«Քո տունը սահմանամերձ գյուղում». Հայաստանում սոցիալական նոր ծրագիր է գործարկվում
Բնակարանային ծրագիր սահմանամերձ գյուղերում
Հայաստանի կառավարությունը որոշել է աջակցել սահմանամերձ գյուղերում հիփոթեքային վարկով անհատական տուն կառուցող ընտանիքներին: Աջակցությունը տրամադրվելու է վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարի մարման տեսքով՝ 10 տարով: Այս ժամանակահատվածում յուրաքանչյուր շահառու ընտանիքի տրամադրվելու է մինչև 20 մլն 660 հազար դրամ աջակցություն։
Ծրագրից օգտվելու համար տարիքային սահմանափակում չկա, երեխա ունենալու պայման՝ նույնպես: Կարող են դիմել ինչպես սահմանամերձ համայնքներում բնակվողները, այնպես էլ բոլոր այն քաղաքացիները, որոնք պլանավորում են տեղափոխվել ու ապրել այդ համայնքներում:
Որոշման նախագիծն ընդունվել է գործադիրի՝ հունիսի 9-ի նիստի ժամանակ:
Նախագծի բոլոր մանրամասները։
Առաջին բնակարանային նախագիծը սահմանամերձ գյուղերում
Հայաստանն ունի 79 սահմանամերձ գյուղական բնակավայր: Դրանք գտնվում են հանրապետության 5՝ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում։
Նախքան Ղարաբաղյան երկրորդ պատերազմը սահմանամերձ գյուղական բնակավայրերը Հայաստանում 36-ն էին: Պատերազմից հետո դրանց գումարվեցին ևս 37-ը Սյունիքի մարզում և 6-ը Գեղարքունիքի մարզում:
Թեև սահմանին ապրողներն ունեն մի շարք սոցիալական երաշխիքներ, օգտվում են տարբեր պետական ծրագրերից, սակայն մինչ այս բնակարանային պայմանների բարելավմանն ուղղակիորեն նպաստող ծրագիր նրանց համար չի գործել: Խոսքը սահմանամերձ համայնքների համար արտոնյալ կամ առավել բարենպաստ պայմաններ ենթադրող ծրագրերի մասին է:
Նախագծի համաձայն՝ ծրագրի նպատակն է՝
- աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը,
- խթանել գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը։
Ովքե՞ր կարող են դառնալ ծրագրի շահառու
Պետական աջակցությունից օգտվելու համար ընտանիքները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.
- ամուսինները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում,
- նրանցից առնվազն մեկը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
«Չկա տարիքային սահմանափակում, չկա երեխա ունենալու պայման։ Ծրագրի հիմնական թիրախը նաև նոր ստեղծվող ընտանիքներն են, որոնք կկարողանան իրենց սեփական տունը կառուցել պետական աջակցությամբ»,- ընդգծել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նրա փոխանցմամբ՝ պարտադիր չէ, որ շահառուները հաշվառված լինեն սահմանամերձ համայնքում: Ընդգծում է՝ հնարավոր է՝ լինեն ընտանիքներ, որոնք ներկա պահին ապրում են Երևանում կամ մեկ այլ քաղաքում, բայց ունեն սահմանին բնակվելու ցանկություն:
Շահառուները նախ պետք է ստանան հիփոթեքային վարկ ծրագրի գործընկեր բանկից կամ վարկային կազմակերպությունից՝ նվազագույնը 120 ամիս ժամկետով:
Ընտանիքը ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում)։
Որքա՞ն է աջակցության չափը
Աջակցությունը տրամադրվելու է վարկի ամենամսյա մայր գումարի (հանրագումարային՝ մինչև 12 մլն դրամ) և մինչև 12% տոկոսագումարի (հանրագումարային՝ մինչև 8.660 մլն դրամ) մարման տեսքով:
Մայր գումարի փոխհատուցումը չի կարող գերազանցել ամսական 171 հազար դրամը, իսկ տոկոսագումարինը՝ ամսական 120 հազար դրամը:
Հիփոթեքային վարկի սպասարկման 10 տարվա ժամանակահատվածում ամեն շահառուին տրամադրվելու է մինչև 20 մլն 660 հազար դրամ աջակցություն։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2022 թ.-ին աջակցություն տրամադրել 240, 2023 թ.-ին՝ 400, իսկ 2024 թ.-ին՝ 560 ընտանիքի։ Միայն այս տարվա համար պահանջվելու է շուրջ 137.7 մլն դրամ։
Ծրագրի նախապատրաստական փուլը կավարտվի մինչև 2022 թ.-ի օգոստոսի 15-ը: Գործունեության ժամկետ է սահմանված 2024 թվականի ավարտը: Նպատակահարմարությունից ելնելով՝ կառավարությունը կարող է աջակցության ծրագիրը վերագործարկել նաև 2025 թ.-ին:
Բնակարանային ծրագիր սահմանամերձ գյուղերում