Ֆրանսիան Ուկրաինայի հակամարտությունը լուծելու պլան ունի
Հրոմադսկոյեի նյութերի հիման վրա
Ինչի՞ց է ամեն ինչ սկսվել. Մակրոնի և Պորոշենկոյի հանդիպումը
Հունիսի 26-ին՝ G-20 գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում: Հանդիպման արդյունքը Դոնբասի վերաբերյալ երկու պաշտոնական հայտարարություններն են եղել: Մակրոնը նշել է արդեն Նորմանդյան ձևաչափի երկրների առաջնորների հաջորդ նիստի ժամանակ «ճգնաժամից դուրս գալու հստակ որոշումներ գտնելու» անհրաժեշտությունը:
Դրանից հետո ուկրաինական լրատվամիջոցները սկսել են գրել «Մակրոնի պլանի» մասին և անգամ հստակ կետեր նշել:
«Մակրոնի պլանը». Ուկրաինայի հայացքը
Ուկրաինացի դիվանագետների խոսքով՝ պլանը 5 կետից է բաղկացած.
- Բոլոր կողմերը պետք է դադարեցնեն կրակը:
- Ծանր զինամթերքը պետք է հետ քաշվի տարանջատման գծից:
- Տարանջատման գծում թեժ կետերի ապառազմականացում պետք է անցկացվի:
- ԵԱՀԿ առաքելությանը պետք է հասանելի լինեն բոլոր տեղերը՝ և՛ ուկրաինական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքները, և՛ չգտնվող:
- Բոլոր պատանդները պետք է ազատ արձակվեն:
Եթե «Մակրոնի պլանը» հենց այս տեսքն ունի, ապա այն շատ բաներում համընկնում է Մինսկի պայմանավորվածությունների տեքստի հետ. երկու փաստաթղթերում էլ առկա են հրադադարի, զինամթերքը ետ քաշելու և պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին կետեր:
Իսկ ինչո՞ւմ է կայանում «պլանի» թարմությունը, արդյո՞ք այն նոր գաղափարներ է պարունակում:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմում պնդում են, որ պլանը Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ զիջումների համակարգ է. դա պետք է «զրոյացնի» ռուս-ուկրաինական հակամարտության վերջին ամիսների խորացումը:
Դրույթներից մեկը պայմանականորեն կարելի է անվանել «երկուսը երկուսի», պատմում են Հրոմադսկոյեի դիվանագիտական աղբյուրները:
Օրինակ, առաջին կետով Պուտինին առաջարկվում է չեղարկել «ԴԺՀ» և «ԼԺՀ» անձնագրերի և այլ փաստաթղթերի ճանաչման մասին հրամանը; Ուկրաինան իր հերթին Դոնբասի վերահսկողության տակ չգտնվող տարածքների բնակիչներին երաշխավորում է ուկրաինական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի տրամադրում:
Երկրորդ կետի համաձայն՝ Ուկրաինան պետք է չեղարկի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների առանձին հատվածների տնտեսական բլոկադայի մասին որոշումը, իսկ Ռուսաստանն իր հերթին երաշխավորում է, որ սեփականատերերին կվերադարձնի «ազգայնականացված» ձեռնարկությունները:
Արևելյան դիվանագետները վստահեցնում են. Մակրոնը փորձում է Մինսկի գործընթացը զրոյից սկսել:
«Փարիզը փորձում է զրոյից սկսել, որպեսզի ապաարգելափակի «Դոնբասի փակուղին» այնպես, ինչպես դա փորձում է անել նաև Սպիտակ տունը: Դա պետք է նրա համար, որպեսզի «ավելի շատ տարածք ազատվի» և Սիրիայի ու ահաբեկչության վերաբերյալ Պուտինի հետ բանակցությունները հնարավոր դառնան», – պատմել են դիվանագիտական շրջանակներին մոտ ԱՄՆ փորձագետները:
Հայացք Ֆրանսիայից
Հրոմադսկոյեի Ֆրանսիայում գտնվող դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ «Մակրոնի պլան» որպես հստակ օրիգինալ փաստաթուղթ, որը որոշակի քանակությամբ կետեր է պարունակում, գոյություն չունի: Մակրոնը, ինչպես և Օլանդը, ձգտում է նախևառաջ կողմերին ստիպել կատարել Մինսկի պայմանավորվածությունները:
«Դա չի նշանակում, որ նոր որոշումներ չկան», – ասում է դիվանագետները: Սակայն Մինսկի պայմանավորվածություններն Ուկրաինայի հանդեպ Ֆրանսիայի նախագահի քաղաքականության հիմնական գիծն է մնում:
Չնայած գլոբալ պլանի բացակայությանը՝ գոյություն ունի Նորմանդական ձևաչափում Ֆրանսիայի մասնակցության «Մակրոնի նոր մեթոդ»: Դիվանագետները պարզաբանում են, որ մեթոդի թարմությունը կայանում է դինամիկության, քաղաքական կամքի, պրագմատիզմի և հստակ ու ակնհայտ արդյունքի հասնելու մղման մեջ:
«Մակրոնի ոճը մեծապես տարբերվում է նրա նախորդի ոճից: Նա շատ ավելի իրատես և պրագմատիկ է», – Հրոմադսկոյեին տված հարցազրույցում պատմում է Փարիզի քաղաքական հետազոտությունների բարձրագույն դպրոցի դասախոս Ֆլորան Պարմանտիեն:
Մակրոնի ոգևորությունն ու խարիզման նշում են նաև ֆրանսիացի լրագրողները, որոնք հետևում են գործընթացին:
«Մակրոնը հույսը դնում է իր խարիզմայի և դինամիկության վրա, նա կարծում է, որ ոգևորությունն ու անհամբերությունը բավական կլինեն հին միջոցներով առաջընթացի հասնելու համար», – Հրոմադսկոյեին տված մեկնաբանությունում ասել է Le Monde թերթի լրագրող Բենուա Վիտկինը:
«Նա ուզում է ավելի ակտիվ ներգարվել ԵԱՀԿ-ին ոչ միայն որպես ուժ, որը վերահսկում է հրադադարի պահպանումը, այլ նաև որպես առանձին հաստատություն բանակցություններում, որպեսզի հակամարտության կողմերը՝ Ռուսաստանը, «ԴԺՀ»-ն կամ Ուկրաինան, չկարողանան միմյանց վրա դնել պայմանավորվածությունների խախտման պատասխանատվությունը», – բացատրում է Վիտկինը:
Այդ պայմաններում, վստահ է լրագրողը, Մակրոնը «փոքր քայլերի» քաղաքականություն է վարելու:
Հետևաբար, իմաստ չունի չափազանցնելու Դոնբասի հարցն օպերատիվ լուծելու Մակրոնի ունակությունը, համարում են դիվանագետները: Ֆրանսիայի ներկայիս առաջնորդի քաղաքականությունն Ուկրաինայի վերաբերյալ շարունակելու է նախորդ նախագահի քաղաքականությունն, այլ ոչ թե հերքելու այն:
Միաժամանակ, «Մակրոնի ամենակարող պլանի» բացակայությունը, որը կապաարգելափակեր Դոնբասի հակամարտությունը, չպետք է վատատեսության հիմք դառնա:
Մակրոնի երկարաժամկետ պլանները շատ ավելի հավակնոտ են, քան նրա նախորդինը, կարծում է միջազգային դասախոս Ալեքսանդր Մելնիկը, որը գեոքաղաքականություն է դասավանդում մի շարք ֆրանսիական բիզնես դպրոցներում:
«Նա չի գործելու որպես հրշեջ, որը փորձում է սահմանափակել կրակի տարածման պարագիծը: Նա նախընտրում է հակամարտությանը լուծում գտնել նոր եվրոպական Վերածննդի ոգով եվրոպական համայնքի նորացման նպատակով, որը հիմնված է ազատության, ժողովրդավարության և իրավունքի վրա»: