Բաքուն հաղորդել է Արցախում փոխհրաձգության և զոհերի մասին, Երևանը նման տեղեկատվություն չունի
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է դեկտեմբերի 27-ին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգության մասին ԼՂ Հադրութի շրջանում, որն անցել է ադրբեջանական բանակի վերահսկողության տակ արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նման տեղեկատվություն չի ստացել, և հայկական ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը։
Արցախյան երկրորդ պատերազմը սկսվել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին և դադարեցվել 45 օրից՝ նոյեմբերի 10-ին, այն բանից հետո, երբ Հայաստանն, Ադրբեջանն ու Ռուսաստանը հրադադարի հայտարարություն են ստորագրել։ Պայմանավորվածությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղին հարող մի քանի շրջանների փոխանցում Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Ըստ Ադրբեջանի տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Աղդամ գյուղի ուղղությամբ, և «սադրանքն իրականացվել է հայկական զինված ապօրինի խմբավորման կամ տարածքում մնացած վեց հոգանոց ջոկատի կողմից, որը հարձակվել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վրա»։
- Ադրբեջանի և անհայտության գերիները․ նրանց գտնելու և վերադարձնելու հայկական կողմի փորձերը
- Թուրք զինծառայողներն Ադրբեջան են մեկնել ղարաբաղյան գոտում տեղակայման համար
- Հայաստանը շարունակում է տարածքնե՞ր տալ Ադրբեջանին։ Սահմանամերձ մարզի բողոքի ցույցը
Հաղորդվում է, որ ադրբեջանցի մեկ զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավորվել է, «հայկական զինված ապօրինի խմբավորման բոլոր վեց անդամները ոչնչացվել են»։
Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում գրում են, որ հարձակումը կազմակերպվել է նախապես փորված թունելի շնորհիվ։
Սոցցանցերում նաև հրապարակվում է պաշտոնապես չհաստատված տեղեկություն Զանգելանի շրջանի ուղղությամբ ադրբեջանական բանակի զորամասերի վրա հայ զինվորականների հարձակման մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Տող գյուղն Ադրբեջանի ԶՈւ ամբողջական վերահսկողության տակ է, և հայկական կողմից այնտեղ ոչ մի արտակարգ միջադեպ չի գրանցվել։
«Հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ», — ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Սա երկրորդ միջադեպն է Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Նախորդը տեղի էր ունեցել մոտավորապես նույն հատվածում դեկտեմբերի 15-16-ին ու հաստատվել էր երկու կողմից, ինչպես նաև ռուս խաղաղապահների կողմից։