Աբխազիայում օգնությունը բազմազավակ ընտանիքներին սկանդալ է առաջացրել
Աբխազիայում «Ազխարա» հիմնադրամ կա, որի նպատակը ժողովրդագրական իրավիճակի բարելավումն է: Նպատակին հասնելու համար, ինչպես կարծում են հիմնադրամում, բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելն է: Հենց դրանով է հիմնադրամը զբաղվում 2017թ-ի հունվարից՝ մասամբ մասնավոր նվիրատվությունների, մասամբ էլ բյուջեի միջոցների հաշվին:
Վերջերս «Ազխարան» հրապարակել է իր տարեկան հաշվետվությունը, որում նշված են հստակ ընտանիքներ, որոնք հիմնադրամից օգնություն են ստացել: Եվ հասարակությունում աղմուկ բարձրացավ: Պարզվեց, որ հիմնադրամն օգնությունը ցուցաբերում է ազգային պատկանելիության սկզբունքով՝ միայն աբխազական ազգանվամբ ընտանիքներին:
Աբխազական ազգանուն չկրող քաղաքացիները այս գործընթացը խտրականություն համարեցին:
«2018թ-ի առաջին կիսամյակում «Ազխարա» բարեգործական ոչ առևտրային հիմնադրամը 100 հազարական ռուբլի [մոտ 1600 դոլար] է վճարել աբխազ ընտանիքներին երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան կապակցությամբ: Նյութական օգնություն ստանալու գլխավոր չափորոշիչն ազգային պատկանելիությունն է», — գրում էր աբխազական մամուլը:
Վեճի էությունը
Սոցցանցերում այս հարցը թեժ վեճերի առիթ էր դարձել:
Աբխազ ընտանիքների ներկայացուցիչներից շատերը ճիշտ են համարում միայն աբխազներին օգնելու հիմնադրամի որոշումը:
«Ոչ մի խնդիր այդտեղ չեմ տեսնում: Մեզ օգնում է մեր աբխազական հիմնադրամը: Իսկ ռուսներին, հայերին և մնացածներին թող օգնեն իրենց համայնքները», — գրել է աբխազ մի կին:
Այլ ազգերի ներկայացուցիչները, սակայն, դա շատ անարդար են համարում, քանի որ հիմնադրամը գործում է այդ թվում նաև հարկատուների վճարների հաշվին, որոնց թվում կան նաև այլ ազգերի ներկայացուցիչներ:
«Եթե հիմնադրամը փող ստանար միայն մասնավոր անձանցից և ինքը որոշեր, թե ում ինչպիսի օգնություն ցուցաբերել, դա նորմալ կլիներ: Սակայն երբ հիմնադրամի ներկայացուցիչն ասում է «անկասկած պետությունը մեզ մեծ աջակցություն է ցուցաբերում», իսկ բյուջե հարկ վճարողները բոլոր քաղաքացիներն ու իրավաբանական անձինք են՝ անկախ աշխատակիցների և սեփականատերերի ազգային պատկանելիությունից, ապա դա արդեն ազգային հատկանիշով խտրականություն է», — գրում է սոցցանցերի օգտատերերից մեկը:
Ո՞չ բոլորն են հավասար քաղաքացիներ
Զինաիդան ազգությամբ ռուս Աբխազիայի քաղաքացի է [չցանկացավ ամբողջությամբ ներկայանալ — JAMnews]: Նա ասում է, որ հարկ է հիշել այն մասին, որ 1990-ականների վրաց-աբխազական պատերեազմի ժամանակ հայրենիքը պաշտպանելու են գնացել բոլորն առանց բացառության:
«Այն ժամանակ ազգային պատկանելիության հարց չէր դրվում: Այս վերջերս է, որ, չգիտեմ ինչու, նման խնդիր է առաջացել, — ասում է Զինաիդան: — Ես համաձայն եմ, որ պետությունը պետք է մեծ մասամբ դրա ներկայացուցիչներից կազմված լինի: Սակայն այստեղ հստակ խտրականություն է այնպես, ինչպես Աբպազիայի այն քաղաքացիներին անձնագիր տրամադրելու արգելքը, որոնք ազգությամբ աբխազ չեն»:
Զինաիդան պատմեց, որ իր ծանոթներից մեկին՝ բազմազավակ մորը, որն ազգությամբ աբխազ է, հրաժարվել են նյութական օգնություն ցուցաբերել, որովհետև նրա ամուսինը ռուս է:
«Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. որ նա սխա՞լ է ամուսնացել: Պատկերացրեք, թե ինչպես է այդ ընտանիքն իրեն հիմա զգում, հատկապես ամուսինը՝ տեղի բնակիչն, Աբխազիայի քաղաքացին», — ասում է Զինաիդան:
Քննադատություն կուլիսներում
Իր հարցազրույցներից մեկում հիմնադրամի համահիմնադիր Լուիզա Տարբան ասել է.
«Աբխազիան երբեք չի մոռանա այն օգնությունը, որը ցուցաբերել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները 1992-1993թթ-ին Աբխազիայի ժողովրդի պատերազմի ժամանակ: Սակայն այսօր նրանք ժողովրդագրական խնդիրներ չունեն, ինչը չես ասի աբխազ ժողովրդի մասին»:
«Հիմնադրամի նպատակը գոնե ինչ-որ կերպ ծնելիությունն ավելացնելն է: Եվ եթե գոնե փոքր տոկոսով հնարավոր լինի ազդել ժողովրդագրական իրավիճակի վրա, մենք դա հաջողություն կհամարենք»:
Ազգությամբ աբխազ որոշ քաղաքական գործիչներ կուլիսային զրույցներում դժգոհություն են հայտնել միայն աբխազ բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հիմնադրամի որոշման կապակցությամբ: Օրինակ, նրանցից մեկն ասել է, որ խորհրդային տարիներին աբխազները բողոքում էին վրացիների կողմից ճնշումներից, իսկ արդյունքում իրենք են հենց այդ ճանապարհով գնում, և դա ոչ մի լավ բանի չի բերի: Սակայն հանրային կերպով նա չի ցանկացել ասել դա, ինչպես նաև իր անունը նշել JAMnews-ի համար:
Մյուսների մասին ապագայում կմտածենք
2017թ-ին «Ազխարա» հիմնադրամ է դիմել ընդհանուր առմամբ 407 ընտանիք: Նրանցից 363-ն օգնություն է ստացել. ընդհանուր առմամբ ավելի քան 36 միլիոն ռուբլի [մոտ $600 հազար] է վճարվել:
«Արդյունքները ցույց են տալիս, որ մենք ճիշտ ուղղություն ենք վերցրել, և այդ ուղղությամբ պետք է աշխատել՝ արդեն որոնելով ոչ պետական աղբյուրներ հիմնադրամի բյուջեն լցնելու համար», — լրագրողներին վերջերս ասել է ֆիմնադրամի հիմնադիրներից մեկը՝ խորհրդարանի պատգամավոր Լեոնիդ Չամագուան:
Որպես ելք իրավիճակից նա կարծում է, որ Աբխազիայում պետք է հիմնադրամներ ստեղծվեն, որոնք օգնություն կցուցաբերեն բազմազավակ ընտանիքներին՝ անկախ նրանց ազգային պատկանելիությունից: Պատգամավորը հստակ պլան չի առաջարկել: