Ադրբեջանում քննարկում է ծավալվել պոետի հուշարձանի ապամոնտաժման շուրջ
Միքայիլ Մուշֆիգին նվիրված արձանի ապամոնտաժումն Ադրբեջանում վրդովմունքի ալիք է բարձրացրել: Այն ապամոնտաժվել է «Ազերվտոյոլ» ընկերության աշխատակիցների կողմից առանց մշակույթի նախարարության և Բաքվի գործադիր իշխանության զգուշացման «տարածքի բարեկարգման նպատակով»:
Հուշարձանը ներառված էր պետական մշանակության հուշարձանների ցանկում: Ներկա պահին մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը պատրաստվում է դատի տալ «Ազերավտոյոլին»: Այդ մասին հաղորդել է նախարարության մշակութային ժառանգության պահպանման բաժնի պետ Զաքիր Սուլթանովը «Գաֆգազինֆո»-ին տված հարցազրույցում:
Հուշարձանի ապամոնտաժումը հասարակությունում լայն արձագանք է ստացել:
Մոսկվայի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտոր Նարգիզ Փաշաևան (Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի քույրը) այդ դեպքը «վանդալիզմի և բարբարոսության ակտ» է անվանել: «Դա մեղք է և անարգանք, որը կատարվել է մեծ պոետի հիշատակի հանդեպ», — ասել է Փաշաևան haqqin.az կայքին:
Ադրբեջանի գրողների միության քարտուղար, հայտնի դետեկտիվային վեպերի հեղինակ Չինգիզ Աբդուլաևը հուշարձանի ապամոնտաժումը դառը հեգնանքով է մեկնաբանել. «Միանգամից պետք է ապամոնտաժել նաև Ադրբեջանի գրողների միության շենքի քարակոթողը, որի վրա գրված են ստալինյան ժամանակաշրջանում բռնաճնշումների ենթարկված ադրբեջանցի գրողների անունները: Բացի այդ, վատ չէր լինի Սաբիրի արձանն ապամոնտաժել, որն այնքան էլ լավ չէր արտահայտվում մուսուլմլանների մասին, ապամոնտաժել Նիզամիի արձանը, որն իր բոլոր ստեղծագործությունները ֆարսիով էր գրում, ոչնչացնել Նասիմիի արձանը, որին սպանել են Սիրիայում, չնայած որ նա կարող էր մահանալ հայրենիքում: Նույն այդ պատճառով ապամոնտաժել Ֆիզուլիի արձանը, որի գերեզմանը նույնպես օտար երկրում է, և ընդհանրապես նա երեք լեզվով էր գրում» — Աբդուլաևին է մեջբերում haqqin.az-ը:
Հուշարձանի ապամոնտաժման համար պատասխանատու «Ազերավտոյոլում» պնդում են, որ «կիսանդրին ապամոնտաժվել է ճանապարհային վերանորոգման աշխատանքների ժամանակ այն չվնասելու նպատակով»: Այժմ այն պահեստում է: Աշխատանքների ավարտից հետո այն կտեղադրվի նույն վայրում, այդտեղ նաև մեծ այգի կկառուցվի», — ասել է գերատեսչության մամուլի քարտուղար Անար Նաջաֆլին «Մինվալ» տեղեկատվական պորտալին:
Հուշարձանի ապամոնտաժումը լայնորեն քննարկվում էր նաև սոցցանցերում: Ահա օգտատերերի մի քանի տիպիկ գրառումներ.
«Հուսով եմ, որ Մուշֆիգի արձանն ավելի հասանելի տեղ կտեղափոխեն: Երկու բանուկ փողոցների արանքում գտնվող այդ փոքրիկ պուրակում հայտնվել հնարավոր էր՝ կամ դրա ետևի շենքում բնակարան գնելով, կամ դեպի վերև/ներքև տարանցման ժամանակ, կամ սխալմունքի արդյունքում: Իսկ ծառերն ափսոս են»:
«Այստեղ ոչ միայն վաղեմի ժամանակներից ընդունված է հուշարձաններ ապամոնտաժել, և կապ չունի, թե ում արձանն է: Ադրբեջանում միշտ «ապամոնտաժել են» հենց հիշողությունը, ջնջել պատմությունը»:
«Ուզում են Բաքուն վերածել առանց մշակույթի քաղաքի: Այնտեղ ապամոնտաժել են Խաթայիի արձանը, այժմ հերթը Մուշֆիգինն է: Կենտրոնական փողոցներն անհայտ մարդկանց անուններով են կոչում: Քաղաքը վերածվում է կոլտնտեսային շուկայի»:
- Միքայիլ Մուշֆիգ (Միքայիլ Աբդուլքադիր օղլի Իսմայիլզադե)՝ 1908-1938թթ: Ադրբեջանցի պոետ, գրող, որը, չնայած իր ապրած կարճ կյանքին, զգալի հետք է թողել ադրբեջանական գրականությունում: Սերն ու գեղեցկությունը գովերգող բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ: Բանաստեղծություններում նա իր հայացքներն էր արտահայտում սոցիալ-մշակութային հարցերի վերաբերյալ: Ստալինյան բռնաճնշումների զոհ է, գնդակահարվել է 1938թ-ին: