Աբխազական իշխանություններն այլևս չեն հետապնդում Վրաստանի քաղաքացի Գիգա Օթխոզորիային սպանողին
Սուխումը դադարեցրել է Ռաշիդ Քանջիօղլիի հանդեպ քրեական հետապնդումը, որը հեռակա կերպով 14 տարվա ազատազրկման է դատապարտվել Վրաստանի քաղաքացի Գիգա Օթխոզորիայի սպանության համար:
Այդ մասին պարզ է դարձել Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների շրջանակում կայացած հերթական հանդիպման ժամանակ, որն անցկացվել է Գալում (քաղաք, որը վերահսկում է աբխազական կողմը):
Գիգա Օթխոզորիան գնդակահարվել է դիմահար կրակոցով Զուգդիդիի շրջանի Խուրչա գյուղում՝ Աբխազիայի հետ վարչական սահմանի մոտ:
Օթխոզորիայի սպանությունը տեսագրել են արտաքին վերահսկման տեսախցիկները: Տեսագրություններում երևում է, որ Աբխազիայի սահմանային ծառայության ներկայացուցիչ Ռաշիդ Քանջիօղլին և Օթխոզորիան վիճում են այն բանի պատճառով, որ Զուգդիդիի բնակիչը փորձում է հարևան Գալի շրջան մթերք ուղարկել: Դրանից հետո Քանջիօղլին լքել է հսկիչ անցակետն ու անցել գյուղի կողմ, որը վերահսկվում է վրացական իշխանությունների կողմից, և մի քանի անգամ կրակել առանց զենքի Օթխոզորիային:
Վրաստանը բազմիցս բարձրացրել է Քանջիօղլիին վրացական արդարադատությանը հանձնելու հարցը: Նա ներպետական հետախուզման մեջ էր, իսկ 2017թ-ի մարտից ներառված է Ինտերպոլի կողմից փնտրվողների ցուցակում: Սակայն Սուխումը հայտարարում էր, որ Քանջիօղլին ազատ է արձակվել զբաղեցրած պաշտոնից և տնային կալանքի տակ է:
Գալում անցկացված հանդիպմանը հայտնի դարձավ, որ Քանջիօղլին ընդհանրապես ազատված է քրեական պատասխանատվությունից:
Վրաստանի անվտանգության ծառայության տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի պետի տեղակալ Կախաբեր Քեմոկլիձեն հանդիպման ավարտին հայտարարել է լրագրողներին, որ աբխազական իշխանությունների որոշումը «ծայրահեղ անհանստացնող է և միանշանակ ցինիկ»:
«Վրաստանի Պետանվտանգության ծառայությունն ու կենտրոնական իշխանությունների ողջ աշխատակազմը կշարունակի ակտիվ աշխատանքը Քանջիօղլիին ձերբակալելու և նրան վրացական արդարադատությանը հանձնելու ուղղությամբ», — ասել է Քեմոկլիձեն:
Հանդիպում Գալում
Եվ մեկ հարց, որը քննարկվել է Գալի հանդիպմանը, ռուս զինվորականների կողմից տարանջատող կառույցների կառուցումն է Խուրչա գյուղում: Այդ գյուղը գտնվում է տարանջատման գծում՝ վրացական իշխանությունների կողմից վերահսկվող հատվածում:
«Ռուսական օկուպացիոն ուժերը երկու հեկտար հող են զբաղեցրել, որոնք մշակում է տեղի բնակչությունը: Մեր կառավարությունը հարցը բարձրացնում է բոլոր միջազգային հարթակներում», — լրագրողներին հայտարարել է Քեմոկլիձեն:
Գալում խոսում էին նաև Ինգուրի գետով աբխազական կողմի անցակետերի փակման մասին:
««Բորդերիզացիայի» գործընթացը տեղի բնակիչների համար անվտանգության սպառնալիք է ստեղծում և սահմանափակում է նրանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Դա արդեն հանգեցրել է առաջին բացասական արդյունքին: Այս ամիս գետը լողալով անցնելու փորձի ժամանակ խեղդվել է Գալի շրջանի բնակիչ: Մենք վերադարձանք նաև Վրաստանի քաղաքացիների զանգվածային ձերբակալությանը Աբխազիայում հայտնվելու փորձի ժամանակ: Նրանք բոլորը Գալի քննչական մեկուսարանում են», — ասել է Քեմոկլիձեն:
2016 թ-ի դեկտեմբերի վերջին Աբխազիայում որոշում են կայացրել փակել «Նավակևի» և «Օտոբայա» անցակետերը Զուգդիդիի հետ գալի շրջանի վարչական սահմանին: Ընդ որում, հայտարարվել է, որ շարունակելու է աշխատել Սաբերիո ավանի շրջանի անցակետը, ինչպես նաև այն անցակետը, որն օգտագործվում է բացառապես Ինգուրի ՀԷԿ-ի սպասարկման համար:
Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների շրջանակում կայացած հանդիպումներին ավանդաբար մասնակցում են վրացական, աբխազական, հարավօսական, ռուսական կողմերի, ինչպես նաև Եվրամիության և ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ներկայացուցիչները: Միջադեպերի համատեղ կանխարգելման մեխանիզմների մշակման վերաբերյալ առաջարկների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ժնևյան բանակցություններին 2009թ-ի փետրվարի 17-18-ը: