ՀՀ կառավարությունը կփոխհատուցի ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասները
Փոխհատուցում ՀՀ-ում ջրհեղեղից տուժածներին
Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի Լոռու և Տավուշի մարզերի՝ ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասները: Բնակարանի կամ բնակելի տան կորստի դեպքում նրանց կտրամադրվեն գնման վկայագրեր: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ խոսք է գնում 16 բնակարանի և 2 առանձնատան մասին: Մյուս բոլոր դեպքերում քաղաքացիներին տրամադրվելու է փոխահատուցում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
Կախված նրանից, թե ինչ վնասներ է կրել տվյալ բնակավայրը, աջակցության չափը տարբեր է լինելու: Ամենաշատ վնասներ կրած բնակավայրերի, մասնավորապես՝ Ալավերդի համայնքի կազմում ընդգրկվածների ու Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի բնակիչները կստանան 60 հազար դրամ՝ յուրաքանչյուր քառակուսի մետրի վերանորոգման համար: Տուժած մյուս բնակավայրերի դեպքում նախատեսված է 40 հազար դրամ:
Աղետի գոտու բնակիչների համար կգործարկվի նաև սոցիալական աջակցության առանձին ծրագիր, 250 ընտանիքների բոլոր անդամներ կստանա միանվագ դրամական օգնություն:
Մայիսի 25-26-ը հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարում էր տեղի ունեցել: Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում ճանապարհներ, կամուրջներ, տներ էին փլուզվել։ Հաղորդվել էր 4 զոհի մասին։ Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել 9 համայնք՝ 39 բնակավայր:
Ի՞նչն է դիտարկվելու որպես տան կորուստ
Կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացրել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ բնակարանի կամ անհատական տան կորստի դեպքում ֆիզիկական անձին կտրամադրվի փոխհատուցում՝ վկայագրի միջոցով բնակարան կամ տուն ձեռքբերելու նպատակով:
Որոշման նախագծի համաձայն՝ բնակարանի կամ տան կորուստ են դիտարկվելու բնակելի տան կամ կեցավայրի՝
- ոչնչացումը,
- փլուզումը,
- վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) դառնալու փաստը։
Ղազարյանի փոխանցմամբ՝ ծրագրի շահառու են հանդիսանում այն անձինք, որոնք անշարժ գույքի նկատմամբ ունեն սեփականության իրավունք։
«Չենք պահանջում սեփականության իրավունքի վերաբերյալ պետական գրանցում, քանի որ տվյալ անձինք անշարժ գույքի իրավունք կարող են ձեռք բերած լինել օրենքով, դատարանի վճռով, գործարքով, որպես ժառանգություն կամ ցանկացած այլ օրինական եղանակով»,- պարզաբանել է նա:
Բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում քաղաքացուն կտրամադրվի նաև դրամական փոխհատուցում՝ կենցաղային առաջնային գույքի ձեռքբերման համար:
Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում կփոխհատուցվի 1.200.000 դրամ, մյուս համայնքների դեպքում՝ 800.000 դրամ:
Փոխհատուցում կտրամադրվի 263 առանձնատան նորոգման համար
Վահե Ղազարյանի փոխանցմամբ՝ փոխհատուցման ենթակա գումարի չափը կախված է լինելու գույքի մակերեսից: Նրա խոսքով՝ առավել տուժած բնակավայրերում մեկ քառակուսի մետրի համար փոխհատուցվելու է 60 հազար, իսկ մյուս բնակավայրերում՝ 40 հազար դրամ
«Կսահմանվի մակերեսի առավելագույն չափ՝ 80 քառակուսի մետր»,- հայտարարել է նա:
Որոշման նախագծի հիմնավորումից տեղեկանում ենք, որ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում փոխհատուցվում է 60 հազար ՀՀ դրամ:
Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 40 հազար ՀՀ դրամ։
Հաղորդվում է, որ վնասվել է 263 առանձնատուն, նրանցից 30-ի սեփականության փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան: Գործադիրը դեռ պետք է պարզի՝ ո՞ւմ է պատկանում անշարժ գույքը և ըստ այդմ կայացնի վնասի փոխհատուցման վերաբերյալ որոշում:
Տուժածները կստանան նաև սոցիալական աջակցություն
Ներքին գործերի նախարարությունից բացի աղետի գոտու համար ծրագիր է իրականացնելու նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Հեղեղումների հետևանքով տուժած շուրջ 250 ընտանիքների 854 անդամների տրամադրվելու է միանվագ դրամական աջակցություն:
Յուրաքանչյուրին վճարվելու է 40 կամ 60 հազար դրամ՝ կախված համայնքից:
Նախարարությունը նախատեսում է նաև ջրհեղեղի հետևանքով մահացած 4 անձանց ընտանիքներին միանվագ վճարել 1 մլն դրամ:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փոխհատուցում ՀՀ-ում ջրհեղեղից տուժածներին