Ադրբեջանում հեռուստաալիք են փակել
Հուլիսի 18-ի երեկոյան Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային խորհուրդը Գլխավոր դատախազության դիմումի համաձայն դադարեցրել է ANS հեռուստաընկերության հեռարձակումը: Հուլիսի 19-ին պարզվեց, որ հեռուստաալիքի աշխատանքը դադարեցվել է մեկ ամսով:
Ինչպես հաղորդում է meydan.tv-ն, հաջորդ օրը հեռուստաընկերության շենքում պետական կառույցները ստուգումներ էին անցկացնում, իսկ աշխատակիցները նորությունների էին սպասում բակում: Հեռուստաընկերության ղեկավարներ Վահիդ Մուստաֆաևն ու Միրշահին Աղաևն աշխատակիցների ենթադրությամբ, դատախազությունում են:
Ինչպես ասված է ՀՌԱԽ պաշտոնական հայտարարության մեջ, “Ադրբեջանի հասարակությունը, քաղաքացիական հասարակության ինստիտուտը, թուրք ժողովրդին համերաշխություն հայտնելով, կտրուկ քննադատել է օրինական ընտրված իշխանության տապալման փորձը: Սակայն ANS-ը զբաղեցրել է մի դիրք, որը հակասում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությանը և ռազմավարական գործընկերային հարաբերություններին՝ թուրքական պետության և կառավարության դեմ պրոպագանդա անելով, աջակցություն հայտնելով Թուրքիայում հեղաշրջման կազմակերպիչ Ֆեթուլլահ Գյուլենին:
Խորհրդի կարծիքով, ANS-ի ռեպորտաժներն ու հարցազրույցները Թուրքիայում տեղի ունեցածը նկարագրում էին որպես “իշխանությունների կողմից կազմակերպած շոու՝ ձգտելով վարկաբեկել թուրքական կառավարության իրականացրած միջոցառումները: Հեռուստաընկերության լրագրողն ԱՄՆ-ում հարցազրույց է վերցրել հեղաշրջման փորձի համար կասկածվող Ֆեթուլլահ Գյուլենից (կրոնական և հասարակական գործիչ): Այդ հարցազրույցի անոնսից հետո հեռուստաալիքը փակեցին:
Խորհուրդը խոստովանում է, որ որոշումը կայացվել է թուրքական դեսպանատան խնդրանքով. “Թուրքական իշխանությունները, երկրի դեսպանությունն Ադրբեջանում խորը մտահոգություն են հայտնենլ այդ առիթով՝ խնդրելով համապատասխան միջոցներ ձեռնարկել:
“Էրդողանը (Թուրքիայի նախագահ) վերահսկում է հեռուստահեռարձակման 70%-ը, և ես գրել եմ այդ մասին, որ այս տեղեկատվական հեգեմոնիան կարող է իշխող կուսակցության դեմ դուրս գալ ցանկացած պահի և արդեն դուրս է եկել, — ասում է քաղաքական գործիչ և տնտեսագետ, ReAl շարժման անդամ Նաթիկ Ջաֆարլին: — Էլ չեմ խոսում այն մասին, որ հեռուստաալիքի փակումն ինքն իրենով վատ երևույթ է, դա նաև բազմաթիվ գործոններից կախված պետության խոցելիության օրինակ է:
“Այդ ANS-ին, որպես դուր չեկած հարսնացուի, մեկ վերադարձնում են ծնողների տուն, մեկ հետ են ուղարկում, — Ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Նիջաթ Մելիքովը:
ANS հեռուստաալիքը պետության կողմից բազմաթիվ անգամ ճնշումների է ենթարկվել: Այն տուգանվել է ՀՌԱԽ պահանջով, պահանջվել է փակել այս կամ այն հաղորդումը, վրդովմունք է առաջացրել հաղորդավարների բառապաշարը: 2006թ-ի նոյեմբերին հեռուստաալիքը զրկեցին լիցենզիայից, և մինչև 2007թ-ի սկիզբ այն եթեր դուրս չի եկել, իսկ վերադառնալուց հետո սկսել է ավելի մեծ լոյալություն ցուցաբերել, քան նախկինում:
“Հեռուստաալիքն այս տարիների ընթացքում շատ է փոխվել դեպի վատը, — ասում է լրագրող Մահերրամ Զեյնալովը: — Առաջ, երբ ինչ-որ տեղ խնդիրներ էին լինում, ծառեր էին կտրում, տներ քանդում, գալիս էր ANS-ն ու դառնում ժողովրդի ձայնը: Նման բան վաղուց արդեն չկա: Այնուամենայնիվ, այժմ էլ, երբ ես ինչ-որ տեղ եմ գնում, մարդիկ հարցնում են՝ ANS-ի՞ց եք:
Հրապարակվել է 19.07.2016