Քարտեզի վրա փոփոխություններ, նոր գերիներ Արցախում․ ի՞նչ է կատարվում։ Մեկնաբանություն Բաքվից
Ռազմական գործողություններն Արցախում դադարեցվել են նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարությամբ։ Սակայն վերջին օրերին տարածաշրջանում անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում․ փոփոխություններ են կատարվում խաղաղապահ ուժերի տեղակայման քարտեզներում, որոնք տրամադրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հաղորդվում է բախումների, գյուղերի շրջափակման, նոր գերիների մասին։ Ի՞նչ է կատարվում իրականում։
- Գերիներ էլ չկա՞ն։ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ փոխանակել են «բոլորին բոլորի դիմաց»
- Հայաստանում շարունակվում է սկանդալն Արցախի հարակից տարածքները 5 մլրդ դոլարով գնելու առաջարկի պատճառով
Ըստ ռազմական տեսաբան Ասաֆ Գուլիևի՝ խնդիրն այն է, որ որոշ փորձագետներ սխալ են գնահատում ստորագրված փաստաթուղթը․
«Նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթուղթը հայտարարություն է։ Սակայն որոշ փորձագետներ այն մեկնաբանում են որպես խաղաղության մեծ պայմանագիր։ Այս սխալ մոտեցումն էլ հենց հարցեր է առաջացնում հասարակությունում»։
«Հայտարարության համաձայն՝ ադրբեջանական բանակը պետք է կանգ առնի այնտեղ, որտեղ գտնվել է եռակողմ հայտարարության ստորագրման պահին։ Սակայն նույն փաստաթղթի մյուս կետում ասված է, որ ռազմական գործողությունների ժամանակ իրենց բնակավայրերը լքած անձինք պետք է վերադառնան։ Ստացվում է, որ հայերը վերադառնում են այն բնակավայրեր, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ։ Սա գործնականում անհնար է», —JAMnews-ին ասել է տեսաբանը։
Նրա խոսքով՝ ստորագրված փաստաթղթի այս բացերը երկու կողմերին ստիպում են հենց իրենց ճիշտ համարել․
«Այդ դեպքում դիմակայություն է ստեղծվում։ Առճակատումն ավելացնում է տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության նշանակությունը։ Որոշ պայմանավորվածություններ ձեռք են բերվում ռուսների միջնորդությամբ։ Սակայն այդ համաձայնությունները բանավոր են, այլ ոչ թե որևէ իրավաբանական փաստաթղթերով ամրագրված։ Վստահություն չկա, որ բանավոր պայմանավորվածությունները չեն խախտվելու։ Սրա հետ են կապված նաև քարտեզի փոփոխությունները»։
Ասաֆ Գուլիևը նաև մեկնաբանել է 160 հայ զինվորների գերեվարման մասին լուրը․
«160 նոր գերիների մասին հստակ տվյալներ դեռ չկան։ Չի բացառվում, որ նման միջադեպեր տեղի ունենան նաև ապագայում։ Քանի որ հայերի շրջանում ռազմական և քաղաքական ուժեր կան, որոնք պնդում են, որ դիմադրությունը պետք է շարունակվի։ Քանի որ Ադրբեջանը տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում, կալանքն անխուսափելի է»։
Մեկնաբանը նշում է, որ այս բոլոր խնդիրների հիմքում միայն մեկ հարց է․
«Այս ամենի հետևում մեկ գործոն կա։ Հարց է առաջանում, թե ինչու է դիմակայություն նկատվում հենց այդ ուղղությամբ։ Խոսքը Շուշիի անվտանգության և դեպի Շուշի տանող ճանապարհի մասին է։ Հայկական կողմն ուզում է ամրապնդել իր դիրքերը Շուշիի և կառուցվող ճանապարհի համար մշտական սպառնալիք ստեղծելու նպատակով, իսկ ադրբեջանական կողմն այդ սպառնալիքների դեմ կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում՝ ապագայում խնդիրների չբախվելու համար»։