Ագրոգիտելիքներ՝ սովորական դպրոցում
Այս ամենի նպատակը դպրոցի արտաքին տեսքի ձևավորումը չէ: Այս ուսումնական հաստատությունում փորձում են աշակերտներին կապել հայրենի հողի հետ՝ գյուղական դպրոցի իրենց մշակած մոդելի միջոցով: Բացի ուսումնական ծրագրից, այստեղ աշակերտները մասնակցում են ագրոդպրոցի դասընթացներին:
Տնօրենը՝ Գևորգ Մուքոյանը ինքն էլ է մասնակցում ուսումնական պրոցեսին, աշակերտներին հող մշակել ու հողի մեջ հոգի դնել է սովորեցնում, ասում է. ինձ տվեք թույլ արմատով մի ծառ` ես հոգով այն կտնկեմ, ու կտեսնեք, ինչպես կկանաչի:
Մասնագիտությամբ նա գյուղատնտես է, 3 տարի առաջ որոշեց կանաչապատել դպրոցի 2 հեկտար անմշակ տարածքն ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվել: Առաջին հերթին ծառեր տնկեցին: Գևորգ Մուքոյանը որոշեց բացառապես ծիրանենիներ տնկել, ասում է. «Գործին ավելի հայեցի մոտեցանք ու որոշեցինք մեր հայկական պտուղը մշակել»:
300 աշակերտ է սովորում դպրոցում, և նույնքան ծիրանի ծառ տնկվեց դրա տարածքում: Մինչ ծառերի մեծանալը, հողը օգտագործվում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակության համար, որտեղից ստացված բանջարեղենը պահեստավորվում է և օգտագործվում ճաշարանում:
Այն միշտ թարմ ու առողջ սննդամթերքից է ուտելիքներ պատրաստում: Այս պահին դպրոցում սնվում են նախակրթարանի աշակերտները՝ 1-3 դասարանցիները և անապահով ընտանիքների երեխաները: Հետագայում, երբ աշակերտների ու ուսուցչական կոլեկտիվի ձեռքերով աճեցրած գազարը, կաղամբը, բազուկը, կարտոֆիլը, լոբին ու ոլոռը բավականացնի, պատրաստվում են կերակրել բոլորին:
Գյուղատնտեսության տարբեր ոլորտների ուսումնասիրման խմբակներում ընդգրկվելու համար տարիքային սահմանափակում չկա, յուրաքանչյուրի համար իր ուժերի սահմաններում անելիք գտնվում է: Սերմերի տեսակավորումից մինչև բերքահավաք աշակերտներն ու ուսուցչական կոլեկտիվը միասին են իրականացնում:
11-րդ դասարանի աշակերտուհի Ալվարդ Սարգսյանը սածիլավորման աշխատանքներից մինչև հողի փխրեցում իր մասնակցությունն է ունեցել, ասում է, բացի հետաքրքիր լինելուց՝ գյուղում ապրելու համար ճիշտ գյուղատնտեսություն վարել ենք սովորում:
Պատմության ուսուցչուհի Սուսաննա Հովակիմյանն էլ վստահ է. կարևորը աշակերտների մոտ հողի նկատմամբ սեր առաջացնելն է, այդ դեպքում նրանք գյուղից չեն հեռանա:
Հովանավորների միջոցներով ագրոդպրոցում արդեն ջերմատուն է կառուցվել , անասնագոմը կառուցման փուլում է, իսկ դպրոցի նկուղը սնկի արտադրության համար է պատրաստվում; Անասնապահությամբ զբաղվելը ևս ագրոդպրոցի ծրագրի մեջ է մտնելու, իսկ թարմ մսամթերքն ու կանթնամթերքը ևս դպրոցի ճաշարան է մտնելու: Առաջիկայում թռչնաբուծությամբ զբաղվելու ծրագիրն է մշակվելու՝ ճաշարանում թարմ ձու ունենալը ևս կարևոր է:
Ագրոդպրոցի սկզբունքն է զերծ մնալ քիմիական պարարտանյութերի օգտագործումից և ստանալ էկոլոգիապես մաքուր պտուղ-բանջերեղեն: Այդպիսով աշակերտներն էլ դաստիարակվում են ապրել և հետագայում՝ եթե ընտրեն գյուղատնտեսի մասնագիտությունը՝ աշխատել այդ նույն սկզբունքով: