«Քավելո՞վ նախկին մեղքը»․ Հունգարիայի միջնորդությամբ գերիների վերադարձի մասին
Դեկտեմբերի 29-ին Ադրբեջանից Հայաստան է եկել ևս 5 գերի։ Ուշագրավ է, որ գերեվարվածների վերադարձի համար միջնորդել է Հունգարիան՝ երկիր, որի հետ պաշտոնական Երևանը չունի դիվանագիտական հարաբերություններ։
Մանրամասներ գերիների վերադարձից, անդրադարձ հայ-հունգարական հարաբերություններին, ինչպես նաև փորձագիտական կարծիք։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել ևս 5 զինծառայողների, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16–ի ռազմական գործողությունների արդյունքում։
Տեղեկությունը հայտնել էր ադրբեջանական կողմը՝ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովը։ Ավելի ուշ Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակը հաստատեց այն՝ հրապարակելով զինծառայողների տվյալները։
ԱԳՆ փոխանցմամբ՝ օդանավակայանում հայ ռազմագերիներին դիմավորել են նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ու հունգարական պատվիրակությունը․
«Հունգարական պատվիրակությունը գլխավորում էին Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Պետեր Շտարայը (Péter Sztáray) և վարչապետի աշխատակազմի պետքարտուղար Տրիստան Ազբեջը (Tristan Azbej )»։
ԱԳՆ տեղեկագրի համաձայն՝ Հայաստան այցելած վերջին հունգարացի պաշտոնյան խորհրդարանի նախագահ Լասլո Հյովերն էր, որը Երևան էր եկել դիվանագիտական հարաբերությունների կասեցումից առաջ՝ 2011 թ․-ին։
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել հունգարական իշխանությունների կողմից արված մարդասիրական քայլը և առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել նաև Հայաստանին 100 հազար դեղաչափ “AstraZeneca” պատվաստանյութ տրամադրելու համար։
Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ ադրբեջանական սադրանքի արդյունքում տեղային մարտեր ընթացան։ Կրակը դադարեցվեց ռուսական կողմի միջնորդությամբ։
Նոյեմբերի 23-ին Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ չճշտված տվյալներով` հայկական կողմն ունի 6 զոհ, 24+8 գերեվարված։
Գերեվարված 10 զինծառայողներ Հայաստան վերադարձան դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ։ Եվս 10-ին Ադրբեջանը վերադարձրեց դեկտեմբերի 19-ին, Եվրամիության միջնորդությամբ։
Ստացվում է՝ նոյեմբերի 16-ին գերեվարված 32 [պաշտոնական տվյալներով] զինծառայողներից 25-ն արդեն հայրենիքում են։
Հայ-հունգարական կասեցված հարաբերությունների մասին
Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թ. օգոստոսի 31-ին՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ։
Պատճառն այն էր, որ Հունգարիան որոշել էր Ադրբեջան արտահանձնել ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին, որը 2004 թ․-ին կացնահարելով սպանել էր հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին։
ԱԳՆ տեղեկագրի համաձայն՝ հարաբերությունների կասեցումից ի վեր պաշտոնյաների փոխայցեր չեն կազմակերպվել, երկկողմ համաձայնագրեր ու փոխըմբռնման հուշագրեր չեն կնքվել։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, սակայն, չի դադարեցվել։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասում է՝ Հունգարիան թյուրքական պետությունների միության դիտորդ անդամ է, բացի այդ՝ իրեն դիրքավորում է որպես թյուրքական ծագում ունեցող ազգ։
Հունգարիային «սրտաճմլիկ շնորհակալություն հայտնելուց» առաջ Դանիելյանը հորդորում է հասկանալ՝ ինչու է Հունգարիան միջնորդել գերիների ազատ արձակման հարցում։
«Ադրբեջանին ծառայություն մատուցեց ու Բուդապեշտում հայ սպա կացնահարած ադրբեջանցուն Բաքու ուղարկեց։ Հիմա Ադրբեջանն է Հունգարիային վարձահատույց լինում ու հայ գերիների ազատումը որպես Հունգարիայի միջնորդություն ներկայացնում, որով վերջինիս նախկին մեղքը քավելու հնարավորություն է տալիս»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետը։