարը
Ադրբեջանցի լրագրող Սեյմուր Քազիմովը ֆեյսբուքյան իր էջում պատմել է իրադարձությունների մասին, որոնք նախորդել են իր հոր մահվանը։ Քազիմովն ուղղակիորեն մեղադրել է Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար պատասխանատու պետական կառույցին անփութության և անպատասխանատվության համար։
Լրագրողը պատասխան է պահանջել այդ կառույցի ղեկավար Ռամին Բայրամլիից։ Դեռևս ոչ մի պաշտոնական պատասխան չկա։
Բաց նամակ
Հարգելի Ռամին Բայրամլի։ Ես՝ որպես լրագրող, կարող էի Ձեզ ուղարկել հարցերով լի չոր տեղեկատվական հարցում։ Սակայն որոշեցի նամակ ուղարկել միջին վիճակագրական ադրբեջանցու անունից։
Ադրբեջանում առողջապահության վիճակը լավ հայտնի է անգամ նրանց, ովքեր այս համակարգը գովաբանող նամակներ են գրում։ […] Այս համակարգի հերթական զոհը հայրս դարձավ։
10 օր շարունակ նա տառապում էր բարձր ջերմությունից, բայց այդպես էլ նորմալ բժշկական օգնություն չստացավ։
Արտակարգ բուժօգնության ծառայությունում պատասխանում էին․ «Ոչ, ոչ, ոչ, եթե դա ջերմություն է, մենք չենք գալու։ Զանգահարեք TƏBİB–ի թեժ գիծ»։
Մենք զանգահարեցին այնտեղ, բազմաթիվ անգամ։ Երկար չէին պատասխանում, իսկ երբ պատասխանեցին և լսեցին ջերմության մասին, հարցրին, թե արդյոք կորոնավիրուսի թեստ ենք արել։
Թեստ չէինք արել, և մեզ ասացին, որ իրենք կգան և կանեն։ Մի քանի օր անցավ, բայց ոչ ոք չեկավ։
Ջերմությունը շարունակում էր բարձրանալ, և մենք սկսեցինք զանգահարել հենց կենտրոն [կառույց, որը պատասխանատու է Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար]։
Այնտեղ խոստացան, որ կգան, բայց ոչ ոք չեկավ։ Մենք սկսեցինք հորս ինքնուրույն բուժել։ Հետո եկավ բժիշկը, բարձր ջերմությամբ մարդուն անալգին–դիմեդրոլի ներարկում արեց և հեռացավ։
Ջերմությունը շարունակում էր աճել, և մենք որոշեցինք ինքնուրույն ռենտգենի գնալ։ Նրա մոտ երկկողմանի թոքաբորբ էր։
Շարունակում էինք հարցեր պարզել։ Մեկը մյուսի հետևից ևս երկու բժիշկ եկավ, և կրկին միայն դիմեդրոլի ներարկումներ արեցին, այլևս ոչ մի բուժում։
Թեստն, ի վերջո, վերցրին նրա մահվանից չորս օր առաջ։
Այդ վերջին չորս օրում ջերմությունը 39-ից բարձր էր։ Հայրս շաքարախտ ուներ, և արյան մեջ շաքարի պարունակությունը մեծապես ավելացել էր։ «Շտապօգնությունը» նախկինի պես հրաժարվում էր գալ, ասում էր, որ թեստի արդյունքն է պետք, քանի որ իրենք վարակից պաշտպանող արտահագուստ չունեն։
Կրկին բժիշկ կանչեցինք։ Այս անգամ նա ընդհանրապես չեկավ, միայն հեռախոսով ասաց․
«Միևնույն է, մենք նրան ոչ մի հիվանդանոց չենք ընդունի, կարող ենք միայն գալ և դիմեդրոլի ներարկում անել»։
Եվ ահա նրա մահվան օրն էր՝ հունիսի 12–ը։ Առավոտյան ջերմությունն ու շաքարը միաժամանակ բարձրացան։ Բժիշկն, այնուամենայնիվ, եկավ սկանդալից հետո։ Սակայն, թեև նա հիվանդի վիճակն իր աչքով տեսավ, ամեն ինչ նույն կերպ ավարտվեց՝ դիմեդրոլ–անալգինի ներարկում, և բժիշկը հեռացավ։
Կեսօրին իրավիճակը սրվեց, մենք նրան բերեցինք Սեմաշկոյի անվան հիվանդանոց մասնավոր մեքենայով։ Այնտեղ ռենտգեն արեցին և վերակենդանացման բաժանմունք տեղափոխեցին։
Սակայն որոշ ժամանակ անց զանգահարեցին և առաջարկեցին հիվանդին տուն տանել, «որովհետև նա, միևնույն է, կենդանի չի մնա»։
Հայրս մահացավ, երբ մենք մեկնեցինք նրան տուն բերելու։
Նրա մահվանից երկու ժամ անց կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ստացանք։
Իմ հարցերն օպերատիվ շտաբին, որոնք այնտեղ այդ բրիֆինգներին չեն լսում, որովհետև բրիֆինգներին անկախ լրատվամիջոցներին թույլ չեն տալիս ներկա լինել։
1. Մի՞թե Ադրբեջանում կորոնավիրուսից բացի այլ հիվանդություններով հիվանդներ չկան։ Եվ մի՞թե թոքաբորբը բացառապես COVID-19–ի ախտանիշ է։
2. Օպերատիվ շտաբի բժիշկներն ասում են, որ հիվանդանոցներում տեղ չկա։ Արդյո՞ք հայրս մեղավոր է, որ հիվանդանոցները լիքն են։ Թե՞ նա է իր ստորագրությունը դրել օպերատիվ շտաբի անպատասխանատու որոշումների տակ։
3. Ինչո՞ւ հիվանդանոցներում տեղ չկա։ Ուրեմն ո՞վ է թույլ տվել բացել բոլոր հաստատությունները և մարդկանց թույլ տվել հանգիստ փողոց դուրս գալ։
4. Ովքե՞ր են այն բուժաշխատողները, որոնք օպերատիվ շտաբի մեջ են մտնում, ինչո՞ւ նրանց անունները չեն հրապարակվում։ Չէ՞ որ հիվանդանոցների ծանրաբեռնվածությունն անտրամաբանական որոշումների հետևանք է, որոնք կայացրել են այդ մարդիկ։
5. Ինչո՞ւ է թեստի արդյունքը գալիս երեք օրից։ Ինչո՞ւ երկիր չեն բերվում թեստեր, որոնց արդյունքը մեկ ժամից պարզ է։ Կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամի համար միլիոնավոր մանաթ փող է հավաքվել, ինչո՞ւ դրանք չեն ծասխվում։
6. Հիվանդանոցում մտերիմներին կորցրած մարդկանց հետ զրուցելիս հասկացա, որ նրանց մեծ մասը թոքաբորբ է ունեցել։ Թոքաբորբը կորոնավիրուսի հիմնական ախտանիշներից մեկն է։ Ինչո՞ւ են այսքան հաճախակի դարձել թոքաբորբի դեպքերը։ Քանի՞ մարդ է թոքաբորբից մահացել 2019 թվականի ամռանը։
Վստահությամբ կարող եմ ասել, որ հայրս անփույթ առողջապահության և ոչ ռացիոնալ որոշումների զոհ է դարձել, որոնք ընդունվել են անպատասխանատու անձինք համավարակի ընթացքում։
Եվ սա միայն հորս չի վերաբերում։ Սոցցանցերում տասնյակ, միջուցե հարյուրավոր նման պատմություններ կան։
Այդ պատճառով էլ պահանջում եմ, որ իմ հարցերին պատասխանի անձամբ Ռամին Բայրամլին, այլ ոչ թե ինչ–որ բժիշկներ և կենտրոնի աշխատակիցներ։ Ես պարզապես չեմ կարդալու ուրիշների գրած պատասխանները»։