«Քաղաքական կամք չկա»։ Արդյո՞ք Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ
Վրաստանի կառավարությունը հայտարարում է, որ երկիրը չի միանալու պատժամիջոցներին, որոնք արևմտյան երկրները սահմանել են Ռուսաստանի դեմ ուկրաինական պատերազմի պատճառով․ դա հակասում է Վրաստանի «ազգային շահերին»։ Միաժամանակ՝ նախագահն ու առանձին գերատեսչություններ հակառակն են պնդում․ Վրաստանը պահպանում է արևմտյան երկրների սահմանած բոլոր պատժամիջոցները և թույլ չի տա իր տարածքն օգտագործել դրանք շրջանցելու համար։
Ի՞նչ է իրականում կատարվում։ JAMnews-ը փորձել է պարզել այս թեման վրացի փորձագետների հետ միասին։
_____________________________________
2022 թ.-ի փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, շատ երկրներ՝ ԱՄՆ-ն, Եվրամիության երկրները, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Ավստրալիան և մյուսները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ սահմանեցին, ինչպես հավաքական, այնպես էլ միակողմանի։
Պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական, էներգետիկ և տրանսպորտային հատվածներին, արտահանմանն ու ներկրմանը, վիզային քաղաքականությանը։ Պատժամիջոցների տակ հայտվեցին պաշտոնյաներ, օլիգախներ և Ռուսաստանի նախագահ Պուտինին մոտ կանգնած անձինք։
Արևմտյան աշխարհը հույս ունի, որ ռուսական կառավարությունը չի դիմանա այս ճնշմանը և կդադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը։
Վրաստանը սեփական պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ։ Ավելին՝ փետրվարի 24-ից Վրաստանի կառավարության անդամներն ընդգծում են, որ Վրաստանը չի միանալու պատժամիջոցներին, որոնք սահմանել է Արևմուտքը։ Ուկրաինան դժգոհ է Վրաստանի դիրքորոշումից և բացահայտ խոսում է այդ մասին։
Միաժամնակ Վրաստանի նախագահն ու առանձին գերատեսչություններ մեկ անգամ չէ, որ ընդգծել են՝ Վրաստանը պահպանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմն ու ոչ ոքի չի օգնելու խուսափել դրանցից։
Իսկ ի՞նչ է կատարվում իրականում։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու Վրաստանի դիրքորոշումը
Սառը պատերազմից ի վեր առաջին անգամ է Ռուսաստանը նման կոշտ պատժամիջոցների բախվում։
Ֆինանսական պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները սառեցված են։ Ռուսաստանը չի կարող օգտագործել 630 մլրդ դոլարի իր պահուստները, բանկային փոխանցումների SWIFT միջազգային համակարգից անջատվել է Ռուսաստանի յոթ խոշորագույն բանկ, ինչի հետևանքով դրամական միջոցների փոխանցումներն ուշանում են։
Բացի այդ, ԵՄ օդային տարածքը փակ է Ռուսաստանին պատկանող բոլոր ինքնաթիռների, իսկ նավահանգիստները՝ նավերի համար։ Արգելված է նաև երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան։
Ռուսաստանցի օլիգարխները, Պետդումայի պատգամավորներն ու Պուտինին մոտ կանգնած անձինք զրկվել են իրենց՝ արտասահմանում գտնվող անշարժ գույքի հասանելիությունից, նրանց արգելվել է մեկնել Եվրոպա և ԱՄՆ։
Այժմ ԵՄ-ն աշխատում է վեցերորդ փաթեթի վրա, որը շատ ավելի կոշտ է լինելու։ ԵՄ այս փաթեթի շրջանակում պլանավորվում է նավթային էմբարգո սահմանել Ռուսաստանի դեմ, արգելել նավթի տեղափոխման և ապահովագրության ծառայությունները Ռուսաստանի համար, ինչպես նաև արգելել պետական երեք հեռուստաալիքների հեռարձակումը: Պլանավորում են SWIFT համակարգից անջատել «Սբերբանկն» ու ևս երկու խոշոր բանկեր։ Պատժամիջոցների տակ հայտնվածների ցանկում են ընդգրկվելու նաև այն զինվորականները, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել Կիևից ոչ հեռու գտնվող ուկրաինական Բուչա քաղաքում։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթն ուժի մեջ է մտել փետրվարի 24-ին։ Հաջորդ օրը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը դրանց չի միանալու․
