«Բաքվի նպատակը լոգիստիկ հարցերը քաղաքական ճնշման գործիքի վերածելն է»․ կարծիք
Ադրբեջանի դիրքորոշումը ՀՀ հետ խաղաղության վերաբերյալ
«Եթե Բաքվի գլխավոր մտահոգությունն անվտանգությունը լիներ, Ադրբեջանը կարող էր Հայաստանի հետ համաձայնեցնել գործնական երաշխիքները»,- տարածաշրջանի հաղորդակցությունների բացման մասին նման կարծիք է հայտնել խաղաղության շարժման ադրբեջանցի ակտիվիստ և հետազոտող Սևինջ Սամեդզադեն։
Սամեդզադեն մեկնաբանել է Հայասատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը Հարավային Կովկասով անցնող հաղոդուղիների բացման մասին։ Փաշինյանը մարտի 4-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրապարակել էր ծրագրային հոդված այն մասին, թե ինչպես բացել Հարավային Կովկասով անցնող տարանցիկ ուղիները:
Ինչպես Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, այնպես էլ անկախ փորձագետները Փաշինյանի առաջարկները մակերեսային են համարում և նշում, որ դրանք չեն պատասխանում կարևոր հարցերին, այդ թվում՝ թե ով է վերահսկելու այդ ուղիները և ինչ դեր է ունենալու Ռուսաստանը, որը հիշատակված է եռակողմ հայտարարության (2020 թ․-ի նոյեմբերի 9-ի) մեջ:
Ադրբեջանի խաղաղության ռազմավարությունը. տեխնիկական խնդիրնե՞ր, թե՞ ռազմավարական առավելություն
Սևինջ Սամեդզադեի կարծիքով՝ Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագիր չստորագրելու պատճառը կապված է ոչ թե չլուծված տեխնիկական հարցերի, այլ ռազմավարական առավելությունը պահպանելու ցանկության հետ:
Նա կշում է, որ ներկայիս պայմաններում, երբ լիբերալ աշխարհակարգը փլուզվել է և գերիշխում է գործարքային դիվանագիտությունը (այսինքն՝ հարաբերություններ, որոնք հիմնված են կարճաժամկետ օգուտների, այլ ոչ թե երկարաժամկետ պարտավորությունների և արժեքների վրա), Ադրբեջանը ձգտում է ամրապնդել իր տարածաշրջանային հեգեմոնիան միլիտարիզմի միջոցով:

«Բաքուն կարծում է, որ Հայաստանը մշտական թուլության վիճակում պահելով կարող է էլ ավելի ընդլայնել քաղաքական, տնտեսական և տարածքային զիջումները և թելադրել իր պայմանները՝ առանց կայուն խաղաղության անհրաժեշտության:
Այս մոտեցումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական ռազմավարությանը: Պահպանելով վերահսկողությունը ենթակառուցվածքների, առևտրային ուղիների և էներգետիկ միջանցքների նկատմամբ՝ Բաքուն ձգտում է հաստատվել որպես առանցքային ուժ Հարավային Կովկասում:
Այսինքն, ըստ էության, Ալիևի ռեժիմը շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Որովհետև խաղաղության պայմանագրի ստորագրումը կսահմանափակի ռազմական սպառնալիքներն ու դիվանագիտական ճնշումը որպես գործիք օգտագործելու Բաքվի հնարավորությունները»:
Հետազոտողի փոխանցմամբ՝ չհամաձայնեցված կետերը՝ հայ-ադրբեջանական սահմանից երրորդ երկրների ուժերի դուրսբերման հարցն ու միջազգային դատարաններում Ադրբեջանին ներկայացվող պահանջներից հրաժարվելը Բաքուն բաց է պահում դիտավորյալ՝ բանակցությունները ձգձգելու և Հայաստանի ինքնիշխանությունը թուլացնելու նպատակով:
Նա ընդգծում է, որ պահանջելով կասեցնել ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեությունը կամ դադարեցնել Հայաստանի ռազմականացումը՝ Ադրբեջանը միաժամանակ ամրապնդում է իր ռազմական-ռազմավարական գործընկերությունը այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Թուրքիան և Իսրայելը.
«Սա ցույց է տալիս, որ ապառազմականացման պահանջներն իրականում ուղղված են միայն Հայաստանի դեմ:
Իրավական վեճերից հրաժարվելու պահանջով Ադրբեջանը փորձում է խուսափել էթնիկ զտումների և ռազմական հանցագործությունների համար միջազգային իրավական պատասխանատվություն կրելուց:
«Զանգեզուրի միջանցքի» հարցը պարզապես լոգիստիկ նախագիծ չէ, այլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ արտատարածքային վերահսկողություն հաստատելու փորձի ցուցիչ:
Այս բոլոր հարցերը խաղաղության իրական խոչընդոտ չեն, այլ Ադրբեջանի հեգեմոնիստական ռազմավարության մաս․ այդ միջոցներով է Բաքուն պահպանում քաղաքական ճնշումը Հայաստանի վրա»:
Որո՞նք են Ադրբեջանի մտահոգությունները
Սևինջի խոսքով՝ Ադրբեջանի հիմնական մտահոգություններն են՝ ապահովել գերիշխող ուժի կարգավիճակ Հարավային Կովկասում, պահպանել Ալիևի ռեժիմի կայունությունը և տարածաշրջանային էներգետիկ ու առևտրային երթուղիները վերածել աշխարհաքաղաքական ազդեցության գործիքի:
Ասում է՝ խաղաղության հետաձգումն Ադրբեջանին թույլ է տալիս ռազմական սպառնալիքներն օգտագործել որպես դիվանագիտական գործիք և ուժեղացնել վերահսկողության բռնաճնշողական մեխանիզմները երկրի ներսում:
«Ալիևի ռեժիմը մշտապես օգտագործում է ռազմական հռետորաբանություն ներքին ընդդիմությանը ճնշելու համար՝ քաղաքական ռեժիմի դեմ բողոքողներին ներկայացնելով որպես «դավաճաններ»: Հետևաբար, խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է թուլացնել վերահսկողության այս մեխանիզմը:
Բացի այդ, Ադրբեջանը ձգտում է ուժեղացնել իր տնտեսական և քաղաքական առավելությունները՝ մեծացնելով իր ռազմավարական դերը որպես Եվրամիության էներգիայի մատակարար և ինտեգրվելով Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», Ռուսաստանի «Հյուսիս-Հարավ» և Թուրքիայի «Միջին միջանցք» ծրագրերին:
Ուժերի գլոբալ հավասարակշռության փոփոխման ժամանակաշրջանում, հատկապես Ուկրաինայում պատերազմի և նոր բազմաբևեռ մրցակցության ֆոնին, Ադրբեջանը մտադիր է ամրապնդել իր դիրքերը՝ հակամարտությունը բաց պահելով և տարբեր կողմերից առավելագույն զիջումներ ստանալով»:
Խաղաղության գործընթացի ձգձգումը ներքին և արտաքին քաղաքականության տեսանկյունից
Հետազոտողը կարծում է՝ թեև Ադրբեջանի ռազմավարությունը հիմնականում կառուցված է ճնշման և հարկադրանքի վրա, իրական քաղաքականության տեսանկյունից նրա ձգձգման մարտավարությունը կարելի է տրամաբանական համարել:
Նա ասում է, որ աշխարհում, որտեղ միջազգային կառույցների ազդեցությունը նվազել է և իրավական նորմերը թուլացել են, Ադրբեջանը փորձում է օգտագործել իր ռազմական առավելությունը` Հայաստանին իր համար առավել շահավետ պայմաններով խաղաղության հարկադրելու համար:
«Անվտանգության տեսանկյունից Բաքուն կարծում է, որ ձգձգելով խաղաղության գործընթացը, կարող է ստանալ սահմանների և տարանցիկ երթուղիների ապառազմականացման ավելի ամուր երաշխիքներ:
Միևնույն ժամանակ Ադրբեջանն ունի հնարավորություն օգտագործել էներգիայի արտահանումը քաղաքական զիջումներ ստանալու համար, ձգձգման ռազմավարությունն էլ ավելի է ուժեղացնում այս դիրքորոշումը:
Ներքին քաղաքականության տեսանկյունից խաղաղության գործընթացի ձգձգումն օգնում է Ալիևի ռեժիմին պահպանել իր ներքին լեգիտիմությունը՝ օգտագործելով ազգայնական հռետորաբանություն:
Կարճաժամկետ հեռանկարում այս մարտավարությունը կարող է ձեռնտու լինել Բաքվին և Ալիևին, սակայն երկարաժամկետ կայունության բացակայությունը կհանգեցնի տարածաշրջանում մշտական լարվածության, ինչպես նաև կասկածի տակ կդնի Ալիևի «ցմահ» լեգիտիմությունը»:
«Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը ցույց է տալիս, որ նա ցանկանում է հակամարտության շարունակություն»
Սևինջը նշում է, որ Փաշինյանի առաջարկը, այն է՝ եթե ադրբեջանցի վարորդները իրենց անհարմար են զգում Հայաստանի տարածքում, փոխադրումները կարող են իրականացվել թուրքական տրանսպորտային միջոցներով, կարող է ընդունելի փոխզիջում լինել Բաքվի համար:
«Սակայն մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը չի ընդունի այս առաջարկը, քանի որ նրա հիմնական նպատակը ոչ թե պարզապես անվտանգ տարանցում ապահովելն է, այլ «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ լիակատար վերահսկողություն ստանալը: Եթե Ադրբեջանի իրական մտահոգությունը կապված լիներ բեռնափոխադրումների անվտանգության հետ, նա կընդուներ այդ փոխզիջումային լուծման տարբերակը»:
Կարծում է, որ մերժելով այս առաջարկը՝ Բաքուն բացահայտում է իր իրական նպատակը՝ անվտանգային և լոգիստիկ հարցերը վերածել քաղաքական ճնշման գործիքի:
«Սա համընկնում է Ադրբեջանի մարտավարության հետ՝ օգտագործել տրանսպորտային ենթակառուցվածքը որպես ռազմավարական գործիք՝ իր տարածաշրջանային տնտեսական և աշխարհաքաղաքական առավելությունը մեծացնելու համար:
Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը ցույց է տալիս, որ հակամարտության շարունակությունը ծառայում է նրա քաղաքական նպատակներին, և տարանցման հարցն ընդամենը մի մասն է ավելի լայն՝ հեգեմոնիայի ռազմավարության։
Եթե գլխավոր մտահոգությունն անվտանգությունը լիներ, Բաքուն կարող էր Հայաստանի հետ համաձայնեցնել գործնական երաշխիքները:
Սակայն երրորդ կողմի, հատկապես Ռուսաստանի վերահսկողության պահանջն ապացուցում է, որ Ադրբեջանի իրական նպատակը անվտանգ տարանցումը չէ:
Այսինքն՝ ավելի լայն իմաստով Ադրբեջանի իշխող վերնախավը հանդես է գալիս որպես կայսերապաշտական տերությունների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի, ինչպես նաև Արևմուտքի «հավատարիմ գործընկեր» և իր ռեժիմի կայունությունն ավելի վեր է դասում տարածաշրջանային կայունությունից, մարդկանց բարեկեցությունից և անվտանգությունից։
Այլ կերպ ասած՝ այս ռեժիմի համար վերահսկելի անկայունությունն ավելի շահավետ է, քան լիովին համաձայնեցված խաղաղության պայմանագիրը»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ադրբեջանի դիրքորոշումը ՀՀ հետ խաղաղության վերաբերյալ