«Բաքուն զիջումների գնալու մոտիվացիա չունի»․ ակնկալիքներ բրյուսելյան հանդիպումից
Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը Բրյուսելում
Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպումը տեղի կունենա ոչ թե հուլիսի 21-ին, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ հուլիսի 15-ին։ Կառավարության նիստում այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետն ու նշել, որ հաստատել է իր մասնակցությունը։
«Հույս ունեմ այդ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- ընդգծել է նա։
Առաջընթացը, սակայն, փաստաթղթի ստորագրում չի նշանակում։ Դեռևս նախորդ շաբաթ կառավարության ղեկավարը խոսել էր սպասվող հանդիպման մասին և շեշտել՝ «խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման»։
Տեղացի և օտարերկրյա փորձագետները լավատեսության հիմքեր չեն տեսնում։ «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ նրանք նշել են, որ թեև բանակցային գործընթացն ավելի լավ է, քան կոնֆլիկտը, սակայն առանցքային հարցերի շուրջ կողմերի տարաձայնությունների ֆոնին մեծ առաջընթաց կամ փաստաթղթի ստորագրում ակնկալել պետք չէ։ Քննարկմանը մասնակցել են Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դե Վաալը, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը և ռազմական փորձահետ Լեոնիդ Ներսիսյնաը։
Փորձագիտական կարծիքներ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մասին
Թոմ դե Վաալ
Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ
«Ցավոք սրտի, չկան լավատեսության հիմքեր՝ կապված բրյուսելյան բանակցությունների հերթական փուլի հետ։ Իհարկե, լավ է, որ բանակցությունները շարունակվում են։ Խնդիրներ շատ կան, բայց դրանցից երկուսը հիմնական են։
Առաջինն այն է, որ բանակցություններ են գնում Մոսկվայի և զուգահեռ Վաշինգտոնի-Բրյուսելի կողմից։ Որոշ կետերով Ռուսաստանի դիրքորոշումը տարբերվում է Արևմուտքինից։ Օրինակ՝ ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ՌԴ-ն պնդում է, որ իր սահմանապահ ծառայությունը պետք է լինի այդ ճանապարհների անվտանգության երաշխավորը։ Ինձ ասել են, որ Ադրբեջանն այս հարցում աջակցում է Մոսկվային։ Մյուս կողմից, սա չի համապատասխանում Երևանի դիրքորոշմանը։
Բացի այդ, Մոսկվան չի ճանաչի որևէ փաստաթուղթ, որը չի ստորագրվել ՌԴ տարածքում։ Վերջին շրջանում տեսել ենք, որ եղել է փորձ կազմակերպելու հանդիպում Ստեփանակերտի և Բաքվի միջև Բուլղարիայում, բայց հանդիպումը չկայացավ։ Իմ ունեցած տեղեկություններով՝ հենց ՌԴ-ն է նպաստել այդ հանդիպման չեղարկմանը։
Իհարկե, երբ կա ուղիղ առճակատում ՌԴ և Արևմուտքի միջև Ուկրաինայում, պետք չէ ակնկալել, որ կարող է լինել ընդհանուր դիրքորոշում հայ-ադրբեջանական հարցերի վերաբերյալ։
Երկրորդ խնդիրն ինձնից լավ գիտեք։ Փաշինյանն ու Հայաստանի ղեկավարությունը շատ ավելի հեռուն են գնացել, քան ցանկացած նախկին իշխանություն [նկատի ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ներառյալ ԼՂ-ը]։ Բայց Հայաստանի որևէ ղեկավար պայմանագիր չի ստորագրի Ադրբեջանի հետ, եթե չլինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության որոշակի երաշխիքներ։ Բաքվի կողմից այս հարցում զիջումների գնալու պատրաստակամություն չենք տեսնում, ընդհակառակը՝ դիրքորոշումը կոշտանում է։ Վերջին շրջանում շրջափակումը, Ղարաբաղը խեղդամահ անելը շարունակվում է։
Իհարկե, բանակցային գործընթացն ավելի լավ է, քան կոնֆլիկտը, բայց ես չեմ տեսնում պայմանագրի ստորագրման հնարավորություն։
Բաքուն կգայթակղվի, թե՝ պայմանագիր ստորագրված չէ, կարելի է հերթական անգամ ուժային մեթոդով ճնշում գործադրել հայկական կողմի վրա։
Հույս ունեմ՝ ես կսխալվեմ, Բաքուն կմեղմացնի իր դիրքորոշումները՝ կապված Լաչինի միջանցքի հետ, ինչպես նաև Ղարաբաղի հայերի հասցեին հնչող հայտարարությունների մասով։ Օրինակ՝ Ստեփանակերտն ասում է, որ պատրաստ է ադրբեջանական կողմի հետ հանդիպման, բանակցությունների, բայց միջազգային մեխանիզմի հովանու ներքո։ Ադրբեջանական կողմն ասում է՝ ոչ, մեր ներքին խնդիրն է։
Բաքվի և ԼՂ-ի հայերի միջև այնքան հարցեր կան՝ ոստիկանություն, քաղաքացիություն, կրոն, լուրջ ձևաչափ է պետք, պարզապես հինգ հոգու հանդիպում չէ։ Աշխատանքային խումբ է պետք։ Հասկանալի է՝ Ստեփանակերտը նման հնարավորություններ չունի, և որ ավելի վատ է՝ իմ տպավորությամբ՝ Ղարաբաղում չկա նաև միասնական դիրքորոշում»։
Տիգրան Գրիգորյան
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ
«Խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ դետալային աշխատանքը տարվում է Վաշինգտոնում։ Բրյուսելում ոչ թե պայմանագրի տեքստի շուրջ կբանակցեն, այլ կփորձեն մերձեցնել կողմերի քաղաքական դիրքորոշումները առանցքային հարցերի շուրջ։
Որքանո՞վ կհաջողվի՝ դժվար է ասել։ Երկու կողմի համար էլ սրանք սկզբունքային հարցեր են։ Որոշ հարցեր կարմիր գիծ են ինչպես մի, այնպես էլ մյուս կողմի համար։
Կողմերի միջև անհամաձայնություններ կան առանցքային 3 հարցերի շուրջ։ Դրանք են՝
- Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների մեխանիզմի ձևավորում,
- սահմանային հարցերի փաթեթ՝ դելիմիտացիա, դեմարկացիա, զորքերի հետքաշում, քարտեզ, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում,
- խաղաղության պայմանագրի դրույթների կատարման միջազգային երաշխավորների ինստիտուտ։
Երևանը փաստացի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեխանիզմի ձևավորումը դարձրել է գրեթե նախապայման խաղաղության պայմանագրի համար։ Վերջին շրջանում այս հարցի հետ կապված վարվում է ակտիվ աշխատանք, մասնավորապես՝ ամերիկյան կողմից։
Լուծման ենթակա խնդիրների շարքում է պետք դիտարկել նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումն ու զորքերի հետքաշումը։
Հայաստանի իշխանությունները վերջին ամիսներին մանտրայի նման կրկնում են՝ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մատնանշում կոնկրետ թիվ։ Ուղիղ տեքստով ասում են նաև, թե ԼՂ-ը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ։ Բայց Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարություններ չենք լսել։
Թերահավատորեն եմ վերաբերվում նաև զորքերի հետքաշմանը։ Չեմ կարծում, թե Բաքուն հետ կքաշի զորքերը Հայաստանի այն ինքնիշխան տարածքներից, որոնք զբաղեցրել է 2021 թվականի մայիսից»։
Լեոնիդ Ներսիսյան
APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող, ռազմական փորձագետ
«Ռազմական անհավասարակշռությունը բանակցային գործընթացում մեծ խնդիրներ է բերում։ Օրինակ՝ ասում են՝ դելիմիտացիան տեղի կունենա այն պայմաններով, որոնք Ադրբեջանն է ուզում։ Ստացվում է՝ ուժով պարտադրում են։
Իհարկե, նման պայմաններում հնարավոր է ստորագրել փաստաթուղթ, բայց դա որքանով ընդունելի կլինի հասարակության կողմից, որքանով կաշխատի 5 կամ 10 տարի անց, մեծ հարց է։ Պետք է ձգտել, այսպես կոչված, լիբերալ խաղաղության, ոչ թե նմանատիպ պարտադրված ագրեսիվ փաթեթի, որը դժվար թե Հայաստանի եկող սերունդներին դուր գա։
Կան նշաններ և որոշակի տվյալներ այն մասին, որ կոմունիկացիաների բացումը միակ կետն է, որի շուրջ ադրբեջանական կողմը պատրաստ է գնալ իր մեկնարկային դիրքերի համեմատ որոշ զիջումների։ Այս մասով որոշակի առաջընթաց կա, թեև չկան վերջնական որոշումներ։
Չեմ կարծում, թե Ադրբեջանը կհամաձայնի որևէ միջազգային միջնորդության Լեռնային Ղարաբաղի հարցում։ Տեսնում եմ՝ խոշոր խաղացողների կողմից էլ Բաքվի վրա ճնշում չկա։ Իսկ եթե դա չկա, Բաքուն զիջումների գնալու որևէ մոտիվացիա չունի։
Ուզում են Լեռնային Ղարաբաղում 10-15 մարդ թողնել, հետո խոսել այն ամենի մասին, ինչի մասին կուզեն խոսել․ սուբյեկտայնություն չի մնա։ Իրավիճակը գնում է այդ ճանապարհով, ոչ թե ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելու»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը Բրյուսելում