Փոխհրաձգություն Ղարաբաղում. կան զոհեր ու վիրավորներ
Փոխհրաձգություն Ղարաբաղում
Այսօր’ վաղ առավոտյան Ղարաբաղի այն հատվածում, որը վերահսկվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կողմից, զինված բախում է տեղի ունեցել ադրբեջանական բանակի և Լեռնային Ղարաբաղի զինծառայողների միջև: Երկու կողմում էլ կան զոհեր ու վիրավորներ:
Ականատեսներն ընդգծում են, որ փոխհրաձգության ձայները լսվել են ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Շուշիում:
- «Ադրբեջանը հայտնվել է փակուղում»․ Հայաստանի ԱԺ խոսնակը՝ ԼՂ շրջափակման մասին
- «Չպետք է ծուղակի վերածվի»․ կարծիք Բաքու-Ստեփանակերտ շփումների մասին
- «Սումգայիթի ջարդերը ազգային հողի վրա արված ոճրագործություն էին»․ ՀՀ ԱԳՆ
Կողմերը հայտնել են կատարվածի վերաբերյալ իրենց վարկածները
Տեղեկություններ Երևանից
Հայաստանի ԶԼՄ-ները հայտնում են, որ «ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակել է ԼՂ անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի մեքենայի վրա, միջադեպը տեղի է ունեցել «Խայփալու» կոչվող տարածքում:
Հայկական լրատվական պարբերականները հաղորդում են, որ «Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման արդյունքում» զոհվել է երեք մարդ’ փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Դավիթ Դանիելյանն ու լեյտենանտ Արարատ Գասպարյանը: Լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում ու գտնվում է տեղի բժշկական կենտրոնում:
Նախօրեին Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարությունը հաղորդել էր Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտումների մասին:
Տեղեկատվություն ԼՂ-ից
ԼՂ իշխանությունները հերքում են Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե, իբր, ոստիկանության մեքենայով փորձ է արվել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխել ռազմական տեխնիկա:
«Ոստիկաններն արցախյան կողմից ուղևորվում էին մեր ոստիկանական կետ, մեքենայում զենք կամ զինամթերք չի եղել», — հայտարարել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Նա ադրբեջանական կողմի հայտարարությունն անվանել է «բացահայտ սուտ և միջազգային հանրությանը մոլորեցնելու ու խաբելու փորձ»:
Ներսիսյանի խոսքով’ «Արցախի Հանրապետության իրավասու մարմիններն ունեն անհերքելի ապացույցներ, տեսանյութ և լուսանկարներ»: Նա հայտնել է, որ միջադեպի բոլոր փաստական տվյալները «հնարավորինս շուտ կներկայացվեն միջազգային լսարանին Արտաքին գործերի նախարարության միջոցով»:
Ներսիսյանը շեշտել է, որ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը «ակտիվ գործունեություն են ծավալել շփման գծի տարբեր ուղղություններում, թիրախավորել են հայկական բնակավայրերի անվտանգության ապահովման համար տեղադրված տեսախցիկները, վնասել կամ ոչնչացրել դրանք»:
ԼՂ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը
«Ոստիկանների սպանության հանգամանքների նախնական վերլուծությունը թույլ է տալիս ադրբեջանական կողմի գործողությունները որակել որպես պատերազմական հանցագործություն:
Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումն Արցախի տարածք և հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական աղաղակող խախտում է և ցույց է տալիս լարվածության աճ հրահրելու ադրբեջանական կողմի ձգտումը»,- ասված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը.
«Հատկանշական է, որ այդ հարձակումներն իրագործվել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մարտի 1-ին կայացած շփումներից անմիջապես հետո: Իր գործողություններով Բաքուն բացահայտ կերպով ցուցադրում է բանակցությունների’ որպես որևէ հարցի լուծում գտնելու միջոցի ժխտում:
Արցախի ժողովրդի համար դիտավորյալ անտանելի կենսապայմաններ ստեղծելու նպատակով ավելի քան 80 օր շարունակվող շրջափակման ֆոնին իրավիճակի կտրուկ սրումը, որը հանգեցրել է զոհերի, հերթական անգամ վկայում է Ադրբեջանի իրական նպատակների և Արցախի էթնիկ զտումն ավարտին հասցնելու մտադրության մասին: Ակնհայտ է, որ միջազգային հանրության՝ Ադրբեջանի միջազգային-հակաիրավական գործողությունների կանխմանն ուղղված համարժեք միջոցներ չձեռնարկելը այդ երկրի իշխանությունների կողմից ընկալվել է որպես նոր ոճրագործություններ կատարելու քարտ-բլանշ»:
Հայտարարությամբ կրկին կոչ է անում միջազգային հանրությանն ու հակամարտության կարգավորման գործում ներգրավված կողմերին «վերանայել իրենց մոտեցումները և ձեռնարկել գործուն ու միջազգային իրավունքի նորմերից բխող քայլեր’ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը»:
Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը
Պաշտոնական Երևանի դիտարկմամբ‘ «ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել»:
«Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ իրենց հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:
Հայաստանի արտգործնախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը, տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ հետաքրքրված երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել «Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը», «գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից իր իսկ միջազգային պարտավորությունների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ»:
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ’ վաղ առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայողները հաղորդագրություն են ստացել Հայաստանի տարածքից զենքի, զինամթերքի և կենդանի ուժի տեղափոխման վերաբերյալ Լաչինի ճանապարհի այլընտրանքային’ Խալփալի գրունտային ճանապարհով:
Դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ խումբը դուրս է եկել այդ ճանապարհ՝ տեղում ստուգում իրականացնելու: Այն պահին, երբ ադրբեջանական զինված ուժերը փորձել են կանգնեցնել ճանապարհով անցնող հայկական մեքենան, դրա ուղևորները կրակ են բացել: Պատասխան կրակ է բացվել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է երկու կողմերի կորուստների մասին, զոհերի ու վիրավորների ճշգրիտ թիվ չի հաղորդվում:
«Այսօրվա միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պետք է տեղադրի համապատասխան անցակետ Լաչին-Խանքենդի ճանապարհին:
Այն փաստը, որ Հայաստանը մինչ օրս ռազմական տեղափոխումներ է իրականացնում դեպի Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջան, հանդիսանում է Ադրբեջանի նկատմամբ այդ երկրի շարունակական ագրեսիա և ահաբեկչական քաղաքականություն:
Սադրանքի ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- հավելել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը:
Ղարաբաղում տեղի ունեցածի առնչությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ:
«Ագրեսիայի և սադրանքների նման գործողությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Հայաստանը չի հրաժարվում Ադրբեջանի նկատմամբ օկուպացիոն քաղաքականությունից, որ խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի տեսակետները ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն, որ Հայաստանը հետաքրքրված չէ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմամբ: Այս գործողությունները ևս մեկ անգամ ապացուցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային վերահսկողության ռեժիմի ներդրման հիմնավորվածությունը:
Նման ռազմական սադրանքները կանխելու համար ադրբեջանական կողմը պահանջում է ապահովել եռակողմ հայտարարության կատարումը, Հայաստանից ապօրինի զենքի և զինամթերքի, անձնակազմի ու ականների մատակարարումների դադարեցումը, Ադրբեջանի տարածքներից հայկական զինուժի անհապաղ դուրսբերումը»,- ասված է փաստաթղթում: