Աբխազիան՝ հնագույն քարտեզների վրա
Հայտնի աբխազ լուսանկարիչ Իբրահիմ Չկադուան Սուխումում արտասովոր ցուցահանդես է անցկացնում. նա հանդիսատեսին է ներկայացրել հնագույն քարտեզների և փորագրությունների իր հավաքածուն, որն արտացոլում է Աբխազիայի պատմությունը տարբեր դարաշրջաններում:
Ընդհանուր առմամբ Աբխազիայի նկարիչների միության կենտրոնական ցուցասրահում կարելի է տեսնել 37 քարտեզ և 10 փորագրություն: Դրանց թվում են 17-20-րդ դարերի աշխարհագրական, քաղաքական, տեղագրական քարտեզների օրիգինալներ: Կան նաև քարտեզներ, որոնք կազմվել են՝ ըստ անտիկ աղբյուրների:
Իբրահիմ Չկադուան JAMnews-ին պատմել է հավաքածուի և դրա պատմության մասին:
«Ես սկսել եմ քարտեզներ հավաքել շատ պատահական: Գրախանութում տեսա 1919թ-ի անգլիական քարտեզների հավաքածու, սկսեցի փնտրել մեր տարածաշրջանը, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է Աբխազիան այն ժամանակ նշվել: Դա այն ժամանակահատվածն էր, երբ Ռուսական կայսրությունը փլուզվել էր, և ամենուրեք քաղաքացիական պատերազմ էր: Աբխազիան նշված էր որպես «սևծովյան դիրեկտորիա», ինչը նշանակում էր կառավարման կոլեգիալ ձև առանց պետական իշխանության:
Քանի որ ես կրթությամբ պատմաբան եմ, ցանկացա ավելի շատ ուսումնասիրել Աբխազիայի կարգավիճակը պատմական տարբեր ժամանակահատվածներում: Այդպես էլ սկսեցի հետաքրքրվել քարտեզագրությամբ և հնարավորության դեպքում քարտեզներ ձեռք բերել, որոնց վրա նշված է Աբխազիան:
Ակտիվորեն քարտեզներ եմ հավաքում արդեն 3 տարի: Ժամանակի ընթացքում սկսել եմ ավելի շատ ձեռք բերել դրանք ինտերնետով տարբեր կայքերից և աճուրդներից: Փնտրում եմ նաև փորագրություններ և Աբխազիայի պատմության այլ նյութեր: Այն բանից հետո, երբ հաջորդ նմուշը մոտս է լինում, ես թողարկման և արտադրման տարեթվի մանրամասն նույնականացում եմ անցկացնում:
Այդպես ինձ մոտ հայտնվեցին լյուքս դասի ծխախոտի ոչ մեծ ներդիրներ, որոնք 1920-ականների գերմանական արտադրության են: Դա աշխարհի զինանշանների սերիա է, ինչպես այսօր արտադրում են ֆուտբոլիստների և դերասանների նկարները: Այդ ներդիրների մեջ առանձին կան Աբխազիայի և Վրաստանի զինանշանները:
Հիմա ինձ մոտ 17-20-րդ դարերի ավելի քան քառասուն քարտեզ կա: Դրանցից ավեմանուշ տպագրվածը 1940թ-ի է: Դա գերմանական ռազմական քարտեզ է, այն տեղա-ազգագրական է: Նախանշված է եղել մարտական գործողությունների համար, ինչը հաստատվում է կնիքներով, այդ թվում՝ սվաստիկայով և ՍՍ տառերով կնքամոմով կնիքներով:
Իմ հավաքածուում ավելի լավ ներկայացված են 18 և 19-րդ դարերը: 20-րդ դարի քարտեզներ կան, որոնցում Աբխազիան ներկայացված է որպես միութենական երկիր և պայմանագրային միութենական երկիր, երկու քարտեզներն էլ ԽՍՀՄ ստեղծման սկզբնական շրջանի են: Ես հավաքածու եմ հավաքում՝ փորձելով լրացնել պատմական անցքերը, սակայն հաշվի առնելով իմ նյութական հնարավորությունները: Այդ պատճառով էլ 17-րդ դարից ավելի հին քարտեզներ չունեմ: Դա էլ ներկայացված է ընդամենը 3 քարտեզով, քանի որ որքան հին են քարտեզներն, այնքան թանկ են, որպես կանոն: Չնայած որ գնի վրա ազդում է նաև չափսը, հազվագյուտ լինելն ու քարտեզի պատկերավորությունը:
Քարտեզագրության աշխարհը բազմազան է և լի է բացահայտումներով: Եվ քարտեզները թերևս պատմական աղբյուրներից ամենաանաչառն են: Դրանցում շատ տեղեկատվություն կա քաղաքական պատմության, տեղագրության, ազգագրության, աշխարհագրության վերաբերյալ: Պատմաբանները հիմնականում մեր նորագույն պատմության իրադարձությունների նախաձեռնողներն են եղել:
Քարտեզներ հավաքելով՝ ես ուզում եմ իմ ներդրումն ունենալ պատմության անաճառ ընկալման գործում: Դա հատկապես վերաբերվում է Վրաստանի և Աբխազիայի միջև հարաբերություններին: Եվ հատկապես դա վերաբերում է 20-րդ դարին, երբ անգամ քարտեզների միջոցով է հնարավոր հետևել պատմական գործընթացներին, որոնք բերել են 1992-1993թթ-ի վրաց-աբխազական պատերազմին:
Ես այս ցուցահանդեսը բացել եմ մեծ մասամբ նրա համար, որպեսզի գիտնականների և հասարակության հետաքրքրությունն առաջացնեմ քարտեզագրության հանդեպ: Պատմական և ընդհանրապես գիտությունն այժմ բնավ այն դիրքերը չի զբաղեցնում, ինչ առաջ: Միգուցե դա լավ է: Օրինակ, վրացի պատմաբան Պավել Ինգորոկվան մեծ մասամբ ազդել է Վրաստանի և Աբխազիայի միջև հարաբերությունների վրա:
Սակայն դա չի նշանակում, որ պատմությամբ պետք չէ զբաղվել: Այժմ հասանելի են բազմաթիվ աղբյուրներ, քանի որ հասանելի են դառնում աշխարհի թանգարաններն ու արխիվները: Դա հսկայական հնարավորություն է պատմաբանների համար, որոնք պետք է պատմական գիտությունը փողոցի քննարկումներից ներս բերեն համալսարաններ և դպրոցներ»:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի