Ադրբեջանը հաջորդ տարի կգլխավորի Չմիավորման շարժումը
Ապրիլի 5-6-ը Բաքվում կայացել է Չմիավորման շարժման նախարարական համաժողովը «Աջակցություն միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը հանուն կայուն զարգացման» թեմայով: Համաժողովին որոշվել է, որ Ադրբեջանը կփոխարինի Վենեսուելային Չմիավորման շարժման նախագահող երկրի պաշտոնում և կգլխավորի այդ միջազգային կազմակերպությունը 2019-2022թթ-ին:
Համաժողովի արդյունքում ընդունվել է Բաքվի հռչակագիրը: Փաստաթուղթը կոչ է անում միջազգային հարաբերություններում զերծ մնալ պետությունների տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի կիրառման սպառնալիքից, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում դրա բոլոր ձևերով և դրսևորումներով և դադարեցնել պաղեստինյան տարածքների օկուպացիան:
Փաստաթղթի տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ.
Չմիավորման շարժումը սովորական կազմակերպչական կառուցվածք և մշտական ղեկավարություն չունի: Որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա և խորհրդի բնույթ են կրում:
Կազմակերպության նախագահող երկիրը կոնֆերանսը բարձր մակարդակով ընդունող երկիրն է: Այդպիսի համաժողովներ, որպես կանոն, անցկացվում են երեք տարին մեկ: Վերջին 17-րդ համաժողովն անցկացվել է 2016թ-ին Վենեսուելայում: Հաջորդը կկայանա 2019թ-ին Բաքվում:
Նախարարական համաժողովի բացմանը ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Պետության ղեկավարն ընդգծել է, որ կազմակերպության ուժը համերաշխության մեջ է, քանի որ մասնակից երկրները բախվում են նմանատիպ մարտահրավերների և խնդիրների:
«Մենք՝ Չմիավորման շարժման անդամ երկրներս, ցանկանում ենք ապրել անկախ կյանքով՝ առանց կողքից ստացվող ցուցումների», — ասել է Իլհամ Ալիևն ու նշել, որ արդեն կես դարից ավել է, ինչ Չմիավորման շարժումը զարգացնում է հումանիզմի սկզբունքները:
Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել շարժման անդամ երկրներին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա հայ—ադրբեջանական հակամարտության լուծման հարցում ցուցաբերած աջակցության համար:
Ադրբեջանում քիչ չեն Չմիավորման շարժմանը երկրի մասնակցության հակառակորդները: Օրինակ, նախագահի թեկնածուներից մեկը՝ խորհրդարանի անդամ Ֆարաջ Գուլիևը, նախընտրական դեբատների ժամանակ հանրային հեռուստատեսությամբ կոչ էր արել ետ կանգնել չմիավորման քաղաքականությունից, կենտրոնանալ Եվրոպայի, ԱՄՆ և Իսրայելի հետ հարաբերությունների կառուցման վրա, իսկ համագործակցության ռուսական ուղղությունը բացառել առաջնահերթ ուղղություններից:
«Չմիավորման շարժման մասնակից լինելը սխալ է: Քանի որ, ոչ մի բանի չմիանալով, ընկերոջը բացահայտ ընկեր, իսկ թշնամուն թշնամի չանվանելով՝ մենք ստեղծում ենք մի իրավիճակ, երբ նույնիսկ ընկերները մեզ հետ հարաբերություններ կառուցելուց առաջ կսկսեն տատանվել: Այնպես որ, մենք պետք է հրաժարվենք դրանից և մտածենք նոր դաշինքների մասին», — ասել էր Գուլիևն իր ելույթում:
«Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն կարծում է, որ Ադրբեջանը գիտակցաբար է ընտրել Չմիավորման շարժմանն անդամակցությունը, քանի որ գործնական շահ չի տեսնում այս կամ այն միավորումներին անդամագրվելուց:
«Ադրբեջանը չի պատրաստվում անդամակցել, օրինակ, ՆԱՏՕ—ին կամ ՀԱՊԿ—ին: Այս կամ այն միավորմանը կամ միությանն անդամակցելիս երկիրը պետք է ապագայի հեռանկար տեսնի, եթե այն չկա, ավելի լավ է՝ չեզոք դիրքորոշում ունենալ: Չմիավոջման շարժմանը մեր մասնակցությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանն արդեն արել է իր ընտրությունը: Այդ պատճառով էլ քննարկումներ անցկացնելը, թե արժե արդյոք ապագայում այս կամ այն միությանը կամ միավորմանն անդամակցել, տեսականից զատ գործնական նշանակություն չունի», — ասել է Վելիզադեն Բաքվի «Էխո» թերթին: