Արդյո՞ք ադրբեջանցիները կցանկանան վերադառնալ իրենց ղարաբաղյան տներ 30 տարի անց։ Երեք կարծիք
Ադրբեջանցիների վերադարձը Ղարաբաղ․ ինչպե՞ս է դա լինելու։ Աղդամից բռնի տեղահանվածի և երկու բաքվեցիների մեկնաբանությունները:
Էմին Ալիև, վարորդ, Աղդամից բռնի տեղահանված․
«Ես ծնվել եմ Աղդամում 1972 թ-ին, այնտեղ է անցել մանկությունս, դպրոցական տարիներս, հայրական տունս է այնտեղ մնացել և երկրորդը, որը հայրս հատուկ ինձ համար էր կառուցում, բայց այդպես էլ չավարտեց, և ինձ վիճակված չէր այնտեղ ապրել։ 1993 թ-ին մենք լքեցինք Աղդամը, որոշ ժամանակ ապրում էինք Գաբալայում, հետո տեղափոխվեցինք Բաքու։ Այժմ ամուսնացած եմ, երկու որդի ունեմ, որպես վարորդ եմ աշխատում խոշոր ընկերությունում։ Հայրս արդեն մահացել է, իսկ մայրս ու երեք եղբայրներս նույնպես Բաքվում են ապրում։ Երբ սկսվեց երկրորդ պատերազմը, ես, եղբայրներս ու մյուս ազգականները ձգտեցինք անել, ինչ կարող էինք․ զինվորների համար օգնություն էինք հավաքում, իսկ զարմիկս ճակատ էր տանում։ Աղդամի ազատագրման օրը նա էլ էր այնտեղ և կարողացել էր տեսնել մեր հարազատ վայրերը։
Իհարկե, դա մեզ համար շատ ուրախալի և հուզիչ լուր էր։ Գրեթե երեսուն տարի ապրում էինք՝ այդ պահին սպասելով։ Եվ ահա դա տեղի ունեցավ՝ շնորհիվ մեր բանակի, շնորհակալություն նրան։ Եվ երբ ինձ զանգահարեցին պետական մարմիններից և հարցրին, թե արդյոք ուզում եմ վերադառնալ, պատասխանեցի, որ ուզում եմ։ Հարցրին նաև, թե ինչով կցանկանայի այնտեղ զբաղվել։ Բայց դրա վերաբերյալ դեռ մտքեր չունեմ։ Ինչ աշխատանք տան, դա էլ կանեմ։
Այսպիսի պահ էլ կա․ երբ մենք հեռանում էինք, դա մեկ ընտանիք էր։ Իսկ հիմա, երբ եղբայրներիցս մեկն ու ես ամուսնացել ենք և երեխաներ ունեցել, արդեն երեք ընտանիք է դառնում։ Նշանակում է, որ, ըստ էության, պետությունը պետք է մեզ համար արդեն երեք տուն կառուցի մեկի փոխարեն։
Ընդհանրապես, պետության առջև այժմ բարդ խնդիր է կանգնած։ Այնպես եմ հասկանում, որ այժմ նրանք պարզում են, թե փախստականներից ովքեր են իրականում այնտեղ ապրելու և աշխատելու։ Օրինակ՝ մենք եղբայրներիս հետ այդպես էլ պլանավորում ենք։
Իսկ տղաներիս առումով վստահ չեմ։ Նրանք Բաքվում են ծնվել, այստեղ մեծացել, նրանց կյանքն այստեղ է։ Չեմ կարծում, որ նրանք ցանկանան տեղափոխվել։ Չեմ պնդի, իհարկե, թող իրենք որոշեն։ Իհարկե, նրանք ուզում են տեսնել իրենց պապերի հողը, չէ՞ որ նրանք Աղդամում երբեք չեն եղել։ Այնպես որ, սկզբի համար նրանց պետք է գոնե տանել այնտեղ»։
Սաբինա Աբասովա, ճարտարապետ․
«Հարազատներիս և ծանոթներիս շրջանում փախստականներ կան Ֆիզուլիից, և նրանց մեծ մասն ուզում է վերադառնալ։ Ոմանք նույնիսկ չեն սպասել իրենց հողերի ազատագրմանն ու մի քանի տարի առաջ տեղափոխվել և տնտեսություններ են հիմնել հարակից գյուղերում։ Թեև, իհարկե, մարդիկ տարբեր են, յուրաքանչյուրն իր դրդապատճառներն ու իրավիճակն ունի։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, վերադառնալ ցանկացողներն ավելի շատ են։
Այլ հարց է, թե որքանով է դա իրատեսական։ Անհրաժեշտ է սոցիալական բնակարան, վարկավորման ավելի շահավետ համակարգ և հիմնարար տնտեսական պլան, որպեսզի մարդիկ տեղափոխվելու համար իրական ցանկություն ունենան։ Որպեսզի նրանք ոչ միայն գոյատևեն այդ բազմաչարչար հողերում, այլ հանգիստ ապրեն։
Երկրի մյուս շրջանների օրինակով երևում է, որ տան/բնակարանի և հողակտորի առկայությունը ոչ ոքի չի կանգնեցնում, և շատ ընտանիքներ կամ երիտասարդությունը շրջաններից տեղափոխվում է խոշոր քաղաքներ՝ սովորելու և աշխատելու։ Հետևաբար, Ղարաբաղում միայն բնակարանը, դպրոցն ու տեղական ինքնակառավարման մարմինը քիչ է, եթե չենք ուզում արդյունքում ունենալ ուրվական-քաղաքներ։ Կարծում եմ, որ, նախևառաջ, պետք է սոցիալ-տնտեսական և պատերազմից հետո բնակչության վերաբնակեցման նմանատիպ օրինակների հետազոտություն իրականացվի։
Տեսնում եմ, թե ինչպես են պետական կառույցները հետաքրքիր առաջարկներ փնտրում և տարբեր նախագծեր մշակում։ Իմ ու գործընկերներիս մոտ գաղափար է առաջացել, որը քիչ-քիչ սկսում ենք մշակել։ Դա մեծ նախագիծ է, որը հիմնված է անհատական մոտեցման սկզբունքների վրա, միաժամանակ այն համապատասխանում է շինարարության ներկայիս տեմպի պահանջներին։
Սակայն ցանկացած քաղաքաշինական ռազմավարություն ներկայիս իրավիճակում, երբ անհրաժեշտ է ամեն ինչ զրոյից ստեղծել, կապված է լինելու բազմաթիվ սխալների և թերությունների հետ։ Այդ պատճառով էլ այդ հատվածին ես կցանկանայի միանալ, երբ քաղաքների օրգանիզմն արդեն սկսի աշխատել, և հարկ լինի հստակ խնդիրներ լուծել»։
Արազ Նարիմանով, ֆիզիկոս․
«Չեմ կարծում, որ Ադրբեջանի ներկայիս կառավարությունը ձգտում է փախստականներին վերադարձնել իրենց տներ։ Այս իշխանությունն անգամ Բաքվում է մարդկանցից բնակարան խլում՝ քանդելով թաղամասեր և դրա դիմաց չնչին փոխհատուցում վճարելով։ Անգամ Բաքվում այն մինչ օրս նորմալ ենթակառուցվածք չի ստեղծել։ Այնպես որ, միամիտ կլինի կարծել, թե այն իրեն այլ կերպ կպահի Ղարաբաղում։
Եվ անգամ եթե երկրի ղեկավարութունը ցանկություն ունենա, միևնույն է, գործնականում անհնար է ադեկվատ վերականգնում և վերաբնակեցում կազմակերպել՝ հաշվի առնելով, որ ողջ չինովնիկական ապարատը խորապես խրվել է կաշառակերության և խնամի-բարեկամ հարաբերությունների մեջ։
Բայց հավատում եմ (կամ ուզում եմ հավատալ), որ լավագույն դեպքում, եթե ազգայնականությունն արմատախիլ արվի երկու երկրներում, և լուծվեն տնտեսական խնդիրներն ու քաղաքական հակասություններն, ապա, չնայած թշնամանքի 30-ամյա քարոզչությանը, հայերն ու ադրբեջանցիները հինգ տարում կսովորեն միասին ապրել։ Ինչպես ապրել են տասնամյակներ շարունակ»։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։