Երևանում հանդիպում են ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները․ ի՞նչ սպասել
Ադրբեջանցի ՀԿ ներկայացուցիչները Երևանում․ մանրամասներ
Երևանում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան-քննարկում։ Թեև այն կազմակերպվել է հոկտեմբերի 21-22-ը, սակայն հանդիպման մասին միայն այսօր առավոտյան է հաղորդվել։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվելու՝
- օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ձևավորված խաղաղության օրակարգին,
- երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումներին,
- Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիներին,
- երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին։
«Շատ հնարավոր է՝ խոսակցություններ լինեն ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասին, խաղաղության պայմանագրի ստորագրման և Սահմանադրության փոփոխության կապի մասին, ինչպես նաև այն բոլոր ուղղությունների մասին, որոնց վերաբերյալ պաշտոնական մակարդակում տեղի են ունենում քննարկումներ»,- JAMnews-ի հետ զրույցում մանրամասնել է ԱՔՀԿ փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Շեշտել է՝ փորձագիտական հանդիպումները ոչ թե երրորդ երկրում, այլ ՀՀ-ում կամ Ադրբեջանում կազմակերպելու առաջին փորձն է։ Չի բացառել հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնելու հնարավորությունը, «եթե նման համաձայնություն ձեռք բերվի»։
- ԱՄՆ Կոնգրեսի PEACE Act օրինագիծը. «Պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝ ՀՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում»
- «Բաքվում ընտրովի արդարադատություն է իրականացվում»․ հայ գերիների գործի մասին
- Հայաստանի ԱԱԾ պատվիրակության առաջին այցը Բաքու. ի՞նչ են ակնկալում Երևանում
Նախկինում եղել են հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումներ կազմակերպելու փորձեր։ 2022 թ․-ին հարաբերությունների կարգավորմանը նվիրված հանդիպումներ են կազմակերպվել Մոսկվայում՝ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի նախաձեռնությամբ։
2022 թ․-ին և 2023 թ․-ին փորձագիտական խմբերի հանդիպումներ են անցկացվել Վրաստանում և Նիդերլանդներում։ Դրանք կազմակերպվել են Եվրամիությունից աջակցություն ստացող LINKS Europe կազմակերպության նախաձեռնությամբ։ Հաղորդվում էր, որ հայ-ադրբեջանական խմբի անդամներն են Ստեփան Գրիգորյանը, Տարոն Հովհաննիսյանը, Գևորգ Մելիքյանը, Ջոնի Մելիքյանը, Բենիամին Պողոսյանը, Ահմադ Ալիլին, Մեհման Ալիևը, Շահլա Իսմայիլը, Սամիր Մամեդովը, Ռամազան Սամադովը և Անար Վալիևը։
JAMnews-ին հայտնի են դարձել քննարկման վերաբերյալ մանրամասներ
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը չի մատնանշել՝ կոնկրետ որ ոլորտում գործունեություն ծավալող ՀԿ ներկայացուցիչներ են եկել Հայաստան։ Միայն ասել է, որ եկել են «մարդիկ, որոնք կարող են բանակցել տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ»։ Օրինակ է բերել Հայաստան բեռների տարանցման համար Ադրբեջանի կողմից սահմանափակումների վերացումն ու նշել՝ նախկինում այդ թեմայով էլ եղել են փորձագիտական քննարկումներ։
«Երեկ տեղի ունեցավ աննախադեպ մի բան, հայտարարվեց, որ Հայաստան է գալիս ցորեն Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանցի փորձագետներից մեկի հետ ամիսներ առաջ կազմակերպված բանավեճի ընթացքում ես առաջարկել էի, որ Ադրբեջանը կարող է տարանցիկ փոխադրման համար հնարավորություն տալ ՀՀ-ին, և դա կլինի համագործակցության լավագույն օրինակներից մեկը։ Փաստացի, ամիսներ անց դա իրականություն է դառնում»,- մանրամասնել է Ղևոնդյանը։
Քաղաքագետն ասում է՝ Երևանում ընթացող կլոր սեղան-քննարկումը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի տարբեր ուղղությունների։
JAMnews-ը Ղևոնդյանից հետաքրքրվել է՝ ո՞ր ուղղություններով է հնարավոր համարում առարկայական արդյունքի հասնելը, ինչպես եղավ տարանցման պարագայում։
«Բոլոր այն ուղղությունները, որոնք վերաբերում են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ ենթակառուցվածքների ապաշրջափակում, սահմանագծում և սահմանազատում, տնտեսական համագործակցություն և այլն»,- արձագանքել է փորձագետը։
Քաղաքագետի փոխանցմամբ՝ եթե հանդիպումն արդյունավետ լինի, կարելի է մտածել նաև մշտական խմբի ձևավորման մասին։
Ռոբերտ Ղևոնդյանը համաձայնել է մեր այն դիտարկմանը, որ Ադրբեջանի և Հայաստանի ՀԿ սեկտորները տարբեր են, սակայն չի կիսել կարծիքը, որ խաղաղության օգտին հանդես եկող ադրբեջանցի բոլոր փորձագետները բանտարկված են։
«Ադրբեջանում կան մարդիկ, որոնք սերտորեն աշխատում են իշխանությունների հետ, բայց միաժամանակ խոսում են խաղաղությունից և Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելուց։
Կա ենթադրություն, որ այդ մարդիկ որոշակի հնարավորություն ունեն կամ իշխանությունների կողմից իրենց թույլատրված է խոսել դրա մասին, բայց սա չէ էականը։ Էականն այն է, որ այդ մարդիկ կան, խոսում են։ Եվ այդ մարդկանց հետ կարելի է քննարկել հարցեր, որոնք հնարավորություն կտան, որպեսզի հետագայում հայ-ադրբեջանական գործընթացներն առաջ տանելու հետ կապված խորհրդատվություն տրամադրենք մենք՝ մեր, իրենք էլ՝ իրենց իշխանություններին»,- շեշտել է Ղևոնդյանը։
Հայաստան-Ադրբեջան վերջին զարգացումների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար և հավելել՝ առաջին տարանցումը եղել է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան
«Կարծում եմ, որ սա նաև լավ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլև գործնական արտահայտում ունի»,- Ղազախստանի նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալիևը։
Պաշտոնական Երևանը ողջունել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը։
«Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան՝ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ»,- այսօր Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովի ժամանակ նկատել է Նիկոլ Փաշինյանը:
Թեմային անդրադարձել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու նշել, որ «այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում»։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը ՀՀ է հասնելու «Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ադրբեջանցի ՀԿ ներկայացուցիչները Երևանում․ մանրամասներ