Ադրբեջանական էներգետիկ ապոկալիպսիսը՝ լուսանկարներով, պատմություններով և մեկնաբանություններով
Մինգեչաուրի ջերմաէլեկտրակայանում հրդեհ է տեղի ունեցել հուլիսի լույս երեքի գիշերը: Չնայած պաշտոնյաների պնդումներին, թե ամեն ինչ վերահսկողության տակ է, և «վերականգնողական աշխատանքներ են տարվում», հաջորդ երկու օրը երկրում քաոս էր տիրում. մերթ լույս չկար, մերթ՝ ջուր, չէր աշխատում մետրոն ու լուսաֆորները:
Եկեք շրջենք քաղաքում, տեսնենք, թե ինչ տեսք ունի Բաքուն «էներգետիկ ապոկալիպսիսից» երկու օր անց և լսենք, թե ինչ են խոսում մարդիկ փողոցներում և սոցցանցերում:
Facebook:
«Ապոկալիպսիսը շարունակվում է:
Մետրոն չի աշխատում, կանգառներում բազմաթիվ մարդիկ կան, նրանք չեն կարողանում աշխատավայր հասնել: Ավտոբուսները (մեծ մասը) անվճար են, սակայն հնարավոր չէ նստել: Տաքսու վարորդների մոտ տոն է, նրանք ուրախությամբ գին են բարձրացնում՝ առանց աչք չթարթելու, և, կարծես, չեն էլ հասկանում, թե ինչն այն չեն անում»:
Մետրոն օրվա երկրորդ կեսին այնուամենայնիվ սկսեց աշխատել, սակայն երեկվա անսպասելի կանգնելուց հետո, երբ մարդիկ ստիպված էին մինչև կայարան ոտքով գնալ թունելով, գետնի տակ ոչ ոք չի շտապում իջնել: Ոչ մի երաշխիք չկա, որ լույսը կրկին չեն անջատի:
Մոտ ութ տարեկան մի աղջնակ, քաշելով մոր ձեռքը տուրնիկետի մոտ, հուսահատ կերպով լալիս է և ասում, որ վախենում է մետրո մտնել: Կինը, մի փոքր մտածելով, ընդունում է նրա ասածն, ու նրանք երկուսով հեռանում են:
Մետրոյի Դարնագյուլ կայարանի՝ այս ժամին սովորաբար ամենաաշխույժ ճյուղի վագոնում, նույնիսկ ազատ տեղեր կան:
Facebook:
«Ստիպված էինք քրտինքից կպչուն և փնթի կերպով քնել, որովհետև լույս նույնպես չկար:
…
Նույնիսկ Բաքվի չափանիշներով բացարձակ դժոխային շոգն այդ ամենին տանջանք է ավելացնում այնպես, որ ակամա քեզ ֆանտաստիկայի ժանրի վեպի հերոս ես զգում, որում, սյուժեի համաձայն, շուտով տարբեր կատակլիզմներ կսկսվեն տեղի ունենալ»:
Անմարդկային շոգն արդեն մեկ շաբաթ է, ինչ պահպանվում է: Երկրում միջին ջերմաստիճանը հասնում է 43 աստիճանի: Բաքվեցիներն այսպիսի օրերին դադարում են տնից դուրս գալ և փրկություն են փնտրում օդորակիչների աշխատանքում, որովհետև դրսում գտնվելը վտանգավոր է:
Թե ինչու հուլիսի 3-ին լույսի հետ մեկտեղ անջատեցին նաև ջուրը, սկզբում անհասկանալի էր: Հետո բացատրեցին, որ դադարել են աշխատել Ջեյրան-բատան լճի մաքրիչ կայանները:
«Ազադլիգ» պողոտայի՝ մեքենաների լվացման կետում կարծես թե աշխատում են: Աշխատակցից հարցնում եմ, թե արդյոք վաղուց են ջուրը միացրել: «Չեն միացրել, — պատասխանում է նա, — ջուրը բաքից է: Ձգտում ենք տնտեսել»:
Facebook:
«Երրորդ օրն է, ինչ լույսն ու ջուրն անջատել են: Շնորհակալություն, որ այսօր գոնե բարեհաճել են ավտոբուսներն անվճար դարձնել: Կառավարության նման ուշադրությունից նույնիսկ աչքերս լցվեցին»:
«Անվճար» ավտոբուսներում (հաշվի առնելով մարդկանց վախը մետրոյից) ամենաթեժ ժամերին աննկարագրելի հրմշտոց է: Քաղաքի կենտրոնից մինչև Քերօղլուի մետրո ավտոբուսում, իսկ դա մոտ կես ժամվա ճանապարհ է, բոլորը վերջին կանգառում էին իջնում, այնպես որ բոլոր միջանկյալ կանգառներում ավտոբուս կարող էր խցկվել ամենաշատը 2-3 մարդ:
Ուղևորները շոգն ու ջրի բացակայությունն էին քննարկում. «Այնքան եմ ուզում լողանալ, արդեն երեք օր է՝ չեմ լողացել», ամենատարբեր ասեկոսեներ, այդ թվում այն մասին, թե քանի մարդ է շոգից մահացել հիվանդանոցներում, որտեղ էլեկտրագեներատորներ չեն եղել (առողջապահության նախարարությունն արդեն երեկ երեկոյան հայտարարել է, որ նման բան բացարձակապես չի եղել, և հիվանդանոցների գեներատորները սարքին են):
Տարեց մի կին, ժամանակ առ ժամանակ թաշկինակով սրբվելով, ասում է կողքի կանգնած աղջկան. «Անձեռոցիկ ուզո՞ւմ ես: Մի՛ վախեցիր, անվճար է»:
Facebook, «Հայտարարությունների տախտակ» խումբ.
«Հաշվի առնելով, որ մետրոն այսօր չի աշխատում, անվճար երկու հոգու կտեղափոխեմ «ուկրաինական շրջանից» մինչև մետրոյի «Մայիսի 28» կայարան: Ցանկալի է՝ կանանց»:
Դավադրության եվս մեկ տեսություն է այն, որ ՋԷԿ-ի հրդեհը հայ դիվերսանտների ձեռքի գործն է: Այն ծնվել է լուսանկարներից և տեսանյութերից, որոնցում երևում է, որ Flame Towers շենքերի վրա լույսը տալուց հետո ադրբեջանական դրոշի հետ մեկտեղ հայտնվում է նաև հայկականը: Այս վարկածն ասեկոսեներից զատ ոչ մեկի կողմից և ոչնչով հաստատված չէ:
Disput.az ֆորում.
«Քաղաքի կեսը շորտերով և մինի-շրջազգեստներով էր, Ալլահն էլ ձեզ պատժեց՝ թողնելով առանց լույս ու ջրի: Դա ի՜նչ բան է: Ղուրան է պետք կարդալ և երկար շրջազգեստ կրել»:
Թալեհ Շահսուվարլի, լրագրող.
«Ընկերներ, հասկանում ենք, որ շոգ է: Հասկանում ենք նաև, որ էլեկտրաէներգիայի անջատումը զգալիորեն ազդում է սոցիալական կյանքի վրա: Մեր տանն էլ հիմա լույս չկա: Սակայն պետք է հասկանալ, որ դա վթար է: Վթար է տեղի ունեցել, և այժմ այն չեզոքացնելու միջոցներ են ձեռնարկվում»:
Facebook.
«Վաղը կարող եք շոգին թունելում կամ հիվանդանոցում հայտնվել, որտեղ գեներատորներ չկան: Կասկածում եմ, որ այդ ժամանակ ցանկանաք արդարացնել նրանց, ովքեր փողորը գողացել են և ձեր կյանքը սպառնալիքի ենթարկել: Բավական է ապրել տոտալիտար հասարակության կանոններով»:
Սոցցանցերում չգրանցված աղջիկ.
«Ստացվում է, որ եթե մեզ վրա մեկը ցանկանա հարձակվել, միայն մեկ պայթյունը բավակա՞ն է»:
Facebook:
«Թբիլիսի. մետրոն չէր աշխատում մեքենավարների գործադուլի պատճառով:
Բաքու. մետրոն չի աշխատում երկրի էներգահամակարգի անորոշ վիճակի պատճառով: Հ.Գ. 500 կմ և ի՜նչ տարբերություն: Լավ օր ձեզ»:
Facebook, «Հայտարարությունների տախտակ» խումբ.
«Բաքուն անլույս ու անջուր թողած ֆիզիկական և իրավաբանական անձանց ես այս պահին, որքան ուժ ունեմ, հիշում եմ ինձ հայտնի բոլոր բառերով»: