Փոթի. զբոսաշրջային շրջանը հետաձգվում է
Ամեն տարի ամռանը Փոթիում նույն բանն է տեղի ունենում. զբոսաշրջային շրջանի բացում է արվում, խոսվում է տեղի ծովափերի ներուժի մասին: Դրանով ամեն ինչ ավարտվում է. այստեղ զբոսաշրջիկներ չեն եղել և այժմ էլ չկան:
Փոթիի ամայի ծովափերին կարելի է միայն տեղացիների հանդիպել. սովորաբար նրանք լողում են և արագ գնում տուն: Այստեղ թերևս անելու բան չկա. լողափերին ոչ սրճարաններ կան, ոչ դիսկոտեկներ, ոչ խանութներ, ոչ էլ շեզլոնգներ: Այստեղ նույնիսկ կոկա-կոլա և եգիպտացորեն վաճառողներ չկան. միայն ալիքները փրփրեցնող ծովն ու սև ավազ:
Դե ինչ, այդ մեկուսացած վիճակն իր հմայքն ունի, սակայն զբոսաշրջիկների մեծ մասն այնուամենայնիվ նախընտրում է մարդաշատ վայր, իսկ Փոթիում հանգստացողների խմբեր հազիվ թե տեսնես:
Սակայն ներուժ, անկասկած, կա. այստեղ հարթ ավազուտ լողափ կա, ի դեպ՝ ամենաերկարը Վրաստանում, փափուկ կլիմա, ցածր գներ և հետաքրքիր տեսարժան վայրեր: Այսինքն՝ ծովը միակ բանը չէ, որը կարող է գերել հանգստացողներին:
Մալտակվա՝ այսպես է կոչվում քաղաքի ծայրում գտնվող ծովափը: Այն ամենահարմարավետն է, քաղաքի կենտրոնից ընդամենը 4 կմ է: Վրաստանի դեռևս ոչ մի կառավարություն այդ օբյեկտը չի ներառում իր առաջնահերթությունների և մարտավարությունների մեջ: Ուզած-չուզած ստիպված համեմատում ես, թե ինչպիսին էր այս վայրը խորհրդային տարիներին: Ափսոս, որ համեմատությունն անկախության ժամանակաշրջանի օգտին չէ: Այո, Փոթին միշտ առաջին հերթին նավահանգստային քաղաք է եղել, սակայն նախկինում այն համատեղում էր հանգստավայրի գործառույթի հետ:
Օրինակ, երբեմնի հայտնի «Ոսկե լիճը» շուտով ճահճի կվերածվի: Սակայն մի ժամանակ դրանով հիանում էին հանգստացողները երկրի տարբեր կետերից:
Իսկ այս անտառապարկի տարածքը, նույն տեսքն ունի, ինչ Չեռնոբիլի մեկուսացման գոտին. լքված շենքեր, սարսուռ առաջացնող ամայություն, մոռացություն: Իսկ ժամանակին ամենուր էին հանգստացողները:
Սակայն Փոթիի քաղաքապետարանում լավատեսներ են աշխատում. նրանք նախկինի պես մեծ հաջողության հույս ունեն: “Արդեն սկսվել է ծովափի երկայնքով ճանապարհի կառուցումը, — պատմում են քաղաքապետարանում: Խոստանում են, որ այստեղ հետիոտնային գոտի կլինի, ավտոկայանատեղի, փոքր կառույցներ՝ խանութներ, սրճարաններ: Աշխատանքները կտևեն մոտ 2 տարի, այդ նպատակի համար 18 500 լարի է հատկացվել:
Այժմ Փոթին միակ քաղաքն է Վրաստանի սևծովյան ափին, որի բնակչության եկամուտը բացարձակապես կախված չէ զբոսաշրջությունից: Ոչ թե որովհետև այլ եկամուտի աղբյուրներ կան, այլ որովհետև զբոսաշրջիկներ չկան:
Կյանքն այստեղ միապաղաղ և ձանձրալի է: Եթե բարձր դասարանցուն հարցնեք ապագայի պլանների մասին, նա առանց մտածելու կպատասխանի, որ պատրաստվում է մեկնել: Եվ դուք, անկասկած, կհասկանաք նրան:
Փոթիում իրոք բոլորովին բան չկա անելու: Նույնիսկ ամռանը: Եթե դուք արդեն 20 տարեկան եք և ընկերուհի ունեք, չեք կարող նրան կինո հրավիրել, որովհետև այստեղ կինո չկա: Սովորաբար այդ նպատակով երիտասարդությունը գնում է Բաթում. այնտեղ կա կինո, սրճարաններ, լողափ, լողավազան, դիսկոտեկներ, այգիներ… Տուն վերադառնալը տխուր է լինում. կրկին ամայի քաղաք, ձանձրույթ և աղբ:
Աղբը յուրօրինակ ասոցիացիա է, որը կարող է Փոթի այցելողների մոտ առաջանալ: Այն ամենուր է, ընդ որում, այն կարծես հավաքում են, սակայն ուժերը հավասար չեն, և աղբը կրկին ու կրկին հաղթում է: Մի անգամ ընկերներիս հրավիրեցի Փոթի հանգստանալու ամառային արձակուրդներին, սակայն մենք ստիպված եղանք աղբից փախնել Ուրեկի:
Իսկ դա, ի դեպ, վրացական լողափերից մաքրագույնը չէ:
Առաջին անգամ հրապարակվել է 22.07.2016