«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետկանչման կարգը. փաստաբանի մեկնաբանությունը
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը հետ է կանչվել
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը քաղաքացիների զանգվածային բողոքի ակցիաների ճնշման տակ որոշել է հետ կանչել առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագիծը։
Իշխող կուսակցության հայտարարությունը հրապարակվել է մարտի 9-ի առավոտյան։ Դրանում ասվում է, որ կուսակցությունն առանց վերապահումների հետ է կանչում օրինագիծը։
- Արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ. Վրաստանը դեմ է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին
- «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը Վրաստանի ընտրությունը չէ»․ ՀԿ-ների և ԶԼՄ-ների համատեղ բողոքի ակցիան
- «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կվտանգի մեր գործունեությունը Վրաստանում»․ ՄԱԿ
JAMnews-ը փաստաբան Լևան Ալապիշվիլիից հետաքրքրվել է, թե ինչ պետք է տեղի ունենա, որ այս օրինագիծը չվերադառնա քննարկման։
Համառոտ այն մասին, թե ինչ է ասել Ալապիշվիլին
Եթե օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, տեխնիկապես անհնար է այն հետ կանչել։ Որպեսզի առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծն իսկապես հետկանչված համարվի, պետք է տեղի ունենա հետևյալը՝
● Երկու օրինագծերն էլ պետք է հետ կանչել Վենետիկի հանձնաժողովից,
● Հրատապ կերպով պետք է քննարկել օրենքի նախագիծը հանձնաժողովում և լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և դեմ քվեարկել։
————————–
Լևան Ալապիշվիլի. «Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ եթե օրինագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, ապա այն հետկանչման ենթակա չէ։ Դրա համար այն պետք է քվեարկության դրվի երկրորդ ընթերցման ժամանակ և մերժվի դրա արդյունքներով։
Այսպիսով, միայն հետկանչման մասին հայտարարությունը բավարար չէ, քանի որ դա չի կանգնեցնի օրենսդրական գործընթացը։ Այն կակտիվանա, խորհրդարանը հնարավորություն կունենա անաղմուկ ընդունել օրինագիծը՝ լինի գարնանային նստաշրջանի ավարտին, թե աշնանային նստաշրջանի ժամանակ՝ երկրորդ, երրորդ ընթերցմամբ։
Խորհրդարանի կանոնակարգի 101-րդ հոդվածի 3-րդ մասում սևով սպիտակի վրա գրված է, որ նախաձեռնողները կարող են օրինագիծը հետ կանչել միայն առաջին ընթերցումից առաջ։ Սակայն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն արդեն իսկ ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Եվ այն արդեն ոչ միայն հեղինակների, այլև «կողմ» քվեարկած 76 պատգամավորների «սեփականությունն» է։
Ինչ վերաբերում է երկրորդ օրինագծին՝ ամերիկյան օրենքի վրացական անալոգին (FARA), ապա այն հայտարարության մեջ չի հիշատակվում։ Դրա մասին, իբր, մոռացել են։
Դրա ընդունման և առհասարակ գոյության վտանգը բացառելու համար այն կարող են պարզապես օրինական կերպով հետ կանչել, քանի որ առաջին ընթերցմամբ դեռ չի ընդունվել։
«Մեզ խաբում են». Ինչո՞ւ մարդիկ չեն հավատում «Վրացական երազանքին»
Քաղաքացիների ուրախությունը՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը հետ կանչելու մասին իշխող կուսակցության հայտարարության հետ, սոցիալական ցանցերում սկսել է իր տեղը զիջել թերահավատությանը։
Մարդիկ գրում են․ իշխող կուսակցությունը հայտնի է նրանով, որ չի կատարում իր խոստումները, ուստի, քանի դեռ օրինականորեն ձևակերպված որոշում չկա, չի կարելի հավատալ հայտարարության հեղինակներին։
«Վրացական երազանքի» նորագույն պատմության մեջ իսկապես կան դեպքեր, երբ իշխող կուսակցությունը չի կատարել իր խոստումները միջազգային մակարդակով։
Դեպք 1 – 2019 թվականի հունիսի 20-ին Վրաստանում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր, որոնք հայտնի են որպես «Գավրիլովի գիշեր»։ Ցույցերի պատճառը Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հրավերն էր Վրաստանի խորհրդարան։ Ցուցարարների հիմնական պահանջներից մեկն ընտրական համակարգի բարեփոխումն էր, որպեսզի 2020 թվականին նախատեսված ընտրություններն անցկացվեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով։
Հունիսի 24-ին երկրի ոչ ֆորմալ կառավարիչ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին որոշեց բավարարել այս պահանջը, անձամբ քաղաքացիներին խոստացավ, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։
Խորհրդարանական մեծամասնությունը երկու ամսում փոփոխություններ կատարեց Սահմանադրության մեջ։ Իվանիշվիլիի այս առաջարկը մեծամասնական ընտրակարգի թեկնածուները չպաշտպանեցին։ Այժմ նրանք առանցքն են իշխող ուժից առանձնացած «Ժողովրդի ուժը» շարժման, որն էլ նախաձեռնել է «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի նախագծի երկու տարբերակները։
Դեպք 2 — «Վրացական երազանքը» խախտել է նաև այսպես կոչված Շառլ Միշելի համաձայնագիրը։ Փաստաթղթի համաձայն՝ ընդդիմությունն ու աջականները պետք է համագործակցեին դատական, ընտրական և այլ բարեփոխումներ իրականացնելու և 2020 թվականի ընտրություններից հետո առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հարցերում։
«Վրացական երազանքը» ստորագրեց այդ համաձայնագիրը, սակայն երեք ամիս անց իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկրի ղեկավարությունը դուրս է գալիս դրանից։
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի քննարկման ամսաթվի փոփոխությունը. Իշխող կուսակցության խոստումների ամենավերջին խախտումը նախորդ շաբաթ էր։ Մարտի 6-ին «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն հայտարարեց, որ մարտի 9-ին պատգամավորները կողմ են քվեարկելու «Ժողովրդի ուժը» շարժման նախաձեռնած երկու օրինագծերին։ Սակայն օրինագծերից մեկն առաջին ընթերցմամբ հրատապ ռեժիմով ընդունվեց մարտի 7-ին։
Փետրվարի 17-ին իշխող կուսակցությունից անջատված «Ժողովրդի ուժը» շարժումը խորհրդարանում քննարկման համար գրանցեց երկու օրինագիծ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»։
Ընթացակարգի համաձայն՝ երկու օրինագծերն էլ ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց մարտի 7-ին՝ 76 կողմ, 13 դեմ ձայներով։
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում անմիջապես սկսվեցին քաղաքացիների բողոքի լայնածավալ ցույցեր։ Օրինագծի ընդունումից հետո բողոքի ցույցերը վերածվեցին հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքների, որոնք իշխանությունները ցրեցին ուժի կիրառմամբ։ Ցուցարարների դեմ կիրառվեցին ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Մոտ 150 մարդ բերման ենթարկվեց։
Կառավարությունից բացի բոլորն այս օրինագիծն անվանում են «ռուսական օրենք», քանի որ այն նման է Ռուսաստանի Դաշնությունում ընդունված օտարերկրացիների մասին ռեպրեսիվ օրենքին։ Վրաստանի արևմտյան գործընկերները նույնպես քննադատել են փաստաթուղթը և հայտարարել, որ այն խոչընդոտ կդառնա Վրաստանի եվրաինտեգրման համար։
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը հետ է կանչվել