«Թուրան» լրատվական գործակալությունը դադարեցրել է իր գործունեությունն Ադրբեջանում
Ադրբեջանական «Թուրան»-ը կդադարեցնի գործունեությունը
Ադրբեջանի առաջին անկախ լրատվամիջոցը՝ «Թուրան» լրատվական գործակալությունը հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին։ Գործակալության տնօրեն Մեհման Ալիևը այս որոշումը հիմնավորել է ֆինանսական դժվարություններով, որոնց լրատվամիջոցն առերեսվում է արդեն մի քանի տարի։
Նույն օրը տեղեկություն տարածվեց այն մասին, որ կառավարության պահանջով ռուսական «Սպուտնիկ»-ի և բրիտանական BBC-ի ադրբեջանական խմբագրությունների կազմը կրճատվելու է՝ հասցվելով նվազագույնի։
- Ադրբեջանում ևս երկու լրագրող է ձերբակալվել մաքսանենգության մեղադրանքով
- «Իրանն ու Հայաստանը նույնական դիրքորոշում ունեն»․ ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունները
- Ջեմալ Գամախարիա. «ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն պետք է ուշադրություն դարձնեն Սուխումի օդանավակայանին»
«Որոշել ենք դադարեցնել գործակալության գործունեությունը ներկայիս ձևաչափով»
Փետրվարի 13-ին «Թուրան» լրատվական գործակալությունը հրապարակել է ընթերցողներին ուղղված հայտարարություն, որում հայտնել է իր գործունեության դադարեցման մասին։
«Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում «Թուրան» լրատվական գործակալությունն անկախ լրագրության հենասյունն էր Ադրբեջանում՝ քաղաքական և տնտեսական անկայունության պայմաններում ներկայացնելով օբյեկտիվ և հավաստի ռեպորտաժներ։ Հիմնադրվելով 1990 թվականին՝ Խորհրդային Միության վերջին օրերին, մենք անցել ենք անցումային շրջանի, պատերազմի և բարեփոխումների դժվարությունների միջով՝ մնալով հավատարիմ հանրային շահ ներկայացնող լրագրությանը։
Սակայն այսօր մենք պետք է առերեսվենք անխուսափելի իրականությանը․ մշտական ֆինանսական սահմանափակումների պատճառով մենք այլևս չենք կարող իրականացնել մեր լրատվական գործունեությունը ներկայիս տեսքով։ Չնայած գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ ռեսուրսների ապահովման ուղղությամբ գործադրվող անխոնջ ջանքերին, տարիներ շարունակ մեզ հետապնդող ֆինանսական դժվարություններն ի վերջո մեզ ստիպեցին կայացնել դժվար որոշում՝ դադարեցնել գործակալության գործունեությունը ներկայիս ձևաչափով»,- ասված է հայտարարության մեջ։
Տնօրեն Մեհման Ալիևի ստորագրությամբ հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ սա առաքելության ավարտ չէ, այլ ավելի շուտ՝ էվոլյուցիա։
«Տեղեկատվական տարածքը փոխվում է, և մենք գիտակցում ենք հարմարվելու անհրաժեշտությունը։ Առաջիկա ամիսներին մենք կուսումնասիրենք նոր ձևաչափեր, որոնք կենտրոնանում են ոչ միայն նորությունների, այլև վերլուծության, առանցքային խնդիրների բացահայտման և լուծումների առաջարկման վրա։ Լրագրության ապագան ոչ միայն հրատապ լուրերի մեջ է, այլև ընթացող գործընթացների ընկալում ձևավորելու մեջ։
Մենք խորապես երախտապարտ ենք ձեզ՝ մեր ընթերցողներին, ձեր վստահության և աջակցության համար։ Ձեր մասնակցությունը մեր աշխատանքի շարժիչ ուժն էր, և մենք հույս ունենք շարունակել այս ճանապարհորդությունը միասին՝ նոր և վերաիմաստավորված ձևով։ Թեև մենք հեռանում ենք մեր ներկայիս մոդելից, մենք չենք հեռանում մեր հիմնական նպատակից՝ ծառայել որպես անկախ ձայն՝ առաջարկելով ավելի ու ավելի բարդ աշխարհի ըմբռնում։
«Թուրանի» պատմությունը հեռու է ավարտվելուց։ Մնացեք մեզ հետ»,- ասված է հայտարարության վերջում։
«Ազատ լրատվամիջոցների հնարավորությունները սահմանափակ են Ադրբեջանում»
Մեհման Ալիևը «Ամերիկայի ձայնին» հայտնել է, որ ազատ լրատվամիջոցների հնարավորություններն Ադրբեջանում խիստ սահմանափակ են։
«Գովազդային շուկայի չափերը նույնպես խիստ սահմանափակ են։ Մեդիագովազդի շուկան 2022 թվականին կազմել է ընդամենը 10 միլիոն մանաթ, 95 տոկոսը բաժին է ընկել հեռուստատեսությանը։ 2023 թվականի մեդիագովազդի շուկայի պաշտոնական վիճակագրությունը չի հրապարակվել։ Սա վկայում է այն մասին, որ գովազդի շուկան ավելի է փոքրացել։ Մենք գովազդատուներ չունենք։ Շատ դժվար է ապրել միայն բաժանորդագրությունների հաշվին։ Ներկայիս իրավիճակում աշխատանքը շարունակելը մեզ համար բավականին բարդ խնդիր է։ Հենց այդ պատճառով մենք որոշեցինք դադարեցնել մեր գործունեությունն ու անցում կատարել նոր ձևաչափի»,- նշել է նա։
Ալիևը հայտնել է, որ նոր ձևաչափի շրջանակում գործակալության աշխատակիցները մտադիր են ավելի շատ կենտրոնանալ վերլուծական աշխատանքի վրա։
«Վերլուծական գործունեությունն ավելի հեռանկարային է։ Որովհետև տեղեկատվական հոսքերը բավականին շատ են։ Հիմա դժվար է ասել, թե որքանով ընդունելի կլինի մեր աշխատանքը»,- նշել է նա։
«Սպուտնիկ-Ադրբեջան»-ի և BBC News Azərbaycanca-ի խմբագրակազմերը կկրճատվեն
Նույն օրը՝ փետրվարի 13-ին, հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանը կրճատելու է «Սպուտնիկ-Ադրբեջան»-ի և BBC News Azərbaycanca-ի խմբագրությունների կազմը։ Այս մասին հայտնեցին երկրի կառավարամետ լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց իրազեկ աղբյուրներին։
«Բաքուն մտադիր է վերականգնել արտերկրում գործող ադրբեջանական պետական պարբերականների և Ադրբեջանում օտարերկրյա լրագրողների աշխատանքի պայմանների հավասարակշռությունը։ «Սպուտնիկ-Ադրբեջան»-ի աշխատակիցների թիվը հավասարեցվելու է Ռուսաստանում «Ազերթաջ» գործակալության լրագրողների թվին՝ 1 մարդ։ Անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ նույն մոտեցումը կգործի նաև BBC Azərbaycanca-ի դեպքում»,- ասված է հաղորդագրության մեջ։