Ադրբեջանցի փորձագետները հատել են ՀՀ ցամաքային սահմանը
Տավուշ-Ղազախ հատվածի սահմանազատումից և սահմանագծումից հետո առաջին անգամ ցամաքային ճանապարհով Հայաստան են եկել Ադրբեջանի քաղհասարակության 19 ներկայացուցիչներ։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ նրանք ոտքով են հատում սահմանը՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։
«Սա կարևոր գործնական քայլ է հանդիսանում երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ»,- ասված է «Հայկական խորհրդի» տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանցի փորձագետները ՀՀ են մուտք գործում ցամաքային ճանապարհով, տեսանյութը՝ «Արմենպրեսի»
Նշվում է, որ փետրվարի 13-14-ը տեղի է ունենալու ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության կլոր սեղան-քննարկումը։ Այս անգամ այն կազմակերպվել է ընդլայնված կազմով, այսինքն՝ յուրաքանչյուր կողմի 5-ական մասնակիցներից բացի ներգրավվել են նաև այլ փորձագետներ։
Հայկական կողմից մասնակցում է 20 ներկայացուցիչ, ադրբեջանական կողմից՝ 19։ Հայաստանի ներկայացուցիչներից մեկն էլ JAMnews-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն, խմբագիր Նաիրա Մարտիկյանն է։
Հայ փորձագետները դիմավորել են ադրբեջանցի գործընկերներին
Կլոր սեղան-քննարկման օրակարգը չի հրապարակվել։ Նշվում է միայն, որ քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։
«Առանձին նիստեր կկենտրոնանան ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա»,- ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների առաջին հանդիպումը կազմակերպվել էր 2025 թվականի հոկտեմբերին Երևանում։ Մեկ ամիս անց Բաքու էին մեկնել հայ փորձագետները։ Յուրաքանչյուր երկրից մասնակցում էր 5 ներկայացուցիչ։
Երկրորդ հանդիպումից հետո հայտարարվեց, որ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումներն ու փոխայցելությունները։ Նշվեց նաև, որ նախաձեռնությունը կկոչվի «Խաղաղության կամուրջ»։
Երկու երկրների քաղհասարակության ներկայացուցիչների օրակարգում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր հարցերն են՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից մինչև հաղորդակցությունների ապաշրջափակում։