«Ուզում եմ հստակ ու ոչ երկիմաստ հայտարարել, որ Վրաստանը, հաշվի առնելով մեր ազգային շահերն ու մեր ժողովրդի շահերը, չի պատրաստվում մասնակցել ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա միայն հսկայական վնաս կհասցնի մեր երկրին և մեր բնակչությանը»։
Այդ օրվանից Վրաստանի վարչապետը մի քանի անգամ կրկնել է այս հայտարարությունը։ Նա հավելել է, որ երկիրը տնտեսական առումով մեծապես կախված է Ռուսաստանից։ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ վերջին յոթ-ութ տարում Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 12 մլրդ դոլար, և իշխանությունը «չի կրճատելու բնակչության այս եկամուտները»։
Մոսկվան գովաբանել է Վրաստանի վարչապետին իր այս դիրքորոշման համար․
«Ապրեն։ Կարելի է միայն ողջունել այսպիսի որոշումը»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։
«Պատժամիջոցների հարցում Վրաստանի դիրքորոշումն աննկատ չի մնա»,- հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման պատճառով Ուկրաինայի նախագահ Զելենսկին Թբիլիսիից հետ էր կանչել Ուկրաինայի դեսպանին։
Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարություններն արմատապես տարբերվում էին վարչապետի հայտարարություններից։ Նախագահը միջազգային մեդիայի համար մեկնաբանել է պատժամիջոցների հարցն, այսինքն՝ հիմնականում երկրի սահմաններից դուրս գտնվող լսարանի համար։
«Անկեղծ կարող եմ ասել, որ նման հայտարարություն ես չէի անի», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 2-ին France 24-ին տված հարցազրույցում։ Ավելի ուշ նա CNN-ին ասել է, որ պնդումն այն մասին, թե Վրաստանը չի միացել պատժամիջոցներին, չի համապատասխանում իրականությանը, և խնդիրը կարող է կապված լինել «կառավարության օգտագործած բառապաշարի հետ»։
«Մենք մասնակցում ենք բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին, և դա առանձնահատուկ մի բան է Վրաստանի ֆինանսական հատվածի համար։ Միաժամանակ մենք [Վրաստանը] միացել ենք Ուկրաինային սատարող բոլոր միջազգային բանաձևերին։ Մենք [Ուկրաինայի հետ միասին] վերապրել ենք ռուսական ագրեսիայի երկդարյա պատմություն և գիտենք, թե դա ինչ է»,- այսպես է Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել պատժամիջոցների մասին Քրիստիան Ամանփուրի հարցին։
Կառավարության անդամները «Պատերազմի կուսակցություն» են անվանում բոլոր նրանց, ովքեր խոսում են պատժամիջոցներին միանալու անհրաժեշտության մասին, և մեղադրում են նրանց «Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու» ցանկության համար:
Ֆինանսական հատված
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենակարևոր փաթեթներից են ֆինանսական հատվածի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները՝ SWIFT համակարգից անջատում, փոխանցումների և արտարժույթի օգտագործման սահմանափակումներ, բանկերի դեմ պատժամիջոցներ։
Վրաստանում այս պատժամիջոցները ազդել են ռուսական VTB բանկի մասնաճյուղի վրա։ Սահմանափակվել են փոխանցումները։ Արդյունքում բանկը դադարեցրել է աշխատանքը։ ՎՏԲ բանկի հաճախորդները` ֆիզիկական, ավանդատուներ և վարկառուներ, այժմ սպասարկվում են Բազիս բանկի կողմից, իրավաբանական անձինք` Լիբերթի բանկի կողմից:
Վրաստանի Ազգային բանկը JAMnews-ին պարզաբանել է.
- Վրաստանի կամ օտարերկրյա պետության քաղաքացին կարող է գումար փոխանցել Ռուսաստան, եթե վճարողը կամ ստացողը կամ նրա բանկը պատժամիջոցների տակ գտնվող անձանց ցուցակում չեն;
- նույնը տեղի է ունենում Ռուսաստանից փոխանցում կատարելիս.
- պատժամիջոցների տակ գտնվող բանկերին գումար փոխանցելու ճանապարհ և հնարավորություն չկա;
- կան դրամական փոխանցումների սահմանափակումներ, որոնք սահմանում են հենց դրամական փոխանցումների համակարգերը.
- բոլոր գործարքները գտնվում են հատուկ վերահսկողության ներքո, և ֆիզիկապես անհնար է շրջանցել պատժամիջոցները։
«Ազգային բանկը գործում է միջազգային բանաձևերով սահմանված չափանիշներին համապատասխան և չի շրջանցի, նույնիսկ ցանկության դեպքում չի կարողանա շրջանցել պատժամիջոցները»,- պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո՝ փետրվարի 27-ին հայտարարել է Վրաստանի Ազգային բանկը:
Պատժամիջոցները չեն տարածվում դրամական փոխանցումների վրա։
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի ապրիլին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել հինգ անգամ ավելի շատ գումար, քան նախորդ ամիս։ Մարտին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 27 մլն դոլար, իսկ ապրիլին՝ 133 մլն դոլար՝ 300 տոկոսով ավելի, քան անցած տարվա ապրիլին։
Ֆինանսիստներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարող են նշանակել այս տվյալները։ Արդյո՞ք սա ցույց է տալիս պատժամիջոցներից խուսափելու որևէ անուղղակի ճանապարհ:
«Դա կարող է պայմանավորված լինել մարտին տրանսֆերտների հետ կապված խնդիրներով»,- ասում է «Հասարակության և բանկերի» կազմակերպության խորհրդի նախագահ Գիորգի Կեպուլաձեն.
«Հնարավոր է՝ երբ տեղի ունեցավ պատժամիջոցների առաջին փուլը, մեր հայրենակիցները չկարողացան գումարներ փոխանցել, ուստի դա արեցին ապրիլին»։
Ռոնդելի հիմնադրամի ավագ գիտաշխատող, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Կախա Գոգոլաշվիլին դա կապում է Ռուսաստանից միգրացիայի աճի հետ.
«Մենք ընդունել ենք տասնյակ հազարավոր հարկադիր վերաբնակիչների, կամ փախստականների, կամ պարզապես քաղաքացիների, ովքեր ժամանակավորապես տեղափոխվում են Վրաստան, և կարծում եմ, որ նրանք մեծ գումարներ են ստանում»։
Ֆինանսական պատժամիջոցների տեսանկյունից Վրաստանը «սև խոռոչի» վերածելու հնարավորություն չկա, ավելացնում է Գիորգի Կեպուլաձեն.
«Վրացական բանկային համակարգն ինքնին համաշխարհային ֆինանսական համակարգի մի մասն է, և անհնար կլիներ հավատարիմ չմնալ այդ պատժամիջոցներին։ Իշխանություններն ինչ էլ ասեն այն մասին, թե մենք չենք միանում պատժամիջոցներին, ֆինանսաբանկային տեսանկյունից մենք դրանց միացել ենք»։
Առևտուր
Ի պատասխան Ուկրաինա ներխուժման՝ Արևմուտքը նաև խստորեն սահմանափակեց առևտուրը Ռուսաստանի հետ։ Օրինակ՝ ԵՄ-ն արգելել է մետաղագործական արտադրանքի, մեքենաների և պահեստամասերի, ինչպես նաև թանկարժեք հագուստի արտահանումը Ռուսաստան։ Գրեթե բոլոր հսկա ընկերությունները լքել են ռուսական շուկան։ ԱՄՆ-ը հրաժարվել է ռուսական նավթից, Լիտվան՝ ռուսական գազից։ Եվրամիությունը հայտարարել է, որ սկսելու է աստիճանաբար նվազեցնել ռուսական նավթի և գազի սպառումը և ամբողջությամբ հրաժարվելու է դրանցից 2027 թվականին։
Այս ֆոնին, մարտի սկզբին Ռուսաստանը հայտարարեց, որ կբացի կաթնամթերքի իր շուկան Վրաստանի համար։ Կառավարությունը չի հերքել այս տեղեկությունը։ Ընդհակառակը, գյուղատնտեսության նախարարը հայտարարեց, որ «սա հնարավորություն է վրացական ընկերությունների համար»։
Ընդհանուր առմամբ, խոսք է գնում կաթնամթերք արտադրող 15 վրացական ընկերությունների մասին:
Այս պատմությունը մեծ վրդովմունք առաջացրեց ինչպես Վրաստանում, այնպես էլ Ուկրաինայում։
«Դա շատ վատ հայտարարություն էր շատ վատ պահի»,- ասում է Ռոնդելի հիմնադրամի գիտաշխատող Կախա Գոգոլաշվիլին: Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանը դա, հավանաբար, միտումնավոր է արել՝ «այդքան սպասեց, հետո բացեց շուկան, երբ պատերազմը սկսվեց»։
Նրա կարծիքով՝ խնդիրն այստեղ Վրաստանի կառավարության դիրքորոշումն էր.
«Մենք կարող էինք ժամանակավորապես ձեռնպահ մնալ և ասել, որ Ռուսաստանն է մեզ տվել այս շուկան, բայց քանի Ուկրաինայում դեռ պատերազմ է, մենք մեզ թույլ չենք տա արտահանել Ռուսաստան»։
Սակայն Վրաստանից կաթն ու պանիրը այդպես էլ չհասան Ռուսաստան. ուկրաինական իրադարձությունների ֆոնին կառավարության փոխարեն վրացական ընկերություններն իրենք հրաժարվեցին մուտք գործել ռուսական շուկա:
Ինչպե՞ս և որքանո՞վ է Վրաստանը կախված ռուսական տնտեսությունից
Վրաստանը Ռուսաստանից ավելի շատ ապրանք է գնում, քան վաճառում: Տնտեսական կախվածությունը ագրեսոր երկրից աճում է, բայց ոչ այնքան, որքան ներկայացնում է վրացական կառավարությունը։
Օրինակ՝ Transparency International Georgia-ի տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանի եկամուտները արտահանումից, զբոսաշրջությունից և Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումներից կազմել են 1,3 միլիարդ դոլար (ՀՆԱ-ի 6,7 տոկոսը)։
Վրաստանը Ռուսաստանին է վաճառում ֆեռոհամաձուլվածքների ամենամեծ ծավալը (նախորդ տարի ընդհանուր արտահանման 610 մլն դոլարից 172 մլն դոլարը ֆեռոհամաձուլվածքներն են): Ռուսաստանը մեծ շուկա է նաև վրացական գինու համար։ Անցյալ տարի վրացական գինու արտահանման 55 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին:
Վրաստանը հացահատիկ է գնում Ռուսաստանից. օրինակ՝ անցյալ տարի Վրաստանը Ռուսաստանից գնել է 319 հազար տոննա ցորեն՝ 87 մլն դոլարով կամ ցորենի ամբողջ ներմուծման 94 տոկոսը։ Բնական գազի ներմուծումը համեմատաբար ցածր է եղել՝ ընդհանուրի 23,1 տոկոսը:
Վրաստանի կառավարությունն ամեն անգամ հղում է անում այս տվյալներին, երբ համառորեն կրկնում է, որ չի միանալու սահմանված պատժամիջոցներին և մտադիր չէ կիրառել իր սեփականը։
Տեղեկատվության զարգացման ինստիտուտի (IDFI) տվյալներով՝ անկախ նրանից Վրաստանը հավատարիմ կմնա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, թե ոչ, ներկայիս ճգնաժամի պատճառով կկորցնի մոտ 114 մլն դոլար։ Իսկ եթե Վրաստանը սահմանի սեփական պատժամիջոցները, ապա վնասը կկազմի 500 միլիոն դոլարից ոչ ավելի։
Տրանսպորտ և հաղորդակցություն
Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել գրեթե 94 հազար մարդ (մարտին՝ 45.068, ապրիլին՝ 48.797)։
Վրաստանը Ռուսաստան ուղիղ չվերթ չունի 2019 թվականից հետո, երբ Ռուսաստանը չեղարկեց թռիչքները։ Ուկրաինական պատերազմի պատճառով Եվրամիությունը փակել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Վրաստանը դա չարեց և դա բացատրեց հարևան Հայաստանի շահերով։
Միևնույն ժամանակ, Վրաստանը այն եզակի երկրներից է, որը շատ ազատական վիզային քաղաքականություն է վարում Ռուսաստանի հետ. Ռուսաստանի քաղաքացիները վիզայի կարիք չունեն, նրանք կարող են օրինական կերպով երկրում մնալ մեկ տարի։
Այս քաղաքականությունը պետք է վերանայվի, քանի որ Վրաստանի համար ռիսկերը մեծապես աճել են, ասում է Վրաստանի Ազգային բանկի նախկին ղեկավար, ֆինանսիստ Գիորգի Կադագիձեն.
«Վիզային ազատական քաղաքականությունը, Ռուսաստանի հետ աճող առևտրային հարաբերությունները, աշխարհագրական հարևանությունը, ՌԴ քաղաքացիների հոսքի ավելացումը, Վրաստանում բացված ընկերությունների թիվը [պատերազմից հետո Վրաստանում որպես անհատ ձեռնարկատեր է գրանցվել 3400 ռուս — JAMnews]. այս ամենը վկայում է այն մասին, որ մենք բարձր ռիսկային երկիր ենք։ Սա վերանայման կարիք ունի»:
«Սև խոռոչ» և «սև ցուցակ»
«Անարդար է, երբ որոշ մարդիկ շրջանցում են պատժամիջոցները և փող աշխատում։ Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ ասիական որոշ երկրներ ներգրավված են դրանում։ Շատ ցավալի է ցուցակում տեսնել այնպիսի երկրներ, ինչպիսին Վրաստանն է, որն այդ սև ցուցակում է»,- Ատլանտյան խորհրդում քննարկման ժամանակ ասել է Ուկրաինայի վարչակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ուկրաինան բացահայտորեն նշում է, որ Վրաստանը կարող է օգտագործվել որպես «սև խոռոչ» պատժամիջոցները շրջանցելու համար։
Մայիսի 1-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտնել է, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ռուսական արտադրանքը միջազգային շուկա վերաարտահանելու համար։ Ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, ուկրաինական հետախուզությունը հայտնել էր, որ Ռուսաստանը Վրաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհ է ստեղծում։
Երկու դեպքում էլ Վրաստանի կառավարությունը մեղադրանքներն անվանել էր կեղծ և Ուկրաինայից բացատրություններ ու ապացույցներ պահանջել:
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ «Վրաստանը թույլ չի տա պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների փոխադրում»։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը նշել է, որ գոհ է այս հայտարարությունից, սակայն հավելել է. «Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք այս հարցին»:
Հարցին, թե Վրաստանը իսկապես կարո՞ղ է «սև խոռոչ» լինել, փորձագետ Գիորգի Կադագիձեն պատասխանում է, որ դա արվում է շատ պարզ և, որպես կանոն, դրանով զբաղվում են անհատներ:
«Միշտ կան մարդիկ և խմբեր, որոնք փորձում են օգուտ քաղել իրավիճակից: Դա եղել է անցյալում և կլինի ապագայում։ Հարցն այն է, թե պետությունը խրախուսո՞ւմ է, թե՞ կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի իր իրավասության ներքո նման բաներ տեղի չունենան։ Սա է հիմնական հետաքրքրության առարկան, երբ խոսում ենք այն մասին, թե պետությունը միանում է պատժամիջոցներին, թե ոչ»։
Կադագիձեն նաև գործնական օրինակներ է բերել, թե ինչպես կարելի է դա անել.
«Ամենատարածված ձևը ապրանքների նշանակման երկրի փոփոխությունն է՝ միջնորդ ընկերության տեսքով նոր կապի հայտնվելով: Օրինակ՝ չիպերը Թաիլանդից Ռուսաստան չեն առաքվում, ուստի Վրաստանում գրանցված ընկերությունը գնում է դրանք և խնձորներով բեռնված մեքենայով տեղափոխում Ռուսաստան։ Դա հնարավո՞ր է: Այո՛»։
Նրա կարծիքով՝ հեղինակության և այլ, ավելի լուրջ ռիսկերից խուսափելու համար երկրում պետք է ստեղծվի մոնիտորինգային խումբ՝ արտահանման և ներմուծման, տարանցման և ֆինանսական հոսքերի մշտադիտարկման համար:
«Այս ամենը ստանդարտ գործընթացների թերի ցուցակ է, որը պետք է անի դաշնակից/ընկեր երկիրը։ Եվ ամենակարևորը, այդ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը: Իսկ ի՞նչ ենք մենք անում, աշխատու՞մ ենք գործընկերների հետ։ Տեղեկություններ փոխանաո՞ւմ ենք: Միջազգային պատժամիջոցների հարցը «հավատում եմ, չեմ հավատում» կամ «ապացուցիր կամ ներողություն խնդրիր» տարբերակ չէ։ Սա կոնկրետ գործողությունների ցանկ է, որ երկիրը պետք է ձեռնարկի աղետալի գործընթացներում իր ներգրավվածությունը կանխելու համար»։
Ի՞նչ է անում Վրաստանի կառավարությունը, բացի հայտարարություններից, թե թույլ չի տա երկիրը վերածել «սև խոռոչի»։ Այս հարցին պատասխան չկա։ Առայժմ ոչ ոք հրապարակված չի տեսել որևէ նորմատիվ ակտ, որը կկանոնակարգեր, օրինակ, սահմանով ապրանքների տեղափոխումը։
«Նրանք նույնիսկ պաշտոնապես դեռևս չեն ընդունել օրենք, որը կսահմանափակի այն գործողությունները, որոնք պուտինյան Ռուսաստանը կարող է օգտագործել պատժամիջոցները շրջանցելու համար»,- հայտարարել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիան:
«Ի՞նչ նկատի ունեն»,- հարցնում է նա։ — Եթե իրենք ենթաօրենսդրական ակտեր չեն ընդունում, որով պետք է առաջնորդվի կառավարությունը՝ պատժամիջոցների շրջանցումը կանխելու համար, ապա ինչի՞ հիման վրա են ինչ-որ բան սահմանափակում։ Արդյո՞ք նրանք օրենքից դուրս քայլեր են անում։ Ո՞վ կհավատա, որ այս ռեժիմը պուտինյան Ռուսաստանի դեմ անօրինական քայլեր է անում։
Պատերազմի սկզբից մինչ օրս Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը պարբերաբար հրապարակային հայտարարություններ է անում և պնդում, որ խստացրել է մաքսային հսկողությունը.
«Ռազմական և երկակի նշանակության ապրանքները, ինչպես նաև բոլոր ապրանքները, որոնք գտնվում են պատժամիջոցներին մասնակից երկրների պատժամիջոցների ցանկում, ենթարկվում են խիստ մաքսային հսկողության»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ Այն նաև պարզաբանում է, որ «ուշադրություն է դարձվում նաև այն անձանց և ընկերություններին, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ»։
JAMnews-ին չհաջողվեց եկամուտների ծառայությունից ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչի հիման վրա է խստացվել բեռների նկատմամբ վերահսկողությունը։
Սակայն մաքսային ծառայության աղբյուրը JAMnews-ին հայտնել է, որ ծառայությունը ստացել է որոշում, որն ուղարկվել է բոլոր բաժիններ։ Այդ որոշման համաձայն՝ կան պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակներ և ապրանքային ծածկագրեր։ Մաքսային ծառայողները ապրանքները ստուգելիս առաջնորդվում են այդ ցուցակներով։
Ամեն անգամ, երբ պատժամիջոցների տակ հայտնված խմբաքանակ է հասնում սահման, կամ ուղարկողի կամ ստացողի նկատմամբ պատժամիջոցներ կան սահմանված, հատուկ բաժինն է ներգրավվում: Աղբյուրի փոխանցմամբ՝ եղել է դեպք, երբ ուղարկողը պատժամիջոցների տակ է եղել, իսկ բեռը՝ ոչ, և երկար քննարկումներից հետո բեռի մուտքը թույլատրվել է։ Նրա խոսքով՝ ամենից շատ դա վերաբերում է տարանցիկ բեռներին։ Եվ տարանցիկ երթևեկությունն այժմ այնքան է աճել, որ մաքսակետերն աշխատում են կրկնակի ծանրաբեռնվածությամբ։
Եթե Վրաստանը պաշտոնապես չի միացել պատժամիջոցներին, ապա ինչու է հետևում այլ երկրների կողմից սահմանված սահմանափակումներին։ Կամ եթե Վրաստանն այդ ամենն անում է, ինչու է կառավարությունն ասում, թե մենք չենք միանում պատժամիջոցներին, սա հարց է, որը պատասխան չունի։ Կառավարությունը լռում է։
Երկու շաբաթ շարունակ JAMnews-ն ապարդյուն փորձում էր այս պարզ հարցի պատասխանը ստանալ կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Փորձագետներից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է բացատրվում այս ոչ այնքան հասկանալի իրավիճակը։
Այստեղ վախի գործոն կա. Ռուսաստանից վախենալով իշխանությունները չեն ցանկանում բարձրաձայնել այն, ինչ անում են Արևմուտքի վախից ելնելով, կարծում է Կախա Գոգոլաշվիլին։
Կառավարությունը շարունակում է փորձել նստել երկու աթոռների վրա. «Եկեք չնյարդայնացնենք Ռուսաստանին, բայց միևնույն ժամանակ հռչակենք արևմտյան կուրս»,- ասում է Գիորգի Կադագիձեն։
Ի՞նչ պետք է արվեր
Վրաստանը ոչ միայն պետք է միանար պատժամիջոցներին, այլև սահմաներ իրենը, կարծում է Կախա Գոգոլաշվիլին.
«Օրինակ, նախևառաջ պետք էր բացահայտ հայտարարել, որ մենք թույլ չենք տա, որ երկակի նշանակության և ռազմական ապրանքները անցնեն։
Երկրորդ՝ կարելի էր բացահայտ հայտարարել, որ, օրինակ, մենք թույլ չենք տա ռուսական դրոշի տակ գտնվող նավերը մտնեն նավահանգիստներ, քանի որ դա անվտանգության հարց է։
Երրորդը, օրինակ, հիմա պետք է վերացվի Ռուսաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը:
Չորրորդ՝ խոսակցություններ են եղել, որ Ռուսաստանը պետք է վերականգնի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը, որն ինքն է չեղարկել։ Հիմա մենք ինքներս պետք է դա արգելենք։ Մենք կարող ենք բացառություն անել Հայաստանի համար, բայց արգելել [ռուսական ինքնաթիռներին] թռիչքները [Վրաստանի օդային տարածքով] ցանկացած այլ երրորդ երկիր։
Ի վերջո, ես, օրինակ, կարգելեի ռուսական ընկերություններին ունենալ վերահսկիչ բաժնետոմսեր վրացական ընկերություններում»։
Բայց ոչ Գոգոլաշվիլին, ոչ էլ մյուս փորձագետները, որոնց հետ զրուցել ենք, Վրաստանի կառավարությունից նման բան չեն ակնկալում: Որովհետև կարծում են, որ կառավարությունը դրա համար քաղաքական կամք չունի։
«Մեդիասեթ»-ի աջակցությամբ