Ադրբեջանական ձնհալ
Գարնանային Նովրուզ տոնին այս տարի անսովոր ցուրտ էր: Սակայն անձրևի ու քամու ֆոնին երկրի քաղաքական եղանակը երկար տարիների ընթացքում առաջին անգամ դեպի տաքացում գնաց:
Մարտի 17-ին Ադրբեջանի նախագահը 148 բանտարկյալի ներում շնորհելու մասին հրամանագիր ստորագրեց, որոնց թվում էին նաև 14 հոգի՝ ում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քաղբանտարկյալ էին համարում: Որքան ես եմ հիշում, սա ազատ արձակված քաղբանտարկյալների ռեկորդային թիվ է, ընդ որում՝ առանց որևէ միջնորդությունների և «համազգային առաջնորդի գերեզմանին ծաղիկներ դնելու»: Նախկինում նման բան անգամ պատկերացնելն էր անհնար:
Իրադարձության ծավալը պատկերացնելու համար հիշենք «սառեցման» պատմությունը, այնսինքն՝ Ադրբեջանում քաղաքացիական հատվածի և հասարակական կազմակերպությունների դեմ արշավի սկիզբը: 2014թ. գարունն էր, երբ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության հայտնի ներկայացուցիչներն ու լրագրողները վերածվեցին հարկային ծառայության, նույնիսկ՝ դատախազության սևեռուն ուշադրության տակ գտնվող օբյեկտների: Այդ արշավի առաջին ծիծեռնակը կարելի է համարել «Հայելի» թերթի լրագրող Ռաուֆ Միրքադիրովին, ում 2014-ին արտաքսեցին Թուրքիայից և անմիջապես ձերբակալեցին՝ Ադրբեջանում Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրնաքով: Դրանից մոտ մեկ տարի հետո ձերբակալվեցին Արևմուտքից դրամաշնորհ ստացող հասարակական կազմակերպությունների մոտ 100 ակտիվիստ, լրագրող և երիտասարդական շարժման ընդդիմադիր մասնակից:
Իշխանությունները լրջորեն անհանգստացած էին «արաբական գարնան» և «ֆեյսբուքյան հեղաշրջման» Ադրբեջան ներթափանցումից: Նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևն այդ դեպքերի նախօրեին պետական լրատվամիջոցներում հոդված հրապարակեց՝ մեղադրելով ԱՄՆ Պետդեպարտամենտին Ադրբեջանում հասարակական կազմակերպությունների միջոցով իրավիճակը ապակայունացնելու համար:
Այն ժամանակ շատերն արևմտամետ կազմակերպությունների դեմ հետապնդումները բացատրում էին ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ռուսաստան-ԱՄՆ դիմակայությամբ: Ադրբեջանը ստիպված էր հստակեցնել, թե ում կողմից է: ԱՄՆ-ը հեռու է, Ռուսաստանը՝ մոտ, այդ պատճառով իբր հյուսիսից շանտաժի ենթարկվեցինք և սկսեցինք փակել արևմտյան հասարակական կազմակերպությունները:
Եվ իրոք, շուտով Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները սրվեցին: ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը, սենատոր Քրիստոֆեր Սմիթի գլխավորությամբ, Կոնգրեսին ներկայացրեց մի օրինագիծ, որով նախատեսում էր Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել:
Ընդ որում, նշվում էր, որ պատժամիջոցները կարող են չեղարկվել այն ժամանակ, երբ Ադրբեջանի կառավարությունը քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ զգալի առաջընթաց ցույց տա, դադարի հետապնդել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և ազատ ու արդար ընտրություններ անցկացնի:
Ի պատասխան, Ադրբեջանի խորհրդարան ներկայացվեց «ԱՄՆ-ում մարդու իրավունքների իրավիճակը» օրինագիծը, որը ենթադրում էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունների դադարեցում բոլոր ոլորտներում:
Շատերը նման սրումը բացատրում էին Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշմամբ: Բանն այն է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասը համարում է իր ազդեցության ավանդական ոլորտ և ցավոտ ու զգայուն է վերաբերվում հասարակական կազմակերպությունների և դրամաշնորհների միջոցով Արևմուտքի ազդեցության ավելացմանը: Նա չի կարող թույլ տալ Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների կրկնություն: Վարկածը շատ ճշմարտանման է, հատկապես, եթե հաշվի առնենք իրավիճակը Սիրիայում, որտեղ Ռուսաստանը գործուն մասնակցություն ունի:
Մեզ մոտ ընդունված է բոլոր անհաջողությունները Ռուսաստանի վրա գցել: Փորձեմ ինձ ոչ բնորոշ՝ Ռուսաստանի փաստաբանի տեսանկյունից խոսել:
Այսպիսով, Ռուսաստանը հետաքրքրված է հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջոցով հանրային կարծիքի վրա Արևմուտքի ազդեցության սահմանափակման մեջ, հարց է առաջանում, թե ինչու, օրինակ, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հայաստանը, Ղրղզստանը, որոնք գտնվում են Ռուսաստանի գրեթե լիարժեք վերահսկողության տակ, շարունակում են առանց խոչընդոտների գործունեություն ծավալել ամերիկյան և եվրոպական կազմակերպություններ, երկիր բերել արտարժութային միջոցներ՝ միաժամանակ ապահովելով աշխատատեղեր:
Եվ ընդհակառակը, այն երկրներում, որոնք Ռուսաստանից այդքան մեծ կախում չունեն, օրինակ, Ադրբեջանը, Ուզբեկստանը, այդ կազմակերպությունների գործունեությունը մեծապես սահմանափակվում է: Ամենաակնհայտ պատասխանը հետևյալն է. ավտորիտար իշխանությունները պարզապես վախենում են կորցնել իշխանությունն ու իրենց փողերը և փորձում են սահմանափակել ու առավելագույնս վերահսկողության տակ առնել քաղաքացիական հասարակությունը:
Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել քաղաքական «տաքացումը»: Մի քանի տարբերակ կա.
1. Ռուսաստանն իր խոստումները չի կատարել, հիմնականում ղարաբաղյան հակամարտության հետ կապված: Այդ պատճառով էլ ադրբեջանական իշխանությունները կարծես «նեղացել են» և հայացքներն ուղղել դեպի Արևմուտք: Այս տարբերակը անձամբ ինձ համար քիչ համոզիչ է: Չեմ կարծում, որ մեր իշխանություններն այդքան միամիտ են, որ հավատան Ռուսաստանի խոստումներին, հատկապես հօգուտ Ադրբեջանի ղարաբաղյան խնդիրը լուծելու հարցում: Հատկապես, որ տարվա սկզբին Ռուսաստանը Հայաստանին զենք գնելու համար 200 մլն դոլար վարկ տրամադրեց: Եվ դա բավականին սպասված էր:
2. Ադրբեջանը չդիմացավ տնտեսական ճնշմանը: Վերջին տարվա մեջ նավթի գները կտրուկ իջան՝ 120ից հասնելով 33 դոլարի: Մեկ տարվա մեջ ազգային արժույթը արժեզրկման երկու ալիք ապրեց: Նախագահն իր ամանորյա ուղերձում առաջին անգամ խոստովանեց, որ «մեր եկամուտները կտրուկ կրճատվել են»: Սակայն մնում են խոշոր սպորտային մրցումներ անցկացնելու հավակնոտ ծրագրեր, օրինակ, «Ֆորմուլա 1»-ի Եվրոպայի գրան-պրի, համերաշխության իսլամական խաղեր, շախմատային օլիմպիադա և այլն: Դրա համար Իլհամ Ալիևի կառավարման ընթացքում առաջին անգամ իշխանությունները սկսեցին մտածել միջազգային ֆինանսական կառույցներին վարկի խնդրանքով դիմելու մասին: Խոսքը 4մլրդ դոլարի մասին է: Սակայն, բնականաբար, ԱՄՀ ու Համաշխարհային բանկը սկսելու են հարցեր տալ մարդու իրավունքների իրավիճակի մասին: Այս տարբերակը բավականին համոզիչ է: Ոչ եկամտաբեր, թեկուզև իշխող կլանի և օլիգարխների ընտանիքներին մոտ ճյուղերի ֆինանսավորման կտրուկ կրճատումը խոսում է գոտիները ձգելու անհրաժեշտության մասին: Սակայն նախագահ Ալիևը Նովրուզին ասաց, որ «Ադրբեջանը ոչ ոքից օգնություն չի խնդրում, պարզապես մենք աշխատում ենք նոր տնտեսական մոդելի վրա»: Ընդ որում, նշեց, որ «միջազգային ֆինանսական կառույցները բարձր են գնահատում մեր հաջողությունները և պատրաստ են համագործակցել»: Հետևաբար, այս տարբերակն իրավունք ունի գոյություն ունենալ, սակայն այն միակը չէ:
3. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ հրավեր է ստացել պաշտոնական այցով մեկնել ԱՄՆ՝ միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու: Այցի շրջանակում սպասվում են հանդիպումներ նախագահ Օբամայի և այլ երկրների ղեկավարների հետ: Ալիևն ուզում է մեկնել դրական իմիջով, որպեսզի մարդու իրավունքների վերաբերյալ տհաճ հարցեր չտրվեն:
Այս տարբերակը վստահորեն կարող է լրացնել վերոնշյալին: Հատկապես, որ Ալիևը բավականին երկար լռություն պահեց և ոչ միանգամից համաձայնեց կատարել քաղբանտարկյալներին ազատ արձակելու միջազգային կառույցների պահանջները: Ներում շնորհեց ո՛չ բոլորին և ո՛չ միանգամից: Մինչև հիմա բանտում են լրագրողներ Խադիջա Իսմայիլն ու Սեյմուր Խազին, ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամեդովը (նրա «հանցակից», նույն գործով անցնող Թոֆիկ Յագուբլուին ներում շնորհեցին), առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովն ու այլք:
Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարություններ տարածեցին՝ ողջունելով «ադրբեջանական ձնհալը»: Սակայն մինչ այժմ սառեցված են արևմտամետ հասարակական կազմակերպությունների բանկային հաշիվները, մինչ այժմ դրամաշնորհ ստանալու համար դրակոնյան օրենքներ են գործում, մինչ այժմ խրախուսվում է դրամաշնորհ ստացող բոլոր ակտիվիստների հանրային քննադատությունը:
Արդյո՞ք սառույցը շարժվել է: Կապրենք՝ կտեսնենք: