«Ինչո՞ւ չկան պատժամիջոցներ»․ ֆրանսիացի պաշտոնյան՝ ԼՂ-ի շրջափակման մասին
Ֆրանսիացի պաշտոնյան՝ ԼՂ-ի շրջափակման մասին
«Միջազգային ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, և մեծ վտանգ կա, որ այս ամենի մեջ կմոռացվեն Հայաստանն ու Արցախը»,- Երևանում հայտարարել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն։
Երեք ամսից ավելի է, ինչ Լեռնային Ղարաբաղը շրջափակված է, ադրբեջանցիները փակ են պահում ԼՂ-ն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Հայաստան կատարած այցի շրջանակներում Վոքիեն պատվիրակությամբ այցելել է Սյունիք, եղել նաև Լաչինի միջանցքի սկզբնամասում։
Ստեղծված իրավիճակը նա որակել է որպես մարդու իրավունքների տոտալ խախտում և կոչ արել աչք չփակել «հանցավոր շրջափակման վրա ու թույլ չտալ, որ բնակչությունը լուռ մահանա»։
- «Ադրբեջանական հերթական բլոկբաստեր»․ Փաշինյանը՝ Լաչինի նոր երթուղու մասին
- «ԵՄ առաքելությունը միջամտել չի կարող»․ Բաքվի հնարավոր հարձակման մասին
- «Բեմականացում»․ հայ քաղաքագետը՝ արցախցիներին Բաքու հրավիրելու մասին
«Մտադիր ենք հումանիտար շարասյուն ուղարկել Արցախ»
Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Վոքիերը։ Նրա փոխանցմամբ՝ դա լինելու է իր շրջանի և Ֆրանսիայի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունների նախաձեռնությունը։ Շրջանի դրոշը կրող շարասյունը կփորձի հումանիտար օգնություն հասցնել ԼՂ։
«Կամ շարասյունը կանցի ու այդ ժամանակ մենք հույսի մի փոքրիկ դուռ բաց արած կլինենք, կամ շարասյունը չի կարողանալու անցնել։ Ու դա մեզ առիթ կտա միջազգային և եվրոպական կազմակերպությունների առաջ ներկայացնել այս հարցը, որ ևս մեկ անգամ միջազգային իրավունքը խախտվում է, և որ պետք է գործողությունների դիմել»,- ընդգծել է Վոքիեն։
«Բարբարոսություն է տեղի ունենում»
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահն այսպես է բնորոշել Արցախում ստեղծված իրավիճակն ու նշել, որ չգիտի «մոլորակի վրա որևէ այլ անկյուն, որտեղ 120 հազար մարդ կատարելապես շրջափակված է»։
Մարտի 29-ին Վոքիերը տեսաուղերձ էր հրապարակել Լաչինի միջանցքի փակ ուղեկալի առջևից ու նշել, որ Արցախի բնակչությունը «ավելի քան 100 օր կտրված է ամեն ինչից»։ Հիշեցրել էր՝ Ադրբեջանը ճանապարհը չբացեց նույնիսկ Հաագայի դատարանի որոշումից հետո։
«Իմ հետևում մարդիկ են, որոնց սովի են մատնել։ Սա պետք է իմանալ: Այսօր մի կեղծ բացատրություն կա, թե բոլորի հայացքներն այժմ այլ կողմ են ուղղված [նկատի ունի Ուկրաինան]: Եվ մոռացել են թե ինչ է կատարվում այստեղ։ Իսկ այն, ինչ կատարվում է այստեղ, դրամա է: Սա մարդու իրավունքների տոտալ խախտում է»,- թվիթերյան միկրոբլոգում գրել էր ֆրանսիացի պաշտոնյան։
Լորան Վոքիեի խոսքով՝ Ադրբեջանը լուրջ պրոպագանդիստական աշխատանք է կատարում: Շեշտում է՝ հատուկ են 40 հոգանոց պատվիրակությամբ եկել ու մեկնել Սյունիք, որպեսզի տեղում ծանոթանան ստեղծված իրավիճակին.
«Իմ պատվիրակության բոլոր անդամները կկարողանան ասել՝ ես եղել եմ տեղում, տեսել եմ, հասկանում եմ` ինչ է կատարվում: Այն վայրերում, որտեղ մենք եղել ենք, հենց հաջորդ օրը ադրբեջանական ուժերը եկել ու գրավել են Հայաստանի ինքնիշխան տարածքից [Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղուն անցնելու պատրվակով ադրբեջանական զինուժը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել]»:
«Ադրբեջանական գազն ավելի ընդունելի՞ է»
Ֆրանսիացի պաշտոնյայի դիտարկմամբ՝ միջազգային հանրության արձագանքը համարժեք չէ տեղի ունեցողին։ Ասում է՝ իրեն նույնքան վրդովվեցնում են այն հարցերը, որոնք հուզում են հայ հասարակությանը․
«Որոշվեց, որ ռուսական գազ այլևս չի գնվի Ուկրաինայի որոշ տարածքների օկուպացիայից հետո, ադրբեջանական գազն ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ հետևանք չեղավ տեղի ունեցածին, ինչո՞ւ չկան պատժամիջոցներ Ալիևի ռեժիմի դեմ»։
Լորան Վոքիեն չցանկացավ Ֆրանսիայի կառավարության անունից որևէ պարտավորություն կամ խոստում հնչեցնել, նշեց միայն, որ «իրենց մակարդակով կանեն ամեն ինչ, որ կարողանան հնարավորինս թեթևացնել իրավիճակը»։
«Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի հետ»
Սյունիքն, ըստ նրա, Հայաստանի ամբողջականության բանալին է։ Վոքիենը հայտարարել է՝ «ով հարձակվի Սյունիքի վրա, կհարձակվի իմ շրջանի վրա»։ Նշել է՝ սա Հայաստանի և Արցախի պայքարը չէ միայն, ավելի մեծ պայքար է՝ քաղաքակրթության և ժողովրդավարության համար։
«Սա վեճ չէ երկու պետությունների միջև, որտեղ սահմանները հստակեցված չեն, սա միջազգային բոլոր կոնվենցիաներով պաշտպանված մարդկային իրավունքների լիակատար արհամարհանք է, սա կամք է՝ ոչնչացնելու մի ժողովուրդ, նրա մշակույթը, նրա պատմությունը, նրա հիշողությունը»,- շեշտել է նա։
Ֆրանսիացի պաշտոնյայի այցի շրջանակներում Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Տաթևի վանքում։ Համագործակցությունը վերաբերվելու է առողջապահության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներին։
«Այստեղ եմ՝ ասելու, որ մենակ չեք»
Լորան Վոքիեն հիշեցրել է, որ Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել նաև 2019 թ․-ին, Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի և Արցախի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր։
«Իմ շրջանում մենք քաղաքական դիրքորոշում էինք ընդունել՝ հաստատելու համար Արցախի անկախության իրավունքը, ինչի պատճառով և հետևանքով իմ և նույնիսկ իմ ընտանիքի նկատմամբ պանթուրքիստական ահաբեկչական կազմակերպությունների կողմից լուրջ ճնշումներ գործադրվեցին»,- պատմել է նա։
Վստահեցրել է՝ Հայաստանը մենակ չէ և ընդգծել, որ չպետք է թույլ տան, որ «անուշադրության մատնվեն միջազգային իրավունքների խախտումները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Լաչինի միջանցքում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ֆրանսիացի պաշտոնյան՝ ԼՂ-ի շրջափակման մասին