«Օդահենություն» և Եվրոպայի պատասխանը՝ Բելառուսի հետ ավիահաղորդակցության կասեցում
Եվրոպան նոր պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի դեմ
Բելառուսի երկինքը շուտով կարող է ամայանալ․ Եվրամիությունը եվրոպական ավիաընկերություններին կոչ է արել խուսափել այդ երկրի երկնքով թռիչքներից։ Իսկ բելառուսական ավիաընկերություններին կարգելվեն թռիչքները Եվրոպայի վրայով։ Այսպիսին է Արևմուտքի առաջին արձագանքը Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքին և բելառուսական իշխանության կողմից դրա ուղևոր, լրագրող և բլոգեր Ռոման Պրոտասևիչի կալանքին։
«Օդահենություն»․ այսպես են փորձագետները գնահատում Լուկաշենկոյի ռեժիմի գործողությունները։ Նրա դեմ նոր պատժամիջոցներ են պատրաստում ԵՄ-ն ու ԱՄՆ-ն։ Սակայն Բելառուսում որոշ ընդդիմադիրներ քննադատաբար են վերաբերվում Եվրոպայի պատասխան միջոցներին։
Մի քանի խոշոր ավիաընկերություններ արդեն հայտարարել են, որ հրաժարվում են Բելառուսի տարածքի վրայով թռիչքներից։ Դրանց թվում են Finnairը, Singapore Airlines-ը, KLM-ն, Lufthansa-ն և Air France-ը։ Ուկրաինան մայիսի 26-ի կեսգիշերից դադարեցնում է Բելառուսի հետ ավիահաղորդակցությունը։
Մայիսի 24-ին Եվրամիության գագաթնաժողովը որոշել է արգելել բելառուսական ավիաընկերությունների չվերթները դեպի ԵՄ օդանավակայաններ և Եվրամիության տարածքի վրայող թռիչքները։ Սակայն որոշումն անհապաղ չի սկսել գործել։ Ինչպես հաղորդում է Եվրոռադիոն, անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի ԵՄ Խորհուրդը։ Եվրամիության առաջնորդները եվրոպական ավիափոխադրողներին կոչ են արել խուսափել Բելառուսի տարածքի վրայով թռիչքներից։
Ամփոփիչ հայտարարությունում նաև կոչ կա Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ հետաքննել Ryanair-ի ուղևորատար ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որը մայիսի 23-ին Հունաստանից Լիտվա էր ուղևորվում, սակայն հարկադիր վայրէջք է կատարել Բելառուսում։
Որոշվել է արագացնել պատժամիջոցների կիրառումը Բելառուսի ֆիզիկական անձանց և ընկերությունների դեմ։
ԵՄ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Ռոման Պրոտասևիչին և նրա ընկերուհի Սոֆյա Սապեգային, որը նույնպես ձերբակալվել է։
- Nexta Telegram-ալիքը փաստացի գլխավորել է ցույցերը Բելառուսում։ Ովքե՞ր են նրանք, և ինչպե՞ս է այն աշխատում
- Բռնաճնշումները Բելառուսում․ կալանավորվել է TUT.by պարբերականի ողջ ղեկավարությունն ու լրագրողներ
- Ռուսական քարոզչական դեսանտը գրավել է Բելառուսը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սատարել է Բելառուսի դեմ հասցեական տնտեսական պատժամիջոցների կիրառման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը։
«Ես իմ թիմին հրահանգել եմ ԵՄ-ի, մյուս դաշնակիցների և գործընկերների, միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով անհրաժեշտ տարբերակներ մշակել միջադեպի մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու համար»,— ասված է Բայդենի հայտարարությունում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Քաղաքացիական ինքնաթիռի ուղղության հարկադիր փոփոխումը, որը չվերթ էր իրականացնում ԵՄ անդամ երկրների միջև, և Պրոտասևիչի կալանքն ԱՄՆ-ն «միջազգային նորմերի ուղղակի խախտում» է անվանել։
«Այդ զազրելի միջադեպն ու տեսանյութը, որը պարոն Պրոտասևիչն, ըստ ամենայնի, նկարահանել է հարկադրանքի հետևանքով, խայտառակ հարձակում է ինչպես քաղաքական այլակարծության, այնպես էլ մամուլի ազատության նկատմամբ»,- ասել է Բայդենը։
Պրոտասևիչի «տեսախոստովանությունը»
Ձերբակալված Ռոման Պրոտասևիչի տեսանյութը մայիսի 24-ին հայտնվել է իշխանամետ Telegram-ալիքներից մեկում։ Դրանում ձերբակալվածը հերքել է առողջական խնդիրների առկայությունը, ասել, որ իրեն վերաբերվում են «առավելագույնս կոռեկտ և ըստ օրենքի»։
«Այժմ ես շարունակում եմ համագործակցել քննության հետ և խոստովանական ցուցմունքներ եմ տալիս Մինսկ քաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպման փաստի առթիվ»,- ասում է նա։
Ռուսական «Նովայա գազետան» նշում է, որ Պրոտասևիչը «լարված է իրեն պահում, ողջ տեսանյութի ընթացքում հաճախ է թարթում։ Նրա դեմքին տարօրինակ հետքեր են երևում»։
«Օդահենություն»․ նման բան չի եղել անգամ «սառը պատերազմի» տարիներին
Բելառուսական իշխանության պաշտոնական վարկածը, իբր այն «ՀԱՄԱՍ-ի զինվորների» կողմից ստորագրված նամակ է ստացել այն մասին, որ ինքնաթիռն ականապատված է, հերքվել է բառացիորեն միանգամից։
Հայտարարություն է տարածել հենց ՀԱՄԱՍ կազմակերպությունը։
«Դրանք բնավ մեր մեթդները չեն,— հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Ֆաուզի Բարհումը։ — Ինչ-որ կասկածելի կողմեր են դա անում, որպեսզի դիվայնացնեն ՀԱՄԱՍ-ն ու խանգարեն պաղեստինցի ժողովրդի և նրա օրինական դիմադրության նկատմամբ համաշխարհային համակրանքին»։
Ռուս ավիացիոն փորձագետ Վադիմ Լուկաշևիչը տարբերություն չի տեսնում Բելառուսի իշխանության և Սոմալիի ծովահենների գործողություններում։
«Նրանք զենքի կիրառման սպառնալիքով կանգնեցնում են նավը, որպեսզի տանեն փողերը, ոսկեղենն ու պատանդներին։ Այստեղ կանգնեցնում են ինքնաթիռը, իսկ «ծովահենները» բարձրանում են օդանավ, որպեսզի մարդ դուրս բերեն։ Գործողությունները նույնն են։ Գիտե՞ք, նման պրակտիկա չեմ կարողանում մտաբերել։ Կարծում եմ՝ սա պատմության մեջ առաջին այսպիսի դեպքն է»,- ասել է Լուկաշևիչը «Նովայա գազետայի» հետ զրույցում։
Նա մտավախություն ունի, որ Ռուսաստանի իշխանությունը նույնպես կարող է ի գիտություն ընդունել քաղաքական ընդդիմադիրներին կալանավորելու նման մեթոդը․
«Ռուսաստանը հազիվ թե մի լավ բան մտապահի, իսկ սա՝ կարող է։ Անգամ սառը պատերազմի օրերին՝ հետախուզությունների կոշտ դիմակայության ժամանակներում, նման բան չեն արել։ Իսկ հիմա մարդ են թունավորում Սոլսբերիում, կողմնակի անձինք են մահանում։ Լիտվինենկոյին թունավորելու համար պոլոնիում են տեղափոխում ինքնաթիռով․ և այդ ինքնաթիռը հետո դեռ կես տարի վտանգ է ներկայացնում…»։
Ավիահաղորդակցության կասեցումը վա՞տ գաղափար է
Միաժամանակ, բելառուս լրագրող, անկախ «Եվրոռադիոյի» գլխավոր խմբագիր Պավել Սվերդլովը «վատ գաղափար» է անվանում դեպի Եվրոպա «Բելավիա» բելառուսական ընկերությունների թռիչքների արգելքը։
«Այո, դա վճռական քայլ է, որը ցուցադրում է եվրոպացի քաղաքական գործիչների մտադրությունների լրջությունը։ Այո, դա կհանգեցնի բելառուսական ավիափոխադրողի ֆինանսական կորուստների։ Բայց։
Դա նաև Բելառուսի քաղաքացիներին կզրկի ճամփորդելու, աշխարհ տեսնելու հնարավորությունից։ Եվ կխանգարի այն անձանց փախուստին, ովքեր նման անհրաժեշտության են բախվում։ Իսկ մի՞թե դա չեն ուզում բելառուսական իշխանությունները․ որպեսզի բելառուսները, որքան հնարավոր է, շատ նստեն տանն ու մյուս երկրների կյանքի մասին իմանան հեռուստացույցից»,- գրում է Սվերդլովը։
Նրա կարծիքով՝ կատարվածին ադեկվատ պատասխան կլիներ Բելառուսի երկնքով չվերթներ իրականացնելուց եվրոպական ավիաընկերությունների հրաժարումը։ Սական ոչ բելառուսների ելքի հերթական սահմանափակումը։
Այս իրավիճակում, նշում է լրագրողը, դեպի Եվրոպա «Բելավիայի» թռիչքների արգելքը նշանակում է, որ Բելառուսի քաղաքացիները կկտրվեն Արևմուտքից։ Նրանց կմնա միայն Արևելքը, ուր ինքնաթիռները կշարունակեն թռչել և գնացքները՝ մեկնել։