Վրաստանում սկանդալ է բարձրացել այն բանից հետո, երբ վրացի երեխաները հանգստանալու են մեկնել Ղրիմ
146-րդ դպրոցի 6 աշակերտ մեկնել է ռուսաց լեզվի դասընթացների, որը կազմակերպվում է Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում: Արտեկ քաղաքում նրանք մասնակցում են «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնի առաջին միջազգային հավաքին:
Վրացի աշակերտների՝ Ղրիմ մեկնելու վերաբերյալ տեղեկատվությունն օգոստոսի 21-ին տարածել է Sputnik Georgia պարբերականը: Պարբերականին տված հարցազրույցում դպրոցականներն ասել են, որ Արտեկի մասին իմացել են ռուսաց լեզվի ուսուցչից և միջոցառմանը մասնակցելու համար հատուկ մրցույթ են անցել: Հոդվածում ասվում է, որ մրցույթն անցկացվել է Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինսիտուտի կողմից: Մրցույթի շրջանակում աշակերտները պատրաստել են տեսանյութ և սլայդեր՝ «Ի՞նչ է նշանակում մեզ համար Ռուսաստանը, և ի՞նչ դեր է այն կատարում մեր կյանքում» թեմայով:
146-րդ դպրոցի ղեկավարությունը և տնօրենը հրաժարվում են հանդիպել լրագրողների հետ, չնայած որ այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն է տարածել Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը: Ըստ վերջինիս տվյալների՝ վրացական կողմն արդեն պարզաբանում է տվել Ուկրաինային՝ հավաստիացնելով, որ աշակերտների այցը բռնակցված Ղրիմ եղել է դպրոցի կամ կոնկրետ ուսուցչի չմտածված և հապճեպ որոշման արդյունք:
«Ափսոսանքի տեղիք է տալիս այն, որ դպրոցի ղեկավարությունը կամ մեկ առանձին ուսուցիչ անհեռատես, չմտածված որոշում են ընդունել, որի արդյունքում այդ դպրոցի աշակերտները հայտնվել են Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում… Կրթության և գիտության նախարարությունը համապատասխան մարմինների հետ ուսումնասիրում է՝ արդյոք դա եղել է առանձին ուսուցչի որոշումը, թե՝ կանխամտածված գործողություն»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Ի՞նչ է Արտեկը
Արտեկը ռուսաց լեզվի ուսուցման երիտասարդական ճամբար է, որը գործում է օգոստոսի 7-27-ը: Միջոցառմանը մասնակցում է 20 ուսուցիչ և 170 աշակերտ աշխարհի տարբեր երկրներից: Այս տարի դրան մասնակցում են Ավստրիան, Ավստրալիան, Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Հունգարիան, Վիետնամը, Վրաստանը, Հնդկաստանը, Իսպանիան, Իտալիան, Ղազախստանը, Չինաստանը, Ղըրղզստանը, Մոլդովան, Մոնղոլիան, Պաղեստինը, Սերբիան, Սլովենիան, Թուրքիան, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ֆրանսիան, Չեխիան, Շվեյցարիան:
Ճամբարի կազմակերպիչն է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից գործող Ռուսաց լեզվի խորհուրդը:
Վրացական հասարակության արձագանքը
Վրացի աշակերտների այցը Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ նկատելի արձագանք է առաջացրել վրացական հասարակությունում, ավելի ճիշտ՝ սոցիալական ցանցերում: Ոմանք պաշտպանում են նախագծին մասնակցությունը, մյուսները դա անընդունելի են համարում և կատարվածի պատասխանատվությունը բարդում են երեխաների ծնողների, ուսուցիչների, դպրոցի և կրթության նախարարության վրա:
Սոցցանցի օգտատերերից մեկը գրում է, որ «Արտեկը» միջազգային մասշաբով հիանալի հանգստի ճամբար է երեխաների համար: Նրա խոսքով՝ «Արտեկում» անցկացրած ժամանակը, այնտեղ ստացած զգացողությունները հիանալի հիշողություն են երեխաների համար: «Մեր նոր սերունդը պարտադիր պետք է տիրապետի ռուսերենին: Դա հիանալի գրական լեզու է»,- ընդգծում է օգտատերը:
Սոցցանցի այլ օգտատերերի կարծիքով՝ օկուպացված ուկրաինական տարածքում ճամբարի կազմակերպումը և դրան վրացի աշակերտների և ուսուցիչների մասնակցությունը դավաճանություն է և հանցագործություն: