Ադրբեջանի՝ Դաղստանում մնացած քաղաքացիները հացադուլ են անում և պահանջում իրենց հայրենիք վերադարձնել
Ադրբեջանի ավելի քան 800 քաղաքացի շարունակում է սպասել Դաղստանի ռուս–ադրբեջանական փակ սահմանին, թե երբ են թույլ տալու հայրենիք վերադառնալ։ Նրանք բողոքում են վատ պայմաններից, հակասանիտարական վիճակից և այլ խնդիրներից, մի քանի տասնյակ մարդ արդեն հացադուլ է հայտարարել հաղորդում «Կավկազսկի ուզելը»։
Ադրբեջանը պարբերաբար ներս է թողնում մոտ 100 մարդ, սակայն խնդիրը դրանով չի լուծվում։
13 մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նրանց տեղավորել են հիվանդանոցում և սպասում են կրկնակի անալիզների արդյունքներին։
- Ի՞նչ տեսք ուներ Բաքուն «կարանտինային հանգստյան օրերին»
- Երեք կանանց պատմություններ Հայաստանից, որոնք փրկում են իրենց բիզնեսը կորոնավիրուսից
- Վրացական զբոսաշրջություն կորոնավիրուսից հետո՝ դիմակներ, պատնեշներ, բարձր գներ
Փակ սահման, վրաններ և սպասում
Ադրբեջանի քաղաքացիները Ռուսաստանի տարբեր անկյուններից սկսել են հավաքվել Դաղստանի Դերբենտի շրջանում գտնվող սահմանի մոտ կորոնավիրուսի տարածման մեկնարկից ի վեր։ Այն մասին, որ սահմանը փակ է, շատերն իմացել են արդեն տեղում։
Այդ անձանց մասին մասամբ հոգ են տանում տեղի իշխանություններն ու բնակիչները։ Սակայն այս պահին Դաղստանում նույնպես բարդ կորոնավիրուսային իրավիճակ է, վարակման բարձր մակարդակ, և դաղստանցի պաշտոնյաներն Ադրբեջանին խնդրում են արագացնել իր քաղաքացիների տարհանման գործընթացը։
Սակայն Ադրբեջանում համաճարակային իրավիճակն ավելի լավ չէ․ օրական մոտ 300 նոր դեպք է հայտնաբերվում (ավելին, քան, օրինակ, մայիսի սկզբին էր), կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև հունիսի 15–ը, և վստահություն չկա, որ այն ևս մեկ անգամ չի երկարաձգվի։ Հետևաբար, սահմանները դեռևս փակ են անորոշ ժամանակով։
Դաղստանում մնացած ադրբեջանցիները հիմնականում վրաններում են ապրում։ Ոմանք սահմանին են արդեն մեկ ամսից ավելի, սակայն չեն կարողանում հայտնվել այն անձանց ցանկում, ում հայրենիք են տեղափոխում։ Հացադուլ հայտարարելով՝ նրանք ուզում են իրենց վրա հրավիրել ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը։
Նրանցից մեկը՝ Սադիհ Ռզաևն, ասում է, որ սահմանին սպասում է մայիսի 14–ից։
«Ես Գրոզնիում [Չեչնիա] շինարարությունում էի աշխատում։ Երբ աշխատանքը կանգ առավ, որոշեցինք Ադրբեջան վերադառնալ։ Ես նույնպես մասնակցում էի հացադուլին։ Սակայն երեկ դադարել եմ ճնշմանս կտրուկ անկման պատճառով։ Հույս ունեմ, որ մի քիչ ուշքի կգամ և կվերադառնամ ակցիայի մասնակիցների շարքերը», – պատմում է նա։
Ադրբեջանն ա՞յլ խնդիրներ ունի
«Վերջին երեք ամսում ադրբեջանական կողմն ընդամենը երեք անգամ է ընդունել իր քաղաքացիներին։ Առաջին անգամ 120 հոգու, երկրորդ անգամ՝ 131, վերջին անգամ՝ 122։ Սակայն ամեն անգամ, երբ սահմանը բացվում է, և այն հատում է ավելի քան հարյուր մարդ, մոտ երկու հարյուրը կրկին սահմանին է հայտնվում Ռուսաստանի մյուս հատվածներից։ Սակայն ադրբեջանական կողմը որոշակի սահմանաչափ է դնում։ Միանգամից բոլորին տարհանելն անհնար է», — ասում է Դերբենտի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ֆուադ Շիհիևը։
Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբից միայն հաղորդում են, որ քաղաքացիների վերադարձն արտասահմանից իրականացվում է աստիճանաբար՝ ենթակառուցվածքների պատրաստվածությանը համապատասխան։
Սահմանին մնացած անձինք և որոշ փորձագետներ Ադրբեջանում կարծում են, որ այս խնդիրն ադրբեջանական իշխանությունների, ինչպես նաև սոցցանցերի տեսադաշտից դուրս է մնացել։
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության տեսաբան Թոֆիգ Թյուրքելի խոսքով․
«Ապրիլին, երբ այս թեման նոր էր առաջացել, այն լուսաբանում էին ինչպես իշխանամետ լրատվամիջոցներն, այնպես էլ անկախ առցանց պարբերականները։ Այժմ իշխանամետ լրատվամիջոցներում թեման հայտնվում է այն ժամանակ, երբ սահմանը հատում է Ադրբեջանի քաղաքացիների հերթական խումբը։ Սահմանին գտնվող մարդկանց խնդիրների մասին հիմնականում գրում են անկախ պարբերականները։
Ինչ վերաբերում է սոցցանցերին, ապա ընդդիմադիր տրամադրված օգտատերերն ավելի շատ ուշադրություն են դարձնում ակտիվիստների հետապնդումներին, համավարակի պայմաններում իշխանությունների սոցիալական քաղաքականության քննադատությանն, ինչպես նաև հանգստյան օրերին կարանտինի խստացմանն ու այդ ժամանակահատվածում խախտողների նկատմամբ ոստիկանության կոշտ գործողություններին»։
Իրավիճակն Ադրբեջանում այս պահին իրոք լարված է։ Եվ ոչ այնքան վարակի, որքան այն միջոցների պատճառով, որոնք կառավարությունը ձեռնարկում է դրա դեմ պայքարում։
Կարանտինյին ռեժիմի խախտման մեղադրանքով արդեն բանտում են հայտնվել բազմաթիվ ակտիվիստներ և ընդդիմադիր գործիչներ, ժողովրդի շրջանում աճում է դժգոհությունը կարանտինի կանոններից և այդ ֆոնին ոստիկանության դաժան պահվածքից։