«Չկան երաշխիքներ, որ Բաքուն նորից չի հարձակվի»․ կարծիք
Օլեսյա Վարդանյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Արդյո՞ք հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղի են մտել։ Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Օլեսյա Վարդանյանը դժվարանում է հարցին հստակ պատասխան տալ։
«Այն հարցերը, որոնք ներկայումս մնում են քննարկման առարկա, կարող են բավական հեշտությամբ լուծվել, եթե քաղաքական կամք լինի»,- նկատում է նա։
«Ազատության» եթերում փորձագետը մատնանշել է, մասնավորապես՝ սահմանի սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցերը։ Նրա խոսքով՝ դրանք բանակցային օրակարգում են մեկուկես տարի, ուստի կարելի է ասել՝ գործ ունենք քաղաքական կամքի բացակայության հետ։
Հարցազրույցի կարևոր դրվագները՝ հակիրճ
«Համաձայնեցված դիրքորոշում չկա»․ սահմանազատման մասին
Օլեսյա Վարդանյանը շեշտում է՝ Ալմա Աթայի հռչակագիրը չի ենթադրում որևէ կոնկրետ քարտեզ։ Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմը վկայակոչում է 70-ականների քարտեզները, որոնք սկզբում առաջարկել է եվրոպական կողմը, այնուհետև՝ ամերիկյան։
Գրանադայի հայտարարությունը, որում հղում է արվում, այս քարտեզներին, ստորագրել է միայն հայկական կողմը։
«Ադրբեջանում փաստացի հավատարիմ են դիրքորոշմանը, որ յուրաքանչյուր հատվածում պետք է առանձին-առանձին սահմանազատում իրականացնել, առանձին-առանձին որոշել՝ որտեղ է սահմանը»,- պարզաբանում է նա։
Շեշտում է՝ դա կարող է վեճեր ու խնդիրներ առաջանցել նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրված լինելու պարագայում․
«Երբ խոսում էի հայկական կողմի ներկայացուցիչների՝ դիվանագետների հետ, նրանք ասում էին, որ դա կբացի Պանդորայի արկղը, քանի որ կստացվի, որ ինչ-որ պահի յուրաքանչյուր հատված դառնում է վիճելի»։
Ըստ փորձագետի՝ վերջին շրջանում արվում են ակնարկներ, թե հայկական կողմը կարող է մի փոքր մեղմել իր դիրքորոշումը սահմանազատման հարցում։ Հիշեցնում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է խոսել սահմանազատման աշխատանքները հատվածաբար իրականացնելու տարբերակի մասին։ Կարծում է՝ եթե գործընթացը շարժվի այդ ուղղությամբ, ապա դա կենթադրի՝ չի լինելու կոնկրետ քարտեզ, ինչպես և ուզում է Բաքուն․
«Որքան ես եմ հասկանում՝ այս հարցում ՀՀ իշխանության ներսում վերջնական որոշում և ընդհանուր համաձայնեցված դիրքորոշում չկա»։
Հնարավոր է համարում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրում հղում չարվի որևէ կոնկրետ քարտեզի, պարզապես այդ հարցը թողնվի ապագային։
Ո՞ւմ շահերից է բխում․ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով փորձագետի դիտարկմամբ՝ ՀՀ հիմնական շահն այն է, որ տրանսպորտային հաղորդակցության ուղղությամբ ցանկացած քայլ կամ որոշում, որը ներառում է նաև «միջանցքը», լինի երկրի ապաշրջափակման համատեքստում։
Օլեյսա Վարդանյանի դիտարկմամբ՝ այդ նպատակի համար հայկական կողմը պատրաստ է որոշ հատուկ պայմաններ դիտարկել ճանապարհներից մեկի գործարկման համար, բայց իբրև «այլ սահմանների բացման» որոշմանը նպաստող քայլ․
«Խոսքը, առաջին հերթին, Թուրքիայի հետ սահմանի բացման մասին է։ Դա մեծ բնակչություն և տնտեսական ներուժ ունեցող երկիր է։ Փոխգործակցության առումով սա, իհարկե, շատ կարևոր է ՀՀ համար»։
Առանցքային հարցն, ըստ նրա, այն է, թե կոնկրետ ով է ապահովելու ապաշրջափակվող ճանապարհների անվտանգությունը։ Հայկական կողմը պնդում է, որ ռուսական վերահսկողություն չլինի, սակայն, Վարդանյանի խոսքով՝ նման վերահսկողություն են պատկերացնում հայ-ադրբեջանական բանակցություններում անուղղակիորեն ներգրավված «երկու մեծ փղերը»՝ Ռուսաստանն ու Թուրքիան։
Փորձագետի գնահատմամբ՝ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը բավականին հեշտ լուծելի հարց է։ Ասում է՝ եթե լինի քաղաքական կամք, հնարավոր է գտնել նաև անվտանգային խնդիրները հասցեագրող լուծումներ․
«Պարտադիր չէ, որ լինի ինչ-որ միջանցք։ Օրինակ՝ երբ ՀՀ-ից Վրաստանի տարածքով մեկնում ես ՌԴ, նույնպես ինչ-որ իմաստով միջանցքով ես անցնում։ Քանի որ որոշ գործողություններ, օրինակ՝ թղթային կամ վերահսկողական հենց Վրաստանի հետ չեն կատարվում»։
Ապաշրջափակումն, ըստ նրա, բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից, միակ հարցն այն է, թե ինչ եղանակով է խնդիրը լուծվելու։ Կարծում է՝ կարելի է ներգրավել նաև մասնավոր ընկերությունների։
«Ադրբեջանը դեռ շահեկան դիրքերում է»․ հավանական հարձակման մասին
2022 թ․-ի սեպտեմբերյան պատերազմից հետո, ըստ փորձագետի, Հայաստանի համար քիչ բան է փոխվել՝ նույնիսկ հաշվի առնելով Ֆրանսիայից և այլ երկրներից զենք-զինամթերքի մատակարարումները։ Նկատում է՝ ադրբեջանական ուժերը շահեկան դիրքեր են զբաղեցնում առնվազն Վայոց Ձորում և Գեղարքունիքում, իսկ Սյունիքում առանցքային կոմունիկացիաների՝ ճանապարհների կողքին են․
«Ադրբեջանը բավականաչափ ուժ ունի որոշ հարցեր ուժային ճանապարհով լուծելու համար։ Դա չի նշանակում, որ անպայման կգնան դրան ու Իրանի հետ սահմանի երկայնքով իրենց համար ճանապարհ [«Զանգեզուրի միջանցք»] կբացեն»։
Օլեսյա Վարդանյանը չի բացառում, որ կարող են լինել ռազմական այլ գործողություններ, որոնք ՀՀ-ին կստիպեն կատարել Բաքվի պահանջները։ Այդ գործությունները, ըստ նրա, կարող են ենթադրել, օրինակ՝ «երկիրը երկու մասի բաժանելը»:
«Հնարավոր է այնպիսի գործողություն, որ Սյունիքը մնա մեկուսացված, որպեսզի դրանով նրանք կարողանան ստիպել Հայաստանի ղեկավարությանը գնալ որոշակի զիջումների։ Բաքուն հնարավորություն ունի անգամ չգրավել, չօկուպացնել հայկական տարածքը։ Նրանք կարող են մտնել, ստիպել Հայաստանին ինչ-որ որոշումներ կայացնել ու դուրս գալ»,- մանրամասնել է նա՝ բերելով 2023 թ․-ի սեպտեմբերին ԼՂ-ում ձեռնարկված գործողության և 24 ժամ հետո հրադադարի հաստատման օրինակը։
Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նոյեմբերին Ադրբեջանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովը։ Կարծում է՝ Իլհամ Ալիևի համար սա շատ կարևոր իրադարձություն է, ուստի Ադրբեջանի նախագահն ակնկալում է, որ ներկա գտնվեն նաև արևմտյան երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։
«Եթե այս պայմաններում ինչ-որ ռազմական գործողություն եք իրականացնում, ապա դա ենթադրում է որոշակի քննադատություն և խնդիրներ հյուրերի ժամանման հետ կապված։ Ոմանք կարծում են՝ սա լիարժեք երաշխիք չի կարելի համարել»,- պարզաբանել է նա։
«Մոսկվան ու Բաքուն ունեն չլուծված խնդիր»
Խոսքն, ըստ Վարդանյանի, Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության ճակատագրի մասին է։ Նկատում է՝ խաղաղապահները չկարողացան կատարել իրենց գործառույթը, այն է՝ թույլ չտալ որևէ էսկալացիա։
«Տեղի գրեթե ամբողջ բնակչությունը՝ բացառությամբ 24 հոգու, լքել է ԼՂ-ը»,- ասում է նա։
Փորձագետի խոսքով՝ ներկա պահին ռուս խաղաղապահները ոչ մի գործառույթ չունեն, սակայն կա հարց՝ ո՞ւր տանել նրանց ԼՂ-ից դուրս բերելուց հետո․
«Ինձ թվում է՝ Երևանում շատ են վախենում, որ կլինի ինչ-որ էսկալացիա և այդ առաքելությունը Հայաստանի հարավ տեղափոխելու փորձ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Օլեսյա Վարդանյանը՝ խաղաղության պայմանագրի մասին