Ադրբեջանական ընտանիքի ծախսերի կեսը սննդին է բաժին ընկնում․ դա վա՞տ է, թե՞ լավ
Ադրբեջանում միջին վիճակագրական ընտանիքի ամսական ծախսերի գրեթե կեսը գնում է սննդի վրա։ Այս մասին է վկայում պետական վիճակագրությունը։ Դա մի քանի անգամ ավելին է եվրոպական երկրներում սննդի վրա ծախսվող գումարից։ Ո՞րն է այդ մեծ տարբերության պատճառը։ JAMnews-ը փորձել է վերլուծել իրավիճակը։
Ադրբեջանի Վիճակագրության պետական կոմիտեի տեղեկությունների համաձայն՝ հայտնի են դարձել բնակչության ծախսերի հիմնական ուղղությունները 2021 թվականի երկու ամսվա կտրվածքով։
Ծախսերի կեսը բաժին է ընկնում սննդին
Բոլոր ծախսերի 46,9 տոկոսը երկրի միջին վիճակագրական ընտանիքում բաժին է ընկնում սննդին։ Եվս 6,3 տոկոս ծախսվում է ըմպելիքների և ծխախոտային արտադրանքի վրա։ Հագուստի և կոշիկի վրա գնում է հիմնական ծախսերի 16,5 տոկոսը։
Հետաքրքիր է, որ ծախսերի ցանկում կոմունալ վճարները ներառված չեն։ Ընդ որում, «այլ ծախսեր»-ին բաժին է ընկնում ընտանիքի ամսական բոլոր ծախսերի 16,7 տոկոսը։
- Համավարակն ադրբեջանցի մարզիկներին վերածել է տաքսու վարորդների և փոստատարների
- Սառեցված սեզոն։ Ինչպե՞ս է համավարակն ազդել Վրաստանի ձմեռային հանգստավայրերի վրա
- Ի՞նչ է «Իտալիայի համախտանիշը»․ ինչի՞ միջով են անցնում մոլդովացի կին միգրանտները
Այժմ Ադրբեջանում ամսական նվազագույն աշխատավարձը կազմում է 250 մանաթ [մոտ 124 եվրո], իսկ ամսական միջին աշխատավարձը 2020 թ-ի դեկտեմբերի դրությամբ 703,5 մանաթ է [մոտ 348 եվրո]։
Ադրբեջանում սիրում են գները համեմատել Գերմանիայի գների հետ։ Ելնելով այդ պրակտիկայից՝ մենք նույնպես որոշել ենք համեմատել ծախսերն Ադրբեջանում և Գերմանիայում։
Իսկ Գերմանիայում ինչպե՞ս է
2019 թ-ի վիճակագրական տվյալներով՝ միջին վիճակագրական գերմանական ընտանիքի ամսական եկամուտն առանց բոլոր հարկերի հավասար է 5 861 եվրոյի։ Իսկ ովքեր եկամուտ չունեն բնակարանը կամ այլ գույքը վարձակալությամբ տալուց և միայն աշխատավարձով են ապրում, ամսական միջինում ստանում են 3 580 եվրո։
Կոմունալ ծախսերն այդ երկրում կազմում են ընտանիքի ամսական ծախսերի ամենամեծ մասը (34,6 տոկոս)։ Այսպես, Գերմանիայում սովորական ընտանիքը ջրի, գազի և էլեկտրականության համար ամսական միջինը 890 եվրո է վճարում։
Իսկ սննդի, ըմպելիքների և ծխախոտային արտադրանքի ծախսը կազմում է Գերմանիայի բնակիչների բոլոր ծախսերի 13,8 տոկոսը, այլ կերպ ասած՝ այդ ուղղությամբ ծախսվում է 356 եվրո։
Հարկ է նշել, որ, ըստ ադրբեջանական վիճակագրության, ըմպելիքների և ծխախոտի ծախսերն առանձին կետով են հաշվարկվում, և եթե դրանք ավելացնենք սննդին, ապա սննդի ծախսի ցուցանիշը կաճի մինչև 53,2 տոկոս։
Գերմանիայում կրթության ծախսերը կազմում են ընտանիքի բոլոր ծախսերի ամենափոքր հատվածը։ Այդ երկրում, հազվադեպ բացառությամբ, միջին և բարձրագույն կրթությունը բացարձակ անվճար է, և միջին վիճակագրական գերմանական ընտանիքը կրթության վրա ծախսում է ամսական 21 եվրո։
«Ոչ միայն ապրել, այլև որակյալ ապրել»
Ընտանիքի բյուջեում սննդի վրա ծախսվող գումարն ուղղակիորեն կենսամակարդակի ցուցանիշ է, ասում է տնտեսական հարցերի փորձագետ Ալի Ահմեդովը։
«Կենսամակարդակի և եկամտի աճին զուգահեռ՝ սննդի ծախսը բոլոր ծախսերի մասնաբաժնում նվազում է։ Ողջ աշխարհում մարդիկ նախ ձգտում են բավարարել իրենց ֆիզիկական պահանջմունքները։ Միայն դրանից հետո մնացած փողը ծախսվում է այլ բաների վրա։
Եթե ուշադրություն դարձնենք, Ադրբեջանի և եվրոպական երկրների նվազագույն սպառողական զամբյուղի պարունակությունը նույնպես տարբերվում է։ Զարգացած երկրներում այդ զամբյուղի մեջ մտնում է հանգիստը, զբոսաշրջությունը, թատրոնը, կինոն և այլն։ Այլ կերպ ասած՝ խոսքը ոչ միայն կյանքի, այլև կյանքի որակի մասին է», — նշել է Ահմեդովը JAMnews-ի թղթակցի հետ զրույցում։
Փորձագետը պատմել է, որ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի մայրաքաղաքում և շրջաններում ապրող քաղաքացիների եկամտի մեծ տարբերությունը։ Այսպես, ըստ վերջին տվյալների, ամսական միջին աշխատավարձը Բաքվում կազմում է 960 մանաթ [մոտ 473 եվրո], իսկ շրջաններում այդ ցուցանիշը կազմում է 460 մանաթ [մոտ 227 եվրո]։
«Որքան հիշում եմ, Ադրբեջանում դեռ երբեք սննդի ծախսը 45%-ից ցածր չի եղել։ Նույնիսկ մեծ նավթի տարիներին, երբ բնակչությունը փող էր ծախսում բնակարան և ավտոմեքենա գնելու վրա, այդ ցուցանիշը գրեթե նույն մակարդակի վրա էր», — ընդգծել է փորձագետը։
«Փոխվում են սպառողական սովորությունները»
«Վերջին տարիներին Ադրբեջանում կարելի է նկատել սպառողական սովորությունների փոփոխություն։ Եթե նախկինում միջին վիճակագրական ադրբեջանցի սպառողի սպառողական զամբյուղն 80 տոկոսով պարենային ապրանքից էր բաղկացած, ապա այս տարիների ընթացքում այդ ցուցանիշը կրճատվել է մինչև 60, անգամ՝ 50 տոկոս», — JAMnews-ի թղթակցի հետ զրույցում ասել է փորձագետ, CapitalNews տնտեսական պորտալի ղեկավար Ուլվիա Իսմայիլովան։
Նրա կարծիքով՝ այս միտումը բացատրվում է ծախսերի բաշխման նկատմամբ ադրբեջանցի սպառողի ավելի գրագետ վերաբերմունքով։
«Ադրբեջանում խոշոր պարենային սուպերմարկետների աշխատանքի մեկնարկը հենց դարձավ ֆինանսապարենային գրագիտության ձևավորման մեկնարկ։ Ադրբեջանցի սպառողը սովորեց բաշխել պարենային ծախսերը», — հավելել է նա։