«Ադրբեջանական զինուժի ագրեսիվության աճ»․ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում աճում է, այստեղ ադրբեջանական զինուժի «ագրեսիվության աճի միտում» է նկատվում։ Այս մասին Անվտանգության խորհրդի նիստին մայիսի 17-ի առավոտյան հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Այս առնչությամբ Հայաստանն ակտիվացնում է արձագանքման ընթացակարգերը, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական ռազմավարական համակարգով։
Իրավիճակը Սյունիքում, որով Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը, սրվել է մայիսի 12-ից։ Հաղորդվում էր, որ ադրբեջանական ԶՈւ-ն իր դիրքերն առաջ է տվել մի քանի կիլոմետր դեպի Հայաստանի տարածք՝ Սև լճի ուղղությամբ։
«Պետք է նշեմ, որ սա նախապես պլանավորած սադրանք է Ադրբեջանի կողմից։ Նրանք կեղծ քարտեզներ ունեն, որոնք իբր պետք է հաստատեն լճի պատկանելությունն իրենց, սակայն դրանք ակնհայտ կեղծ փաստաթղթեր են։ Մեր խնդիրը Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիությունը պահպանելն է», — հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին։
Նույն օրը նա արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարներին հաձնարարել էր խորհրդակցությունների համար դիմել ՀԱՊԿ ռազմական դաշինքին, որի անդամ է Հայաստանը։
Բանն այն է, որ ադրբեջանական զինուժը փորձել է Հայաստանի տարածքով առաջանալ ոչ միայն Սյունիքի ուղղությամբ։ Մայիսի 13-ին Հայաստանի ՊՆ-ն հաղորդել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն «սահմանների ճշգրտման» պատրվակով փորձել է իր դիրքերն առաջ տալ Վարդենիսի շրջանում (Գեղարքունիքի մարզ)։
Մինչև մայիսի 16-ի ուշ գիշեր բանակցություններ են ընթացել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև։
Դրանց ավարտից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ բանակցությունների արդյունքները «մեզ համար դրական են», և վաղն ադրբեջանական զինված ուժերը «պետք է լքեն լճի տարածքը»։
Նրանց մի մասն իրոք դուրս է եկել տարածքից, սակայն, ըստ Փաշինյանի, Հայաստանի սահմաններում իրավիճակը զգալի փոփոխություն չի կրել, բանակցությունները շարունակվելու են մայիսի 19-ին։
- Պայթյունավտանգ իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանին․ Հայաստանը դիմել է դաշնակիցներին
- «Ծրագրված սադրանք» Հայաստանի սահմանին։ Ի՞նչ է լինելու։ Կարծիքներ
Փաշինյանի հայտարարությունը
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողների որոշ խմբեր, որոնք հատել են Հայաստանի սահմանը, մայիսի 14-ից լքել են երկրի տարածքը․
«Նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ:
Սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք գործարկել Հավաքական անվտանգության պայմանագրի մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»:
Ինչ վերաբերում է բանակցությունների շարունակմանը, ապա, ըստ Փաշինյանի, դրանց թեման նույնն է․ «Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»։
Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, պաշտոնական Երևանն իրավիճակը գնահատում է որպես ճգնաժամ, որը սպառնալիք է ստեղծում հանրապետության ինքնիշխանության, կայունության և տարածքային ամբողջականության համար։
Կարծիքներ
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը ներկայացրել է իր տեսակետը․
«Սա պայքար է ոչ թե Սև լճի կամ Կութի, այլ Քարվաճառի և Շուշիի համար: Կարծում եմ, որ ադրբեջանցիները հասկանում են Քարվաճառում տեղակայված զորքերի անելանելի վիճակը պատերազմի դեպքում (այն էլ Ռուսաստանի մասնակցությամբ), քանի որ ադրբեջանական ջոկատների միակ ելքը Ադրբեջան լինելու է Օմարի լեռնանցքի միջոցով, ինչը շատ խնդրահարույց է և սպառնում է շրջափակումով:
Այսօր Ադրբեջանը Քարվաճառին կապող միակ անցանելի ճանապարհը գնում է ԼՂՀ տարածքով: Նույն խնդիրը վերաբերում է Շուշիին, չնայած նրան, որ Կարմիր Շուկայի մոտով անցնող ճանապարհը դեռ բաց է ադրբեջանցիների համար, իսկ էսկալացիայի դեպքում՝ կառուցվող Ֆիզուլի-Շուշի ճանապարհահատվածը դառնալու է վտանգավոր:
Այսպիսով, հակառակորդը փորձում է «խորանալ» Հայաստանի ինքնիշխան տարածք՝ վտանգ ստեղծելով Գեղարքունիքի և Սյունիքի ենթակառուցվածքների համար:
Մյուս կողմից, կարելի է տեսնել Նախիջևանից նշմարվող սպառնալիքը, ինչը կարող է բերել Սյունիքի շրջափակմանը: Գրավելով ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր՝ Ադրբեջանն իրագործում է երկու ծրագիր. պլան «մինիմում»՝ ապահովել Քարվաճառում և Շուշիում գտնվող զորքերի անվտանգությունը, պլան «մաքսիմում»՝ պատրաստվել հետագա տարածաշրջանային պատերազմի։
Հետևաբար, որպես արդյունք, ստանում ենք «պտտվող դռների» էֆեկտ, երբ բոլոր կողմերը խոցելի են:
Ամեն դեպքում, լուծումը լինելու է ժամանակավոր, և նմանատիպ սադրանքները դեռ շարունակվելու են, իսկ մեզ մնում է պատրաստ լինել իրադրության ցանկացած զարգացման»։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նույնպես մեկնաբանել է Սյունիքում ստեղծված իրավիճակը։ Նրա կարծիքով՝ սա սադրանք է ոչ միայն հայերի, այլև ռուսների դեմ, որը ձեռնարկել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան․
«Միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատերազմը չի ավարտվել, քանի որ պատերազմող և շահագրգիռ կողմերից և ոչ մեկը դրա արդյունքներով բավարարված չէ։ […]
1. Հիմա ռուսներին (ՀԱՊԿ) փաստի առաջ են կանգնեցրել (նաև մեր ձեռքով): Կամ պետք է հատուկ օպերացիա իրականացնի և ուղիղ բախվի ադրբեջանցիների հետ, կամ փորձի ինչ-որ հարցում Թուրքիայի համար գնալ զիջման:
2. Թուրքիայի (արևմուտք) ցանկությունը մեկն է: Կա՛մ Ռուսաստանը պետք է ռազմական ներկայությունը դադարեցնի տարածաշրջանում, և Հարավային Կովկասում ազդեցության համար լինի միայն տնտեսական մրցակցություն (տես Վրաստանի օրինակը), կա՛մ Թուրքիան էլ պետք է ռազմական ներկայություն ունենա՝ այսինքն ՆԱՏՕ-ն ՌԴ սահմանակից երկրում:
3. Կա նաև մեկ այլ սցենար: Ռուսաստանը չի ներքաշվում, Բաքուն Սյունիքում շարունակում է առաջխաղացումը: Եթե մենք ադեկվատ ղեկավարություն և զինված ուժեր ունենայինք, երրորդ սցենարը մեզ վրա կվերցնեինք ու կկասեցնեինք դրա ընթացքը: Ավաղ»։
Քաղաքագետը նշել է նաև, թե ինչու է Սյունիքը կարևոր Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իրանի համար։
«Իրանի համար Սյունիքը արտաքին սահման է: Ելք դեպի ԵԱՏՄ (որին ցանկանում է միանալ): Միակ ցամաքային սահմանը ԵԱՏՄ-ի հետ: Եթե Իրանը կորցնում է այս սահմանը, ապա ամբողջապես հայտնվում է Թուրքիայից (ՆԱՏՕ) կախվածության մեջ: Իրանը կորցնում է նաև դեպի Սև ծով և Եվրոպա դուրս գալու (Հայաստանի և Վրաստանի միջով)՝ Թուրքիայից անկախ ճանապարհ: Կարծում եմ՝ այս պարբերությամբ նկարագրեցի նաև ԱՄՆ-ի և Իսրայելի շահը:
Թուրքիայի համար Սյունիքը տալիս է «Մեծ Թուրան» նախագիծն իրականացնելու հնարավորություն: Սա էապես բարձրացնելու է Թուրքիայի ազդեցությունը իսլամական և թյուրքական աշխարհում: Թուրքիան դառնալու է գլոբալ գերտերություն (ԱՄՆ-ի և Չինաստանի պես):
Դրանից զատ, միջինասիական երկրների նավթագազային ռեսուրսները (և ոչ միայն միջինասիական) կանցնեն Սյունիքով (այն կարող է լինել Ադրբեջանի կամ Թուրքիայի կազմում) ինչի արդյունքում Եվրոպան էներգակիրների հարցում կախված կլինի ոչ թե Ռուսաստանից, ինչպես որ հիմա է, այլ բացառապես Թուրքիայից: Կարծում եմ, այս պարբերությամբ նկարագրեցի նաև Ռուսաստանի շահը:
Գումարած դրան, Ռուսաստանի ազդեցությունը էապես կնվազի ոչ միայն Եվրոպայում, այլև Միջին Ասիայում: Միաժամանակ, Ռուսական ռազմաբազա Սյունիքում՝ նշանակում է ռազմաբազա Թուրքիայի քթի տակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Իսկ հիմա պատմական անդրադարձ: Դեռևս 1992թ. Թուրքիայի նախագահ Օզալը Բուշ ավագին համոզում էր․ «Եկեք փոխանակենք Սյունիքը Ղարաբաղի հետ։ Ղարաբաղը՝ հայերին, Սյունիքը՝ Ադրբեջանին: Բոլոր խողովակաշարերը գնում են Ռուսաստան կամ Ռուսաստանի տարածքով են անցնում։ Նույնիսկ հիմա Թուրքմենական գազը գնում է Ռուսաստանի միջով։ Իմ պլանի օգնությամբ մենք կարող ենք այդ խողովակաշարը Ադրբեջանի միջոցով միացնել Թուրքիային և տանել Եվրոպա։ Այս պետությունները կարիք ունեն դուրս գալու դեպի Եվրոպա՝ ոչ Ռուսաստանի տարածքով»»։