Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարել է, որ Աբխազիան բոլոր հնարավորություններն ունի դառնալու երկրորդ Մոնակո, իսկ Սուխումին՝ երկրորդ Մոնտե Կառլո։
Ղարիբաշվիլին պարզաբանել է, որ երկրի միավորումն այժմ ամենակարևոր խնդիրն է և հիմնական գաղափարը, որի շուրջ «մեր ժողովուրդը պետք է համախմբվի»։
«Ցավոք, մեր ընդդիմախոսները խոսում են ամեն ինչի մասին, բացի մեր ժողովրդի համար իսկապես կարևոր խնդիրներից։ Ինչպես գիտեք, այսպես կոչված, օկուպացված Աբխազիայի բյուջեն, եթե չեմ սխալվում, կազմում է 200 մլն դոլար։ Նրանց բյուջեն ամբողջությամբ սուբսիդավորվում է։ Ուզում եմ մեր աբխազ և օս եղբայրներին ու քույրերին պատմել բաց թողնված հնարավորությունների մասին։
Եթե մեր երկիրը միավորվի, ապա առաջին երեք տարում մենք կարող ենք մոտ 10 միլիարդ դոլար ներդնել Աբխազիայում և Սամաչաբլոյում [Հարավային Օսիայում]։ Սա կարելի է շատ հեշտությամբ կազմակերպել։ Մենք սա հասկացանք, տնտեսական խորհրդում քննարկեցինք հարցը»,- ասել է վարչապետը։
Ներկայացնելով տարեկան զեկույցը՝ Ղարիբաշվիլին նաև նշել է, որ Վրաստանի քաղաքականությունը խաղաղ բնույթ ունի ու հավելել՝ «մենք ուզում ենք բուժել այդքան պատերազմներից ստացած վերքերը»։
«Մեր քաղաքականությունը չի վերանայվի, մենք պարզապես ցանկանում ենք խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը, հաղթահարել այդ սարսափելի ողբերգությունը, որպեսզի բոլորս միասին ապրենք միասնական, ուժեղ, եվրոպական Վրաստանում»,- ասել է վարչապետը։