Ֆինանսական որոգայթ
Առցանց վարկավորումը Վրաստանում թմրանյութի պես է. սկզբից տրվում ես գայթակղությանը, հետո «նստում ես դրա վրա» և շուտով արդեն վարկից բացի ոչնչի մասին էլ մտածել չես կարողանում: Գումարը, որն ի սկզբանե ոչինչ էր թվում (ընդամենը 100 դոլար չէր հերիքում մինչև աշխատավարձը), աճում է ինչպես վատ երազում: Դու կրկին ու կրկին պարտք ես անում վարկատուներից որևէ մեկին գոնե բավարարելու համար: Իսկ նրանք չեն դադարում զանգել, չնայած որ ամեն շաբաթ բջջայինիդ համարն ես փոխում, չես միացնում քաղաքային հեռախոսն ու հարազատներիդ խնդրում ես պատասխանել, որ դու քաղաքում չես:
Գործազրկություն, բնակչության համեստ եկամուտներ, վարկի համար դիմող մարդկանց թեթևամտություն կամ այս ոլորտում պետության ոչ բավարար վերահսկողություն. դժվար է հստակ իմանալ, թե այս գործոններից որն է վճռորոշը:
Ինչպես ենք գայթակղության ենթարկվում
Վրաստանում այժմ այսպես է. եթե հեշտ վարկի ետևից չես ընկնում, նա է ընկնում քո ետևից: Կարող ես անջատել հեռուստացույցը, որով ամեն գովազդային դադարին քեզ կոչ են անում օգտվել վարկավորման առցանց ծառայություններից, փակել կայքերը, որտեղ հայտնվում են նույն այդ գովազդները, ջնջել հեռախոսիդ եկող տասնյակ sms-հաղորդագրությունները: Եվ ահա այդ գայթակղիչ առաջարկի մասին է բղավում Թբիլիսիի մետրոյի ամենաաշխույժ կայարաններից մեկի մոտ կանգնած հատուկ մեկը. «Արագ վա՜րկ: Վարկով ստացե՜ք մինչև հազար լարի»: Եվ հանձնվում ես:
Առցանց վարկային կազմակերպությունները Վրաստանում հայտնվել են 2014թ-ին: Այս պահի դրությամբ դրանց թիվը տասնյակի է հասնում: Բոլորի պայմանները գրեթե նույնն են ու շատ պարզ. վարկը ձևակերպվում է 15 րոպեի ընթացքում, իսկ գումարը ստանալու համար նույնիսկ տնից պետք չէ դուրս գալ, անհրաժեշտ է միայն լրացնել էլեկտրոնային ձևաթուղթն այդ կազմակերպության կայքում, իսկ գումարի ստացման մասին հաղորդագրությունն ուղարկվում է հեռախոսիդ: Ամենակարևորը՝ այդպիսի վարկ ստանալու համար ձեզնից ձեր վճարունակությունը երաշխավորող որևէ փաստաթուղթ չի պահանջվում: Ոչ ոքի չի հետաքրքրում ոչ ձեր աշխատավարձի չափը, ոչ աշխատանքի առկայությունը: Արագ վարկի համար անհրաժեշտ է ընդամենը անձը հաստատող փաստաթուղթ: Առաջարկը, որը սովորական պայմաններում կարող է վախեցնող թվալ, ծայրահեղ կարիքի ժամանակ բավականին գրավիչ է:
Ի տարբերություն բանկերի, որոնք ավելի ընտրողական են, վարկային կազմակերպությունը վարկի տրամադրման համար որևէ նախապայման չի դնում, թերևս միայն տարիքային:
Ըստ օրենքի՝ գումարը տրամադրում են 20-65 տարեկան անձանց: Առավելագույն վարկային գումարը կազմում է 1500 լարի:
Ո՞րն է խորամանկությունը
Արագ և հարմար վարկավորումը ոչ միշտ է էժան: Ընկերությունները վարկ են տրամադրում՝ չպահանջելով լրացուցիչ փաստաթղթեր ու տեղեկանքներ և, ինչպես իրենք են բացատրում, դրանով իսկ ավելի մեծ ռիսկի դիմելով, քան բանկերը: Այդ պատճառով էլ տոկոսադրույքն ավելի բարձր է, քան բանկայինը:
Առաջին վարկը, որը տրամադրում են կազմակերպությունները, հիմնականում առանց տոկոսի է: Իսկ միջնորդավճարները հաջորդից արդեն ամսական միջինում 19-20 տոկոս են կազմում: Վարկառուն կարող է հետաձգել վարկը վերադարձնելու ժամկետը՝ վճարելով մայր գումարի 20 տոկոսը: Եթե նա դրանից հետո էլ ի վիճակի չէ վերադարձնել վարկը, կարող է հետաձգել ժամկետը ևս մի քանի անգամ: Ֆիքսված ժամանակահատվածում վճարելու հնարավորություն չունենալու դեպքում որպես տույժ վարկի գումարին ավելանում է 20 լարի և 1.5 տոկոս ամեն ժամկետանց օրվա համար:
Պարզ հաշվարկ
Օրինակ, եթե մարդ դիմել է կազմակերպությանն ու մեկ ամսով 300 լարի (140 դոլար) վարկ ստացել, ապա ամսվա վերջում վերադարձնում է 360 լարի (170 դոլար): Ամեն հետաձգված ամսվա դիմաց վարկառուն 60 լարի (մոտ 30 դոլար) միջնորդավճար է մուծում: Ընդ որում, մայր գումարը՝ 360 լարին, ոչ մի տեղ չի անհետանում: Վարկը չմարելու ժամկետից 3 ամիս անց վարկառուն 20 լարի (մոտ 10 դոլար) տուգանք է վճարում ամեն ժամկետանց օրվա դիմաց, բացի այդ՝ ևս 5 լարի, 40 թեթրի (2,5 դոլար)՝ տույժ: Մեկ ամսվա ընթացքում դա մոտավորապես 165 լարի (մոտ 80 դոլար) է կազմում: Արդյունքում՝ 3 ամսով հետաձգված վարկը կազմում է 725 լարի (340 դոլար):
Իսկ հիմա հասկացաք, թե տարվա կտրվածքով ինչ չափերի կարող է հասնել պարտքը:
Գեորգիի գումարը, ով վարկ է վերցրել այդպիսի ամենաառաջադեմ կազմակերպությունից, մեկ տարվա ընթացքում հասել է աստղաբաշխական չափերի: 2014թ-ի սեպտեմբերին նա դիմել է vivus.ge վարկային կազմակերպություն և 200 լարի (մոտ 100 դոլար) վարկ ստացել: Հաջորդ ամսվա վերջին 230 լարի (այսինքն՝ 15 դոլար ավել) է վճարել: Դա հիմա է, որ կազմակերպություններն առաջին վարկն առանց տոկոսի են տրամադրում, այն ժամանակ նման բոնուսներ դրանցից ոչ մեկը չուներ: Գեորգիի աշխատավարձն այն ժամանակ կազմում էր 500 լարի (235 դոլար) և մի անգամ նա պարզապես չի կարողացել ձգել մինչև աշխատավարձը, ստիպված է եղել կրկին նույն չափով վարկ վերցնել: Հաջորդ ամսվա վերջում արդեն ստիպված է եղել 280 լարի (130 դոլարից ավել) վճարել: Այդպես շարունակվել է երկար ամիսներ, մինչև գումարը նրա ամսական աշխատավարձին չի հավասարվել:
Եվ այդ ժամանակ Գեորգին արել է այնպես, ինչպես պարտքի մեջ խրվածների մեծ մասը. նա դիմել է մյուս կազմակրպություն ու վարկ ստացել նախորդ վարկը մարելու համար: netcredit.ge վարկային կազմակերպությունում տոկոսադրույքն ավելի բարձր է եղել: “Ավելի բարձր աշխատավարձով աշխատանք չհաջողվեց գտնել, այդ ընթացքում ողջ աշխատավարձս գնում էր երկրորդ վարկիս մարմանը՝ 500 լարի: Հետո երրորդ վարկի համար դիմեցի՝ նույն սխեմայով երկրորդ վարկս մարելու համար: Եվ մի օր հասկացա, որ գումար չունեմ վճարում կատարելու համար, քանի որ ընդամնեը 5 ամսվա ընթացքում 500 լարին քառակի ավել գումարի վերածվեց, — ասում է Գեորգին:
Ահաբեկիչ կոլեկտորներ
Այն պահից, երբ հաճախորդն անվճարունակ է դառնում, սկսվում է ամենահետաքրքիրը: Վարկառուի հանգիստ կյանքն ավարտվում է, քանի որ գործի են անցնում կոլեկտորները: Իսկ դա նշանակում է, որ կազմակերպությանը պարտք հաճախորդի վրա սկսում են հոգեբանական ճնշում գործադրել: Սպառնալի բնույթ կրող հեռախոսազանգեր, շանտաժ, սպառնալիքներ, նամակներ, զանգեր ընկերներին և բարեկամներին, հարևաններին ու ծանոթներին: Ամենաթողությունը, որը տիրում է կազմակերպության աշխատակիցների մոտ, սահմաններ չի ճանաչում:
Իսկ այդ ընթացքում սոցցանցերում “Ոչ առցանց վարկերին անվանմամբ շարժում է ձևավորվել: Բարդ իրավիճակի մեջ հայտնված անձինք կիսվում են փորձով, խորհուրդներով և իրավաբանական խորհրդատվություն են ստանում: Ֆեյսբուքյան էջի մոդերատորները որպես կոլեկտորների գործողությունների անիրավափաչության ապացույց պարբերաբար հեռախոսազանգերի ձայնագրություններ են տեղադրում, որտեղ կոլեկտորները վիրավորում են պարտքատերերին, վախեցնում գույքի, կենցաղային տեխնիկայի առգրավմամբ և սպառնում ֆիզիկական հաշվեհարդարով:
Ավելի ճիշտ կլիներ այդ գործերը դատարան տալ հարցն իրավական դաշտում քննելու համար: Սակայն վարկատուներին դա ձեռնտու չէ, քանի որ այդ դեպքում գործի ելքը լինելու է մեղադրյալի օգտին: Դատարանը կպարտավորեցնի վերադարձնել պարտքը՝ բաշխելով գումարը՝ հաշվի առնելով վարկառուի աշխատավարձը: Այդ պատճառով էլ կազմակերպությունները նախընտրում են զանգահարել և ահաբեկել վարկառուներին: Այդ հարձակումը ոչ բոլորն են կարողանում վերապրել:
Ապրիլի 23-ին Բադիաուրի գյուղի 24-ամյա բնակիչն ինքնասպան է եղել: Քննությունը բավականին արագ պարզել է, որ մահացածը մեծ պարտքեր է կուտակել vivus.ge վարկային կազմակերպությունում: Նա ժամանակին չի վճարել, իսկ որոշ ժամանակ անց նրանից այդ գումարը եռակի ավել են ուզել: Մահացածի ընկերները պատմում են, որ կոլեկտորները զանգահարում էին օրը մի քանի անգամ՝ սպառնալով ու վիրավորելով: Հասնելով հուսահատության գագաթնակետին, նա ծանոթներին նույնիսկ պատմել է խնդրի մասին՝ ասելով, որ այնքան է հոգնել, որ պատրաստ է կյանքին հրաժեշտ տալ:
Չվերահսկվող բիզնես
Վրաստանի շուկայում առցանց վարկային կազմակերպությունների առկայության 2 տարվա ընթացքում նրանց որոգայթում են հայտնվել մեծ թվով մարդիկ: Առցանց վարկային կազմակերպություների աճն ու աննախադեպ բարձ վարկային տոկոսադրույքները կարող են արդյունքում հանգեցնել բնակչության զանգվածային աղքատության և տնտեսական անկման:
Ինչպես նշում են բանկային փորձագետները, առցանց վարկավորման շուկան ամբողջությամբ չվերահսկվող է, իսկ ցանկացած չվերահսկվող բիզնես վնասում է տնտեսությանն ու բնակչությանը: “Այդ կազմակերպությունների գործունեությունը պետք է բաց ու հաշվետու լինի, — ասում է Լիա Էլիավան: — Այօրվա դրությամբ ոչ ոք պատկերացում չունի անգամ՝ վճարում են նրանք հարկերը, թե ոչ: Վերահսկող մարմին է պետք, որը բոլոր այդպիսի կազմակերպություններին մատնացույց կանի, որ այն օրենք է խախտում և կարող է դրա համար պատժվել: Նրանց գործունեությունն անպայման պետք է լիցենզավորված լինի:
Վրաստանի կառավարությունն աշխատում է առցանց վարկավորման ոլորտի կարգավորման օրենսդրական նախաձեռնության վրա: Հայտնի է, որ որպես այդ շուկան կարգավորող մարմին է հանդես գալու Վրաստանի ազգային բանկը: Սակայն որքան ժամանակ կպահանջվի իշխանություններից այդ բիզնեսը վերահսկելու համար (իսկ այդ ընթացքում ֆինանսական որոգայթը կընկնեն նոր զոհեր), դեռևս հայտնի չէ:
Հրապարակվել է 14.06.2016