«Բացե՞լ Պանդորայի արկղը»․ Աղդամով ԼՂ օգնություն հասցնելու մասին
Ադրբեջանն Աղդամով ճանապարհ է առաջարկում
Հայաստանյան փորձագետները շարունակում են քննարկել Աղդամով Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն հասցնելու Ադրբեջանի առաջարկը։ Պաշտոնական Բաքուն այն կրկնել է նաև նախօրեին՝ հայկական կողմին կոչ անելով աջակցել «Աղդամ-Խանքենդի [Ստեփանակերտ] ճանապարհի օգտագործմանը»։
Արցախն այս առաջարկն անընդունելի է համարում, որակում որպես ուժով ինտեգրելու փորձ։ Հայաստանից ամենաբարձր մակարդակով հայտարարում են՝ նման հարց քննարկելու մանդատ չունեն։
Անցյալ տարվա դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, միակ ճանապարհը, որը կապում է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ։ Հունիսի 15-ից 120 հազար մարդ գտնվում է լիարժեք պաշարման մեջ՝ Ադրբեջանը թույլ չի տալիս մատակարարել ո՛չ սննդամթերք, ո՛չ դեղորայք։
Հուլիսի 26-ից մինչ ահժմ ՀՀ կառավարության կողմից ուղարկված մոտ 400 տոննա մարդասիրական բեռը կանգնած է Կոռնիձոր գյուղի մոտ, Լաչինի միջանցքի սկզբնամասում։ Բաքուն առաջարկում է արցախցիներին օգնություն հասցնելու համար օգտվել Աղդամի ճանապարհով։
Վերլուծաբանների կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ստեղծված իրավիճակից «մաքսիմալ քաղաքական կապիտալ քաղել»։ Ասում են՝ նույնիսկ այն դեպքում, եթե Ստեփանակերտն ընդունի առաջադրված պայմանները, Բաքուն կգտնի Արցախին ներկայացնելու «ինչ-որ նոր պայման»։
Երևանից և Բաքվից հնչող հայտարարությունները, հայ քարտեզագետի և վերլուծաբանների մեկնաբանությունները առաջարկվող ճանապարհի մասին
«Աղդամով օգնություն տրամադրելու հարց չեմ քննարկել»․ Փաշինյան
«Բանակցային սեղանի շուրջ Ստեփանակերտին Աղդամով օգնություն տրամադրելու հարց չեմ քննարկել», — վերջին ասուլիսի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանն ու շեշտել «ինքը նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն ունի, ոչ էլ մանդատ»։
Ադրբեջանական կողմի առաջարկի մասին Հայաստանի վարչապետին հիշեցրել էր նաև Euronews-ի լրագրողը։
«Ես չգիտեմ՝ Դուք ինչի մասին եք խոսում, որովհետև ես խոսում եմ այն փաստաթղթի մասին, որը ես ստորագրել եմ և որն ունի միջազգային փաստաթղթի կարգավիճակ: Այնտեղ շատ հստակ գրված է, որ Լաչինի միջանցքը պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից և պետք է ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»,- պատասխանել էր Փաշինյանը։
Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ չլինելու մասին Բաքվից պարբերաբար հնչող պնդումներին՝ ասել էր, թե «լուսնից դեպի Լեռնային Ղարաբաղ ճանապարհը ևս բաց է, ոչ մի անցագրային կետ չկա»։
«Բայց ես չեմ կարող խոսել ինձ անհայտ ինստիտուտների մասին, թե դա ինչ ճանապարհ է՝ Մարսից, լուսնից։ Ես խոսում եմ նրա մասին, ինչը փաստաթղթավորված է»,- ընդգծել էր նա։
«Չմիջամտել հայազգի բնակիչներին վերաինտեգրելու ջանքերին»
Այս կոչով Հայաստանի կառավարությանն է դիմել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Հերթական անգամ պնդել է, թե Լաչինի միջանցքի արգելափակման մասին հայտարարություններն «անհիմն են»։
«Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ոչ միայն խոսքով, այլև գործով, ապա պետք է ձեռնպահ մնա նման սադրիչ քայլերից և աջակցի Աղդամ-Խանքենդի ճանապարհի և այլ այլընտրանքային ուղիների օգտագործմանը»,- ասված է հաղորդագրությունում։
«100 և ավելի կմ անցնելու է Ադրբեջանի միջով»
Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի խոսքով՝ տեսականորեն, եթե ադրբեջանական կողմը թույլ տա և հայկական կողմն էլ համաձայնի, որ Հայաստանից ուղարկված բեռներն Աղդամով հասնեն ԼՂ, ապա դրանք պետք է անցնեն հետևյալ երթուղով․
«Հակարիի կամրջով պետք է ներս մտնեն, հետո գնան Ադրբեջանի ներքին ճանապարհներով, պտտվեն ամբողջ Արցախի շուրջ, բարձրանան դեպի հյուսիս ու արևելյան կողմից մտնեն Արցախ»։
Ընդգծում է՝ շատ երկար և անուղղակի ճանապարհ է, բացի այդ՝ ի տարբերություն Լաչինի միջանցքի, ռուսներն այնտեղ վերահսկողություն իրականացնելու իրավունք չունեն։
«Իրենց ասածն այն է, որ Ադրբեջանն է օգնությունը տալու, այլ ոչ թե Հայաստանը, իհարկե, այդ օգնությունը տալու համար իրենք պայման կդնեն, որ արցախահայերը միանան իրենց ու Ադրբեջանի մաս կազմեն»,- նշել է փորձագետը։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ եթե նույնիսկ Ադրբեջանը թույլ տա ինչ-որ բեռներ տեղափոխել Արցախ, օրինակ՝ այն հումանիտար բեռը, որը կանգնած է Հակարիի կամրջի մոտ, ցանկանալու է դրանից քաղել «մաքսիմալ քաղաքական կապիտալ»․
«Օրինակ՝ ստանա Հայաստանից պաշտոնական դիմում թույլտվության համար, որպեսզի այդ բեռն անցնի»։
Քոչինյանի գնահատմամբ՝ Բաքուն փորձում է էլ ավելի ամրացնել իր դիրքերը քաղաքական հարթությունում՝ կորզելով իր տարածքային ամբողջականության մասին նաև գրավոր փաստաթղթեր։
«Հիմա անե՞լ դա, թե՞ չանել։ Մի կողմից՝ բնականաբար, չանել, որովհետև սա հերթական էլեմենտը կլինի Արցախի սուբյեկտայնության ապամոնտաժման և ինտեգրացիա Ադրբեջանի կազմում»,- ընդգծել է նա։
Մյուս կողմից, նկատել է՝ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում այլևս օրհասական է, սովից աղետալի հետևանքներ են լինելու։ Լուծումներ, սակայն, չի առաջարկել։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Ադրբեջանին ճնշելու և Ալիևին մաքսիմալիզմի դիրքերից գոնե մեկ-երկու աստիճան իջեցնելու հնարավորություններ չի տեսնում։ Ասում է՝ Ալիևը խաղում է այն հանգամանքի վրա, որ ինչպես Իրանը, այնպես էլ Ռուսաստանը պատրաստ են իրեն ինչ-որ բան առաջարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամերիկյան առաջարկներին անվերապահ հավանություն չտալու համար:
«Ձևավորվում է մի «յուրօրինակ» հավասարակշռություն, որից դուրս ենք մնում մենք՝ թե Հայաստանը, թե Արցախը»,- նկատել է նա։
Բադալյանի դիտարկմամբ՝ այդ հավասարակշռության վիճակը երկարաձգելու և այն կազմող բևեռների միջև իր մեծ մանևրի հնարավորությունը պահպանելու համար Բաքուն կգտնի Արցախին ներկայացնելու ինչ-որ նոր պայման նույնիսկ այն դեպքում, եթե Ստեփանակերտում անվերապահորեն ընդունեն Ադրբեջանի բոլոր պայմանները։
Հայկական կողմի գլխավոր մարտահրավերն, ըստ նրա, առավելագույնս արդյունավետ սպասարկելն է ոչ թե խոշոր խաղացողների հակադրությունների հիման վրա ձևավորված, այլ նրանց համատեղ աշխատանքի հեռանկարով հավասարակշռությունը․
«Միայն այդ հարցում արդյունավետությունն է, որ կարող է նպաստել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որը Բաքվին առնվազն կստիպի առարկայական խորհել մաքսիմալիզմից մի քանի աստիճան իջնելու և Արցախի հետ հաղորդակցվելու հարցի շուրջ»։
Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքն «ուժով բացելու» տարբերակն այսօր և տեսանելի ապագայում «հավասարազոր է լինելու ռեգիոնալ «Պանդորայի արկղը» բացելուն», ինչն ամենաքիչը Հայաստանին է պետք։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ադրբեջանն Աղդամով ճանապարհ է առաջարկում