Ադրբեջանը 2017թ-ին
2018թ-ը խոստանում է հետաքրքիր իրադարձություններով հարուստ լինել: Ադրբեջանը Հարավային Կովկասի իր հարևաններին զուգահեռ պատրաստվում է նշել առաջին անկախ հանրապետության հարյուրամյակը: Բացի այդ, այս տարի նախագահական ընտրություններ են լինելու:
Ինչո՞վ է ադրբեջանցիների համար հիշվել 2017թ-ը:
1. Մեհրիբան Ալիևայի նշանակումը որպես Ադրբեջանի փոխնախագահ
Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնի հիմնումը 2016թ-ի սեպտեմբերին հանրապետության Սահմանադրությունում արված ամենակարևոր փոփոխություններից մեկն էր: Դրանց համաձայն՝ նախագահի կողմից իր պարտավորությունների կատարման անհնարինության դեպքում պետության ղեկավարի պաշտոնն անցնում է ոչ թե վարչապետին, ինչպես նախկինում էր, այլ առաջին փոխնախագահին:
Այդ պաշտոնին առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի նշանակումն այնքան էլ անսպասելի չէր: Ընդդիմությունը բնականաբար հայտարարեց ընտանեկան իշխանության ամրապնդման մասին, ցույցեր անցկացրեց՝ «Ոչ միապետությանը կարգախոսով», սակայն ընդհանուր առմամբ երկրի կյանքում լուրջ փոփոխություններ տեղի չունեցան:
Դեռևս վաղ է խոսել Մեհրիբան Ալիևայի՝ որպես անկախ քաղաքական ֆիգուրի մասին: Նա հաջողությամբ թիմ է ձևավորում, որի առանցքը կազմում են լավ կրթությամբ երիտասարդ պաշտոնյաներ, և զբաղվում է հիմնականում հումանիտար հարցերով:
Սակայն 2018թ-ի հոկտեմբերին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են կայանալու: Հետաքրքրական է, որ արդեն հիմա՝ պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ, փոխնախագահին որպես իշխող կուսակցությունից թեկնածու առաջադրելու առաջարկներ են հնչում: Ընդ որում, հնչում են իշխանություններին հավատարիմ պատգամավորներից և հասարակական գործիչներից: Նախագահի աշխատակազմում դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանում Մեհրիբան Ալիևային որպես նախագահի թեկնածու առաջադրելու հավանականությունը:
2. Բլոգեր Լապշինի գործը
Հայտնի բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի կալանավորումը Բելառուսում մինչև աշնան սկիզբ համացանցային հանրության ուշադրության կենտրոնում էր ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև այլ երկրներում: «Հանդուգն բլոգերը» ոչ միայն ապօրինի հատել էր պետական սահմանն՝ այցելելով Լեռնային Ղարաբաղ, այլ նաև բացահայտ պարծեցել դրանով: Լինելով անցանկալի անձանց «սև ցուցակում» նա հաջողացրել էր կրկին Ադրբեջան այցելել և խոստանում էր նույն ոգով շարունակել: Մի խոսքով, Լապշինի «պատիժը» յուրատեսակ «փիար ակցիա» էր ադրբեջանցի սահմանապահներին խաբելու և հետո դրանով բարձրաձայն հպարտանալու ցանկություն ունեցողների համար:
Լապշինին Մինսկից Բաքու էին տեղափոխել, որտեղ նրան դիմավորել էին անվտանգության պետական ծառայության աշխատակիցները՝ սև դիմակներով, որպես վտանգավոր ահաբեկչի: Սկզբում նրան 6.5 տարվա ազատազրկում էր սպառնում, սակայն դատարանում նա ընդունեց իր մեղքը, ներողություն խնդրեց և 3 տարի ստացավ:
Սեպտեմբերի 11-ին նախագահ Ալիևը ներում շնորհեց բլոգերին: Սակայն բանը դրանով չավարտվեց: Մեկ շաբաթից Իսրայել ժամանելով՝ Լապշինը հայտարարեց, որ ադրբեջանական բանտում դիմակներով մարդիկ փորձել են իրեն խեղդել: Իսկ Ադրբեջանի իշխանություններն՝ ի դեմ Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովի, պնդում էին, որ Լապշինն ինքն է փորձել բանտախցում ինքնասպան լինել, սակայն բանտապահները ժամանակին կանխել են փորձը:
Այժմ բլոգերը ողջ-առողջ է, նախկինի պես շրջագայում է տարբեր երկրներով, պարբերաբար մեմուարներ է հրապարակում այն մասին, թե ինչպես են իրեն փորձել սպանել ադրբեջանական բանտում:
3. Լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգումն ու կալանավորումը
Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Արդբեջանում շարունակում է ծանր մնալ: Ավելի քան 100 մարդ, որոնց թվում են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ և մեդիայի ներկայացուցիչներ, տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ են ճանաչվել: Գարնանն արգելափակվել էր մի քանի անկախ և ընդդիմադիր կայք:
Սակայն նույնիսկ այդ լարված իրավիճակի ֆոնին առանձնանում է լրագրող Աֆղան Մուխտարլիի գործը: Նա Վրաստան էր մեկնել 2014թ-ին և այնտեղ ժամանակավոր ապաստան ստացել: Մուխտարլին անհետացել էր Թբիլիսիից 2017թ-ի մայիսի 30-ին:
Ավելի ուշ նա իր փաստաբանի միջոցով հաղորդել էր, որ անհայտ անձինք, իր գլխին պարկ հագցնելով, ստիպել են ավտոմեքենա նստել և տարել են Բաքու: Լրագրողին մեղադրել են սահմանի հատման, մաքսանենգության և սահմանապահին դիմադրություն ցույց տալու համար:
Մուխտարլիի գործը մեծ արձագանք էր ստացել Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Կովկասի սահմաններից դուրս: Այս օրերին լրագրողի գործով դատական նիստ է ընթանում։ Մուխտարլին հերքում է իրեն առաջադրած բոլոր մեղադրանքները:
4. Երկամյա աղջկա մահը ղարաբաղյան հակամարտության գոտում
2016թ-ի «ապրիլյան քառօրյա պատերազմից» մեկ տարի անց իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Ամեն օր երկու կողմերի մամուլի ծառայությունները հաղորդում են հակառակորդի կողմից հրաձգության մասին: Գրեթե ամեն շաբաթ տեղեկատվություն է ստացվում հակամարտության գոտում զինվորների կամ քաղաքացիական անձանց մահվան վերաբերյալ:
Ադրբեջանական հանրության համար շոկ էր երկամյա Զահրա Գուլիևայի և նրա տատ Սահիբա Գուլիևայի մահը: Հրետանային արկը պայթել էր Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի Գուլիևների տնից 10 մետր հեռավորության վրա: Եվս մեկ կին էր վիրավորվել, սակայն նրա կյանքը հաջողվել էր փրկել:
Հայկական կողմը հայտարարել էր, որ «հակառակորդը կրակ էր բացել գյուղից՝ խաղաղ բնակիչությանը որպես վահան օգտագործելով», և որ իրենք ընդամենը փորձել են ճնշել կրակակետը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ գյուղում ոչ մի կրակաետ չի եղել, մոտակա դիրքերը գտնվում են գյուղից 40կմ հեռավորության վրա:
Այդ միջադեպը բուռն արձագանք էր առաջացրել Ադրբեջանում: Տարերային ելույթներ էին տեղի ունենում զոհված աղջկա համար անհապաղ վրեժ լուծելու պահանջով: Իրարանցմանն աջակցում էին լրատվամիջոցներից և կայքերից շատերը, որոնք հրապարակել էին զոհված աղջկա արյունոտ դեմքով լուսանկարը:
Ճակատային գծում տարվա վերջին իրավիճակը մի փոքր հանդարտվեց, ինչին հավանաբար նպաստեց Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը Ժնևում և արտգործնախարարների հետագա շփումները:
5. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը
Հոկտեմբերի 30-ին Բաքվում կայացավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու երկար սպասված բացումը:
Դրա շինարարությունը 6 տարուց ավել է տևել: Նախագծի ընդհանոր արժեքը գերազանցել է 600մլն դոլարը: Բացումը բազմիցս հետաձգվում էր տարբեր քաղաքական և տնտեսական պատճառներով: Ոմանք նույնիսկ սկսել էին Բաքու-Կարսը համեմատել խորհրդային տարիներին երկար կառուցվող Բայկալ-ամուրյան մագիստրալի հետ: Սակայն 4 երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Ղազախստանի առաջնորդները պաշտոնապես «կանաչ լույս» վառեցին առաջին կազմի ճանապարհին, և առաջին բեռնատար կազմը ժամանեց թուրքական Կարս քաղաք Բաքվից դուրս գալուց 21 ժամ անց:
Չնայած որ բացման պաշտոնական արարողությունից արդեն 2 ամիս է անցել, դեռևս հայտնի չէ, թե երբ այդ երկաթգծով կերթևեկեն ուղևորատար գնացքներ:
P.S.
Մեկ իրադարձություն կա, որը չենք կարող չհիշատակել: Դա «Ղարաբաղ» ադրբեջանական ֆուտբոլային ակումբի հաջող ելույթն էր Եվրոպայի Չեմպիոնների լիգայում:
Առաջին անգամ Հարավային Կովկասի ակումբը կարողացավ ընդգրկվել Եվրոպայի ամենահեղինակավոր ֆուտբոլային մրցաշարի խմբային փուլ: «Ղարաբաղին» հաջողվեց Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի ուժեղ ակումբների հետ 2 խաղ «ոչ-ոքի» խաղալ, ինչը դեբյուտանտի համար հաջող արդյունք կարելի է համարել:
Եվ առանձնապես հաճելի է, որ «Ղարաբաղի» յուրաքանչյուր տնային խաղին Բաքվի 65-հազարանոց Օլիմպիական մարզադաշտը լեփ-լեցուն էր լինում: