Աբխազական խորհրդարանն ավանդույթ է պահպանում. ընդդիմությանը ոչ մի ղեկավար պաշտոն չեն տվել
Աբխազիայի խորհրդարանի նոր կազմը մի քանի օր առաջ խոսնակին և նրա տեղակալներին է ընտրել, իսկ այս շաբաթ կորոշվեն 9 խորհրդարանական կոմիտեների ու հանձնաժողովների ղեկավարները:
Ըստ ամենայնի, խորհրդարանը պահպանել է անխոս ավանդույթը, երբ բոլոր ղեկավար պաշտոններն իշխանություններին սատարող խորհրդարանական մեծամասնությանն են անցնում. ընդդիմության ոչ մի մասնակից կամ գոնե անկախ պատգամավորներից որևէ մեկը չի ընտրվել ղեկավար պաշտոնում:
Շատ հավանական է, որ խորհրդարանական մեծամասնությունը նույն կերպ իր ներկայացուցիչների միջև կբաշխի կոմիտեների և հանձնաժողովների ղեկավարների պորտֆելները:
Աբխազիայում այնպես է դասավորվել, որ կա խորհրդարանի գործունեության հանդեպ զանգվածային հետաքրքրության միայն մեկ օր, երբ անգամ չքաղաքականացված տնային տնտեսուհիները պատրաստ են կտրվել սերիալների դիտումից և գործնական դեմքով խոսել քաղաքականության մասին: Այդ օրը նոր ընտրված խորհրդարանի առաջին նիստն է:
Առաջին նիստի հանդեպ նման վերաբերմունքը միշտ հանելուկ է եղել, քանի որ ոչ մի շատ կարևոր օրենք առաջին նիստին հնարավոր չէ ընդունել: Դրա օրակարգը բավականին սահմանափակ է և միայն կադրային հարցեր է ներառում՝ խոսնակի և նրա տեղակալների ընտրությունը:
Հավանաբար հենց այդ կադրային հարցը հանգիստ չի տալիս տնային տնտեսուհիներին: Նրանց այդքան հուզում է, թե ում կընտրեն որպես ղեկավար, կարծես նրանք այդ անելուց հետո յուրաքանչյուր հեռուստադիտողին հանձնելու են դեպի կոմունիզմ տանող ամենակարճ ճանապարհի քարտը:
Խորհրդարանի առաջին նիստի օրն՝ ապրիլի 12-ին, բոլորին մեկ հարց էր հետաքրքրում. արդյոք խորհրդարանի նիստի հեռուստահեռարձակում կլինի: Անգամ կառավարական համալիրից մեկ խաչմերուկ ներքև կանգնած միլիցիոներներին էր մտահոգում հեռուստահեռարձակումը, չնայած որ այնքան էլ հասկանալի չէր, թե ինչպես են նրանք պատրաստվում նայել այն՝ լինելով ծառայության մեջ:
Խոսնակը
Ընդհուպ մինչև նիստի սկիզբը սոցցանցերում բուռն քննարկումներ էին ընթանում այն բանի շուրջ, թե ով է խոսնակ դառնալու: Ճնշող մեծամասնությամբ ֆեյսբուքցիների շրջանում հաթանակ տարավ Աբխազիայի նախկին նախագահ, ընդդիմության ներկայիս առաջնորդ Ալեքսանդր Անկվաբը:
Սակայն իրականությունն ուժեղ հակասում է վիրտուալությանը: Խորհրդարանի ներկայիս կազմի պարագայում Ալեքսանդր Անկվաբի ընտրված լինելու շանսերը զրոյի էին հավասար, և նա ինքը դա հիանալի հասկանում էր: 35—ից 20 պատգամավոր իշխանամետ են համարվում, և նրանք ոչ մի պարագայում իրենց ձայնը չեն տա ոչ միայն նախկին նախագահին, այլ նաև իրենց շրջապատից դուրս որևէ մեկին:
Գործող ռեգլամենտի համաձայն՝ նիստը բացեց ամենատարեց պատգամավոր Վալերի Կվարչիան: Նա ոչ միայն ամենամեծ, այլ նաև ամենափորձառու պատգամավորն է. խորհրդարանում է 20 տարի՝ մի քանի փոքր ընդմիջումներով:
Խոսնակի պաշտոնում նրա թեկնածությունն էլ հենց առաջինն առաջադրվեց:
Ընդդիմության և իրենց անկախ համարողների խումբը հարգանքի տուրք մատուցեց Կվարչիային, սակայն խոսնակի պաշտոնում առաջադրեց ԿԸՀ նախկին ղեկավար, ներկայիս պատգամավոր Բատալ Տապագուային:
Նոր գումարման խորհրդարանի աշխատանքի բացումից առաջ օրեր շարունակ հենց այդ երկու՝ Կվարչիա և Տապագուա, ազգանուններն էին նշվում որպես հնարավոր խոսնակի թեկնածուներ: Այնպես որ, ամեն ինչ կարծես շատ բացահայտ, նախապես գրված սցենարով կամ սցենարներով ընթացավ:
Եվս մեկ թեկնածություն առաջադրեց Ալմաս Ջոպուան՝ ըմբոստի համբավ ունեցող «Այնար» կուսակցության միակ ներկայացուցիչը: Առաջին նիստին նա եկել էր ազգային տարազով, դանակով և ատրճանակով: Նա խոսում էր հանգիստ և խաղաղասեր ձևով: Նա որպես խոսնակի թեկնածու առաջարկեց «Արուաա» վետերանական շարժման առաջնորդ Իլյա Գունիային, որը, սակայն, ինքնաբացարկ հայտարարեց:
Արդյունքում Կվարչիան 20 ձայն ստացավ, Տապագուան՝ 10: Եվս 4 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց: Նոր աբխազական խորհրդարանի խոսնակ դարձավ Վալերի Կվարչիան:
Տեղակալները
Երեք տեղակալների ընտրությունը պարզ գործընթաց էր: Որպես թեկնածու էին առաջադրվել Սայիդ Խարազիան, Լևոն Գալուստյանն ու Միխայիլ Սանգուլիան: Նշվեց նաև միակ կին պատգամավորի՝ Նատալյա Սմիրի անունը, որն ինչ-որ աներևակայելի ձևով հայտնվել է խիստ տղամարդկային միջավայրում, որն իրենից ներկայացնում է խորհրդարանի ներկայիս կազմը: Սակայն նա հրաժարվեց: Իսկ ընդդիմությունն ընդհանրապես իրենցից ոչ ոքի չառաջադրեց, եթե անգամ առաջադրեր, հազիվ թե նա անցներ:
Արդյունքում երեք թափուր տեղի համար մրցույթ չստացվեց: Աբազական խորհրդարանն այդ առումով ավանդաբար պահպանողական է: Հաղթողը ստանում է ամեն ինչ: Եվ հավանաբար դրա համար է կադրային հարցը հետաքրքիր քաղաքականությունից հեռու տնային տնտեսուհիներին: