Օլիմպոսը բաց է
Ցխինվալում ցանկացած ոք նոր սպորտային համալիրի մասին խոսելիս հպարտությամբ կասի, որ «Հյուսիսային Կովկասում երկրորդ այդպիսի համալիր չկա»: Հավանաբար, այդպես էլ կա: Եռահարկ «Օլիմպոսը» 9 սպորտզալ ունի, երկու 25-մետրանոց լողավազան՝ մանկական ու մեծերի, երկու հազար-տեղանոց տրիբունաներ, հանդերձարաններ, բժշկական կենտրոն, հյուրանոց, լոգանքի խցիկներ, սաունաներ, հանգստի սենյակներ, իսկ ընդհանուր սրահներում՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար մարզասարքեր:
Սպորտային համալիրի անունն «Օլիմպոս է», բայց Հարավային Օսիայում բոլորն այն անվանում են «Կաբաևայի կենտրոն», քանի որ և՛ միտքը, և՛ նախագիծը, և՛ ֆինանսավորումն իրագործվել է ռուս հայտնի մարմնամարզիկ, 2004թ. օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևայի, մասնավորապես՝ նրա «Ալինա Կաբաևայի բարեգործական հիմնադրամի» շնորհիվ:
Կաբաևան այցելել է Ցխինվալ 2008թ. սեպտեմբերին՝ պատերազմի թեժ հատվածի ավարտից անմիջապես հետո, երբ քաղաքի մեծ մասը փլատակների էր վերածվել: Այն ժամանակ առաջին անգամ հնչեց այստեղ առաջին իրական սպորտային կենտրոն կառուցելու և Հարավային Օսիայի ժողովրդին նման կերպով օժանդակելու նրա զգացմունքային խոստումը:
Նոր սպորտային համալիրի մակերեսը 10 հազ. քառ. մետրից ավել է:
«Օլիմպոսը» կենտրոնացած է Հարավային Օսիայում ավանդական սպորտաձևերի վրա՝ ազատ ոճի ըմբշամարտ, սամբո, ծանրամարտ, բռնցքամարտ, չնայած՝ գեղարվեստական մարմնամարզության, լողի, վոլեյբոլի ու բասկետբոլի համար նախատեսված մարզասրահները նույնպես գերազանց տեսք ունեն:
Կարմիր ժապավենը հանդիսավորությամբ կտրելով՝ հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովն ու Ալինա Կաբաևան բացեցին Ցխինվալում սպորտային աստղերի փառքուղին:
Ալինա Կաբաևան պարգևատրվեց Հարավային Օսիայի Պատվո շքանշանով՝ «Հարավային Օսիայի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների միջև բարեկամության ու համագործակցության գործում ունեցած անձնական մեծ ավանդի և ակտիվ բարեգործական գործունեության համար»:
Առաջիկայում «Օլիմպոսը» կբախվի մարզիչների պակասի հետ: Բայց դա այլ թեմա է, որին մենք դեռ կանդրադառնանք:
- «Օլիմպոսը» Ալինա Կաբաևայի հիմնադրամի ամենամասշտաբային նախագիծն է: Այն կառուցել են 6 տարի: Համալիրի ընդհանուր մակերեսը մտածվածից կրկնակի ավել է ստացվել: Կաբաևայի խոսքերով՝ «Սպորտային կենտրոնի ճարտարապետությունն ու գերժամանակակից սպորտային սարքավորումները թույլ են տալիս միջազգային մասշտաբի մրցումներ անցկացնել այստեղ»:
- 2008թ. օգոստոսյան պատերազմի ընթացքում տուժեցին Ցխինվալի բոլոր 3 քաղաքային մարզահամալիրները: Հանրապետական մանկապատանեկան սպորտդպրոցը մասնակի էր քանդվել (այժմ վերականգնված է և գործում է), բռնցքամարտի, ըմբշամարտի ու ծանրամարտի սպորտդպրոցներն ամբողջությամբ այրվել էին: