Ադրբեջանական SOCAR-ն ու British Petroleum-ը նոր նավթային պայմանագիր են ստորագրել
Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունն ու բրիտանական ВР-ն նոր համաձայնագիր են ստորագրել «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» (ACG) նավթահանքի շահագործման վերաբերյալ:
Պայմանագիրը կնքվել է մինչև 2050թ-ը: ACG—ն Կասպից ծովում արդյունահանվող ամենախոշոր նավթահանքն է: Այն 432 քառակուսի կիլոմետր տարածք է զբաղեցնում: Ադրբեջանական կողմի կանխատեսումներով՝ նավթահանքը պարունակում է ևս 500մլն տոննա չարդյունահանված նավթ:
Առաջին նավթային պայմանագիրն Ադրբեջանը ստորագրել է 1994թ-ին 30 տարի ժամկետով: ACG նավթահանքի նավթի արդյունահանումը սկսվել է 1997թ-ի նոյեմբերին: Մինչև ներկա պահը ACG—ից ավելի քան 3 մլրդ բարել նավթ է արդյունահանվել, իսկ նախագծում արված ներդրումները կազմել են մոտ 33 մլրդ դոլար:
Նավթահանքում գործում է 6 արդյունահանող պլատֆորմ: ACG—ից ստացվող նավթն արտահանվում է համաշխարհային շուկաներ հիմնականում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի միջոցով և Արևմտյան արտահանման խողովակաշարով մինչև վրացական Սուպսա նավահանգիստ:
Ստորագրման արարողությանը ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այսօր Ադրբեջանի պատմության մեջ կարևոր օր է, ACG նավթահանքի արդյունահանման համար նոր դարաշրջան է սկսվում», — ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ նոր պայմանագիրը սորագրվելու է Ադրբեջանի համար ավելի ընդունելի պայմաններով:
«Մասնավորապես, նոր պայմանագրում SOCAR ընկերության մասնաբաժինը կազմելու է 25% (գործող պայմանագրի համաձայն՝ 11,65% է): Բացի այդ, պայմանագրի ստորագրումից հետո արտասահմանյան ներդրողներն Ադրբեջանին կվճարեն 3,6մլրդ դոլար տարբեր բոնուսների տեսքով, եկամտաբեր նավթի մասնաբաժինը կկազմի 75%», — նախագահի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շնորհավորական նամակ էր ուղարկել համաձայնագրի ստորագրման արարողության մասնակիցներին:
Նամակը կարդաց Եվրոպայի և Ամերիկայի հարցերով Մեծ Բրիտանիայի պետնախարար Ալան Դունկանը: «Ես հայցում եմ ձեր ներողամտությունը, որ չեմ կարող Բաքվում ներկա գտնվել արարողությանը: Սակայն վստահ եմ, որ նոր պայմանագիրը էլ ավելի կուժեղացնի համագործակցությունը Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև», — ասված էր նամակում:
Փորձագետ-տնտեսագետ, «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր շարժման գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլին նոր նավթային պայմանագրի ստորագրումը «երկրի համար շատ կարևոր դրական երևույթ» է անվանել: «ВР-ն Ադրբեջան է բերել նոր տեխնոլոգիաներ, կառավարման նոր մեթոդներ: Աշխատատեղեր են բացվել, տեղացի մասնագետներ են պատրաստվել»: Սակայն միաժամանակ Ջաֆարլին քննադատության է արժանացրել պայմանագրի շուրջ գաղտնիության մթնոլորտը:
«Ոչ ոք չի տեսել պայմանագրի տեքստը: Ոչ ոք տեղյակ չէ պայմաններից: Նորմալ, ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարաններով երկրներում ВР-ն ստիպված կլիներ պայմանագրի պայմանները համաձայնեցնել յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցության հետ: Իսկ մեզ մոտ խորհրդարանը միաձայն կհաստատի պայմանագիրն ու դրան սահմանադրական կարգավիճակ կշնորհի: Անկասկած, դա շահեկան է նաև ВР-ին, մեկ մարդու շահերն ավելի հեշտ և երևի ավելի էժան է ապահովել», — ասել է Ջաֆարլին: