Օրենսդրական փոփոխություններ ՀՀ զբոսաշրջության ոլորտում. ռիսկերն ու հնարավոր հետևանքները
Փոփոխություններ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում
Հայաստանի զբոսաշրջության ոլորտն ամփոփել է 2024թ.-ը երկիր այցելած զբոսաշրջիկների 4.7 % նվազմամբ: Դրան զուգահեռ նախորդ տարվա ընթացքում ընդունվել են մի քանի կարևոր իրավական ակտեր ու հարկային փոփոխություններ։ Ընդ որում, ոլորտում աշխատող ընկերությունները գտնում են, որ դրանք կարող են հավելյալ ռիսկեր առաջացնել:
Փոփոխությունների վերաբերյալ համակարգող պետական կառույցի մոտեցումներն ու ակնկալիքները, ինչպես նաև զբոսաշրջության համակարգում աշխատողների կարծիքը դրանց մասին:
- Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է ավելի քան 2 մլն զբոսաշրջիկի
- ՌԴ-ից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը նվազել է 23%-ով
- Ավելի քիչ զբոսաշրջիկներ են եկել Հայաստան, թեև պետական ֆինանսավորումն ավելացել է
Զբոսաշրջության ոլորտը թվայնացվում է
2024թ.-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Զբոսաշրջության մասին» օրենքը, որով սահմանվել են ոլորտի բոլոր դերակատարների ու շահառուների իրավունքներն ու պարտականությունները: Ի թիվս այլ պարտականությունների, Զբոսաշրջային կոմիտեին վերապահվել է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց և զբոսաշրջային ռեսուրսների վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանի վարման գործառույթը:
«Մենք գնում ենք ոլորտի թվայնացման ճանապարհով: Թվայնացման հիմնական առաջնահերթություններն ու սկզբունքերը բխում են «Զբոսաշրջության մասին» օրենքից։ Այն սուբյեկտները, որոնք գրանցված կլինեն կոմիտեի կողմից ստեղծված թվային հարթակում, կունենան պետության համապատասխան հավաստագիր։ Եվ նրանց ծառայություններից օգտվողները կիմանան, որ ստուգված ծառայությունից են օգտվում»»,- շեշտել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

Զբոսաշրջային ծառայություն մատուցողը պարտավոր է ունենալ կայք
Այս տարվա փետրվարից ուժի մեջ մտած կառավարության որոշմամբ սահմանվել են զբոսաշրջության գործունեության սուբյեկտների կողմից ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները: Պահանջներից մեկը մշտապես թարմացվող կայք ունենալն է: Ընդ որում, կայք ունենալու պայմանը վերաբերում է ոչ միայն զբոսաշրջային օպերատորներին, այլև գործակալներին:
Զբոսաշրջության կոմիտեից շեշտում են՝ կայք ունենալը կնպաստի զբոսաշրջիկների կողմից վստահության, նրանց պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:
«Մենք ակնկալում ենք, որ տուրօպերատորները, հյուրանոցները, գործակալները կունենան կայք, որտեղ հրապարակված կլինի իրենց պայմանագրերի ստանդարտ ձևը, որը ներբեռնելով, ստորագրելով, զբոսաշրջիկը կլինի ավելի պաշտպանված: Երբ զբոսաշրջիկն ունենա պայմանագիր, մենք առնվազն կունենանք հիմք՝ նրա իրավունքները պաշտպանելու համար։ Կայքի գնումը այսօր 30.000-80.000 դրամ է, իսկ մեկ անգամ ներդրում կատարելն ու պատշաճ ծառայություններ մատուցելը շատ կարևոր է»,- ասել է Լուսինե Գևորգյանը:
Looys Travel տուրիստական ընկերության տնօրեն Դիանա Մնացականյանը, սակայն, չի կիսում այս մոտեցումը:
«Ինչո՞ւ պետք է որևէ մեկն իմ բիզնեսին ստիպի կայք ունենալ: Թույլ տվեք ես որոշեմ, իմ բիզնեսի զարգացման, դրսի գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար որքանո՞վ է ինձ անհրաժեշտ այդ կայքը, արդյո՞ք անհրաժեշտ է, թե՞՝ ոչ: Եթե ես զգամ, որ դա իմ բիզնեսի համար անհրաժեշտ է, առաջինը ես կնախաձեռնեմ կայք ունենալու գործընթացը»,- ասում է նա:
Տարիների փորձից ելնելով՝ նկատում է՝ որևէ գործընկեր կայքի առկայության հարցը չի կարևորել: Ինչ վերաբերում է կոմիտեի նախագահի կողմից մատնանշված կայքի պատվիրման արժեքին, հակադարձում է.
«Մինչև 80.000 դրամանոց կայք պատվիրելով մենք ի՞նչ ենք անում, պտիչկա ե՞նք դնում։ Ես չեմ ուզում ունենալ այդպիսի կայք: Այն կայքը, որը ես ուզում եմ ունենալ, 400.000+ արժե: Բացի պատվիրման մեկանգամյա վճարը կայքն ունի նաև ամսական սպասարկման, դոմեյնի ու այլ վճարներ ևս»:
«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանը կիսում է գործընկերոջ մտահոգությունը.
«Եթե դա հավելյալ ծախսեր է ստեղծում բիզնեսի համար և ծանրացնում է բիզնեսի վիճակը, միգուցե պետք է վերանայե՞լ այդ կետը»։
Եվս մեկ պարտադիր պայման՝ ունենալ նվազագույնը մեկ աշխատող
Յաշա Սոլոմոնյանն առավել խնդրահարույց է համարում օրենքով պարտադրվող մեկ այլ պայման: Այն է՝ զբոսաշրջային օպերատորի և գործակալի գործունեություն իրականացնելու համար պարտադիր է անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով նվազագույնը մեկ աշխատող ունենալը:
«Աշխատող պահելու պահանջը փոքր բիզնեսին հարվածելու միտում ունի: Մարդը կարող է լինել անհատ ձեռնարկատեր և ինքնուրույն զբաղվել իր գործով: Երբ նա կարողանա այնքան հմտանալ, որ ավելի մեծ շուկաներ գրավի, նա ինքը կորոշի աշխատողներ ներգրավել, թե ոչ: Բայց պայման դնել․ եթե ուզում ես զբաղվել տուրիզմով, պետք է աշխատող պահես, դա աբսուրդ է և՛ ծախսատարության, և՛ արդյունավետության տեսանկյունից»,- կարծում է նա:
«Տուրիզմն այն ոլորտն է, որտեղ մեկ անձը կարող է իր ծառայությունները առաջ տանել՝ առանց աշխատող պահելու:Սա փոքր բիզնեսի մի կարևոր բաղադրիչ է։ Եվ որևէ մեկը իրավունք չունի փոքր բիզնեսին ստիպել, որ աշխատակից ունենա»,- ասում է Դիանա Մնացականյանը:

Շրջանառության հարկը կրկնապատկվել է
2024թ.-ին ընդունված հարկային փոփոխությունների համաձայն՝ շրջանառության հարկման դաշտում աշխատողների համար հարկային բեռն այս տարեսկզբից դարձել է 10%։ Նախկինում այն 5% էր:
Դիանա Մնացականյանի կարծիքով՝ հարկային բեռի կրկնապատկումը կարող է ոլորտում ծանր հետևանքներ առաջացնել․
«Փոքր բիզնեսի համար առհասարակ շատ ծանր է Հայաստանում աշխատելը, որովհետև շուկան փոքր է ու լճացած: Դրա հետ մեկտեղ շրջանառության հարկի բարձրացումը բերելու է մեծ խնդիրների՝ ոչ միայն տուրիզմի ոլորտում»։
Յաշա Սոլոմոնյանի դիտարկմամբ՝ օրենքն ընդունելիս կառավարությունը առնվազն զբոսաշրջության ոլորտի մասով բավականաչափ շրջահայաց չի գտնվել․
«Ոլորտը հայտարարված է որպես գերակա։ Մյուս կողմից նաև շատ հարցերով տուժած ոլորտ է: Քովիդից ու պատերազմից հետո այն դեռևս լիարժեք չի վերականգնվել: Այս ամենի ֆոնին հավելյալ հարկային բեռը, երկրում առկա թանկացումները, դրամի արժեվորումը եվրոյի ու դոլարի նկատմամբ հանգեցրել են նրան, որ մեր տուրիստական փաթեթները դարձել են շատ թանկ: Մենք այլևս մրցունակ չենք տարածաշրջանում: Մենք փաթեթներ վաճառելու խնդրի առաջ ենք կանգնած»:

Նրա խոսքով՝ իրականացված փոփոխություւնները տանում են նրան, որ փոքր ձեռարկությունները փակվեն․
«Այդ անկումային տրամադրությունն այսօր շատերի մոտ կա: Շատ անհատ ձեռնարկատերեր մտածում են ոլորտը փոխելու, դրսում աշխատանք գտնելու մասին, որովհետև հասկանում են՝ ավելի խիստ պայմաններով ու ավելի բարձր հարկերով աշխատելն ուղղակի ձեռնտու չի լինելու: Ես ինքս էլ այսօր խնդրի առաջ եմ կանգնած: Ես չեմ կարողանում իմ գործընկերներին բացատրել, թե ինչո՞ւ է Հայաստանի փաթեթը Վրաստանից 20-30 տոկոսով թանկ»։
Իսկ Դիանա Մնացականյանի կարծիքով, այս ամենի արդյունքում ավելանալու է կանխիկով ծառայությունների մատուցման ծավալը, արդյունքում՝ և ստվերը․
«Փոքր կազմակերպությունների որոշ մասն էլ միգուցե փակվեն: Դեռ ակտիվ զբոսաշրջային սեզոնը չի սկսվել։ Ու դեռ լիարժեք չենք հասկանում՝ ի՞նչ է կատարվում։ Բայց ակտիվ սեզոնի ընթացքում բոլորս կզգանք այդ ահռելի բեռը մեր ուսերին»:
Ակնկալիքները՝ կրճատվող զբոսաշրջային հոսքերի ֆոնին
2024թ.-ին ՀՀ է այցելել 2.208.179 զբոսաշրջիկ՝ 108 հազար պակաս, քան 2023թ.-ին:
Տարիներ շարունակ զբոսաշրջային այցերի տեսակակար կշռում նշանակալի տեղ են զբաղեցրել ՌԴ-ից ժամանող զբոսաշրջիկները (շուրջ 43 %): 2024 թ.-ին այս երկրից այցելողների թիվը կրճատվել է ավելի քան 199 հազարով՝ դառնալով 937.823:
Էականորեն կրճատվել է նաև Մոլդովայից, Իրաքից, Սաուդյան Արաբիայից, Մեքսիկայից, Սիրիայից, Քուվեյթից, Սլովակիայից, ԱՄԷ-ից եկող զբոսաշրջիկների թիվը:
Փոխարենը զգալիորեն աճել է հետաքրքրությունը Իրանի, Վրաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, Ֆիլիպինների, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Եգիպտոսի, ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը վստահեցնում է՝ ներդնում են բոլոր ջանքները՝ թիրախային երկրներից նոր հոսքեր ներգրավելու համար:
«Առաջիկա 5 տարիների մեր նշաձողը 3 մլն զբոսաշրջիկի այցելությունն է Հայաստան»,- հայտարարել է նա:
«Ես արդեն 16 տարի է՝ աշխատում եմ ոլոտում և առաջին օրից լսում եմ, որ մենք 3 մլն-ի նշաձող ունենք: Բայց քայլերը, որոնք արվում են այսօր, ավելի են դժվարացնելու այդ նշաձողին մոտենալը»,- նկատում է Յաշա Սոլոմոնյանը:
Իսկ Դիանա Մնացականյանը հույս ունի, որ կոմիտեի ներդրած ջանքերի դրական պտուղները առաջիկայում տեսանելի կլինեն․
«Տուրիզմի ոլորտը կայացման փուլում է մեր երկրում: Եվ պարզ է, որ այս անցումային փուլը շատ բարդ է ոչ միայն ոլորտի ներկայացուցիչների, այլև ոլորտը համակարգող պետական կառույցի համար»։
Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, ակնկալում է, որ կոմիտեն ականջալուր կլինի ոլորտի ներկայացուցիչների դժգոհություններին և կվերանայի դրանք: Ասում է՝ հակառակ պարագայում 2025-ը կարող է դառնալ զբոսաշրջային ծառայությունների մատուցման վերջին տարին ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների համար:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փոփոխություններ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում