Ադրբեջանում հեռակա կարգով դատապարտել են ռեժիմի՝ արտերկրում բնակվող քննադատներին
Ադրբեջանը հետապնդում է քննադատներին արտերկրում
Ադրբեջանի դատարանները հեռակա կարգով քննել են պատմաբան Ալթայ Գեյուշովի, քաղաքագետ Արաստուն Օրուջլուի և արտերկրում բնակվող այլ անձանց դեմ հարուցված քրեական գործերն ու նրանց դատապարտել երկարատև ազատազրկման։
Որոշումները հիմնված են Քրեական օրենսգրքի 281.2 հոդվածով նախատեսված մեղադրանքների վրա, որոնք նախատեսում են պատասխանատվություն իշխանության բռնազավթման հրապարակային կոչերի համար, որոնք արվել են կրկնակի կամ կատարվել են անձանց խմբի կողմից, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 220.2 հոդվածով նախատեսված մեղադրանքների վրա, որոնք վերաբերում են պետական պաշտոնյաների օրինական պահանջներին չհնազանդվելու և զանգվածային անկարգությունների կոչերին։
Անդրադառնալով այս իրադարձություններին ՝ իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ Human Rights Watch-ը, իրենց զեկույցներում նշում են, որ Իլհամ Ալիևն ընդլայնում է արտասահմանում ապրող քննադատներին կեղծ մեղադրանքներով հետապնդելու պրակտիկան։
Արաստուն Օրուջլու՝ 8 տարի

Արաստուն Օրուջլուն քաղաքագետ է և «Արևելք-Արևմուտք» ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիրը։
Նա 2014 թվականից ապրում է Միացյալ Նահանգներում և հայտնի է սոցցանցերում Ադրբեջանի իշխանությունների վերաբերյալ քննադատական ելույթներով։
2026 թվականի փետրվարի 19-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատավոր Բաբեկ Փանահովի նախագահությամբ կայացած հեռակա դատավարության ժամանակ Օրուջլուին դատապարտել է ութ տարվա ազատազրկման։
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 220.2 և 281.2 հոդվածներով։
Հետաքննության փոխանցմամբ՝ Օրուջլուն կոչ է արել չհնազանդվել իշխանությունների օրինական պահանջներին և դիմել զանգվածային անկարգությունների։
Օրուջլուն հայտարարել է, որ ինքը հեղաշրջման կամ ապստամբության կոչ չի արել և դեմ է բռնությանը։
Նա Ադրբեջանի դատարաններին մեղադրել է քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնելու մեջ և ընդգծել, որ «Ադրբեջանում իրավունք հասկացություն գոյություն չունի»։
Ալթայ Գեյուշով՝ 6 տարի

Ալթայ Գեյուշովը պատմաբան է՝ արևելագետ, Բաքվի պետական համալսարանի նախկին դասախոս և ReAl շարժման հիմնադիրներից մեկը։
2018 թվականից նա ապրում է Ֆրանսիայում և աշխատում է որպես հետազոտող Sciences Po Paris-ում։ Նա նաև հայտնի է իշխանությունների մասին իր քննադատական հայտարարություններով։
2026 թվականի փետրվարի 18-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում (դատավոր Էլդար Իսմայիլովի նախագահությամբ) պետական մեղադրողը Գեյուշովի համար պահանջեց յոթ տարվա ազատազրկում։ Սակայն խորհրդակցություններից հետո դատարանը հեռակա կարգով նրան դատապարտեց վեց տարվա ազատազրկման։
Մեղադրանքի մեջ նշվում է, որ 2020-2025 թվականներին Գեյուշովն այլ անձանց հետ միասին Düz Danışaq յութուբյան ալիքում և իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել բռնի գործողություններ ձեռնարկել գործող իշխանության դեմ։
2025 թ․-ի փետրվարի 23-ին Բինագադիի շրջանային դատարանը նրա նկատմամբ հեռակա կալանքի որոշում է կայացրել, իսկ 2025 թ․-ի սեպտեմբերի 17-ին նրան լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 281.2 հոդվածով։
Քանի որ Գեյուշովը գտնվում էր երկրից դուրս, նա չի ներկայացել և հնարավորություն չի ունեցել դատարանում ներկայացնելու իր դիրքորոշումը։
Facebook-ում մեկնաբանելով իր դատապարտումը՝ նա գրել է.
«Ո՞վ է հանցագործը։
Ադրբեջանի Սահմանադրության մեջ նշում է, որ պետական համակարգը հանրապետական է։ Սակայն Ալիևները, խախտելով սահմանադրական կարգը, փաստացի երկիրը վերածեցին բացարձակ միապետության։ Դա հանցագործություն է, իսկ իրականացնողը՝ հանցագործ։
Սահմանադրությունն ու օրենքները նշում են, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, և որ կառավարման մարմինները ձևավորվում են ընտրությունների միջոցով։ Սակայն Ալիևը, խախտելով Սահմանադրությունն ու օրենքները, իշխանության է եկել ընտրակեղծիքների միջոցով, և սա բազմիցս կրկնվել է։ Դա հանցագործություն է, իսկ իրականացնողը՝ հանցագործ։
Սահմանադրության ու օրենքների մեջ ամրագրված է իշխանությունների տարանջատումը օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի, որոնցից յուրաքանչյուրն անկախ է մյուսից։ Ալիևը, խախտելով Սահմանադրությունն ու օրենքները, վերացրել է այս տարանջատումը՝ և՛ օրենսդիր, և՛ դատական ճյուղերը ենթարկելով բարձրագույն գործադիր իշխանությանը, այսինքն՝ իրեն։ Դա հանցագործություն է, իսկ իրականացնողը՝ հանցագործ։
Սահմանադրությունն ու օրենքները սահմանում են, որ օրենսդիր ճյուղը ձևավորվում է ընտրությունների միջոցով։ Ալիևը, խախտելով օրենքները, կեղծում է ընտրությունները և իր նախընտրած անձանց նշանակում պատգամավորներ՝ ոտնձգության ենթարկելով Ժողովրդի կամքը։ Դա հանցագործություն է, իսկ իրականացնողը՝ հանցագործ։
Սահմանադրությունն ու օրենքները ամրագրում են օրենքի գերակայությունը, այսինքն՝ բոլորի հավասարությունը օրենքի առջև։ Ալիևը, խախտելով Սահմանադրությունն ու օրենքները, իրեն դրել է օրենքից վեր։ Դա հանցագործություն է, իսկ իրականացնողը՝ հանցագործ։
Այս բոլոր հանցագործությունների դեմ խոսելը հանցագործություն չէ, այլ ներդրում պետության սահմանադրական կարգի վերականգնման գործում։ Այս հանցագործություններին դիմադրելը և սահմանադրական կարգի վերականգնում պահանջելը ոչ միայն իմ իրավունքն է, այլև քաղաքացիական պարտականությունը։ Այսինքն՝ իմ թվարկած բոլոր հանցագործություններին և դրանք կատարած անձին հակազդելը հանցագործություն չէ, այլ պայքար հանցագործության և հանցագործի դեմ»։
Սևինջ Օսմանքիզի, Աբիդ Գաֆարով և Բեյդուլլա Մանաֆով՝ 8 տարի
Սևինջ Օսմանքիզին (Միրզոևա) լրագրող է, որը բնակվում է Միացյալ Նահանգներում: Նա Osmanqizi TV յութուբյան ալիքի հիմնադիրն է: Նախկինում աշխատել է որպես BBC-ի և ANS հեռուստաալիքի թղթակից:
Աբիդ Գաֆարովը ընդդիմադիր բլոգեր է, որը հանդես է գալիս տարբեր առցանց ծրագրերում, AzerFreedom TV-ում և այլ հարթակներում: 2022 թվականին նա դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի կառավարությանը զրպարտելու մեղադրանքով, ազատ արձակվելուց հետո արտագաղթել է երկրից:
Բեյդուլլա Մանաֆովը տնտեսագետ է, որը բնակվում է Միացյալ Նահանգներում: Նա նաև հայտնի է որպես հասարակական գործիչ, հանդես է գալիս տարբեր հեռուստաալիքներում, այդ թվում՝ Turan TV-ում:
2026 թվականի հունվարի 14-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը՝ դատավոր Նիգյար Իմանովայի նախագահությամբ, նրանց հեռակա կարգով դատապարտել է ութ տարվա ազատազրկման:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 281.2 հոդվածով, որը նախատեսում է պատասխանատվություն պետության դեմ հրապարակային կոչերի համար, և Քրեական օրենսգրքի 220.2 հոդվածով, որը վերաբերում է զանգվածային անկարգությունների կոչերին:
Մեղադրանքի համաձայն՝ 2019-2024 թվականներին Osmanqızı TV-ով և այլ առցանց ալիքներով հեռարձակված հաղորդումներում հնչեցվել են կառավարության դեմ բռնության կոչեր։
2025 թ․-ի փետրվարին նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հեռակա կալանքը, իսկ 2025 թ․-ի սեպտեմբերին որոշում է կայացվել նրանց որպես մեղադրյալներ գործում ներգրավելու վերաբերյալ։ Քանի որ նրանք չեն ներկայացել քննությանը, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Երեքն էլ կտրականապես հերքում են մեղադրանքները՝ նշելով, որ դրանք ունեն քաղաքական դրդապատճառներ։
Գանիմատ Զահիդ՝ 7 տարի

Գանիմատ Զահիդը Azadlıq թերթի նախկին գլխավոր խմբագիրն է և «Ադրբեջանի ժամ» (Азербайджанский час») յութուբյան ալիքի հաղորդավարը։
Նա 2010 թվականից ապրում է Ֆրանսիայում։
2025 թվականի դեկտեմբերի 23-ին Զահիդը հեռակա կարգով դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից, որը նախագահում էր դատավոր Ֆախրի Մամեդովը։
2024 թվականի մայիսին Զահիդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 281.2 հոդվածով և հայտարարվել է հետախուզում՝ դատարան չներկայանալու համար։
Գանիմատ Զահիդը նույնպես կարծում է, որ իր նկատմամբ նշանակված պատիժը պատվիրված է եղել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ադրբեջանը հետապնդում է քննադատներին արտերկրում