Ադրբեջանցի ինը լրագրողների՝ երկիրը լքելու արգելքը հանվել է
Ադրբեջանցի ինը լրագրողի՝ երկիրը լքելու արգելքը հանվել է, որը սահմանվել էր 2015թ-ին MeydanTV կայքի հետ նրանց համագործակցության պատճառով։ Լրագրողները չորս տարի պայքարում էին դրա համար, իսկ մի քանի օր առաջ բողոքի ցույց էին անցկացրել։
Ե՞րբ և ինչո՞ւ էր լրագրողների համար արգելք սահմանվել
MeydanTV-ն ադրբեջանական անկախ լրատվամիջոց է, որի շտաբ-բնակարանը Բեռլինում է։ Կայքը հատնի է ադրբեջանական իշխանությունների հասցեին իր կոշտ քննադատությամբ։
• Խոսքի ազատությունն Ադրբեջանում․ ո՞րն է «կարմիր գիծը» լրագրողների համար
• Քաղբանտարկյալների ներումն Ադրբեջանում․ ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ է փոխում
• Ադրբեջանցի քաղբանտարկյալները պատմում են բանտային կյանքի մասին
2015թ-ին MeydanTV-ն մեղադրվեց արտասահմանյան լրատվամիջոցների հավատարմագրման կանոնների խախտման մեջ, նրա դեմ քրեական գործ հարուցվեց։ Այդ գործով որպես վկա էր ներգրավված մի քանի մարդ, որոնք տարբեր ժամանակ համագործակցել էին MeydanTV-ի հետ։ Այդ օրվանից նրանք այսպես կոչված «ստոպ-ցանկում» են, և նրանց արգելվում է լքել երկիրը։
2016թ-ից MeydanTV կայքն Ադրբեջանի տարածքում արգելափակված է։
«Ստոպ-ցուցակում» հայտնված լրագրողները չորս տարի պայքարում էին արգելքի չեղարկման համար։ Այսպես, օրինակ, նրանք դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և 2018թ-ին դատարանը ճանաչել էր նրանց իրավունքների խախտումն ու Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել փոխհատուցում վճարել նրանց։ Իսկ 2019 թ-ի մայիսի 3-ին ութ լրագրող բողոքի ակցիա անցկացրեց Բաքվի ծանր հանցագործությոնների քննչական վարչության շենքի դիմաց։
• Լրագրողների ակցիայի մասին՝ մանրամասն
Ինչպե՞ս հանվեց արգելքը
Մայիսի վեցին ակցիայի ութ մասնակցից չորսին քննչական վարչություն էին հրավիրել և ասել, որ նրանց հանդեպ կիրառված արգելքը կչեղարկվի։ Նրանց թվում էր երեք լրագրող և պոետ Ռասիմ Գարաջան, որը MeydanTV-ի համար գրականության մասին մի քանի հոդված էր գրել։
«Վարչությունում մեզ ասացին նաև, որ եթե մենք այսուհետ ցանկանանք համագործակցել MeydanTV-ի հետ, պետք է արտգործնախարարությունում հավատարմագրում անցնենք», — JAMnews-ին պատմել է լրագրողներից մեկն՝ Իզոլդա Աղաևան։
Հաջորդ շաբաթվա ընթացքում հանվել է նաև ակցիայի մյուս մասնակիցների ելքի արգելքն, ինչպես նաև երկու լրագրողներինը, որոնք ակցիային չէին մասնակցել։
Եվս մեկ լրագրող հասցրել էր առողջական վիճակի պատճառով ելքի թույլտվություն ստանալ ավելի վաղ, քան նրա գործընկերները։
Արդյունքում՝ տվյալ պահին MeydanTV-ի գործով որպես վկա էին ներգրավված լրագրողների մեծ մասի ելքի արգելքը հանվել է։
Ընդ որում, կայքը վերջերս հայտարարել է իր սերվերի և աշխատակիցների էլեկտրոնային փոստերի վրա բազմաթիվ հաքերային հարձակումների մասին։