Փաշինյանն ու Ալիևը խաղաղության հաստատման համար ԱՄԷ-ում արժանացան «Զայեդ» մրցանակի
Փաշինյանն ու Ալիևը՝ «Զայեդ» մրցանակի դափնեկիր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արժանացել են ԱՄԷ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին։ Մրցանակը տրվել է երկու երկրների միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։

ԶԼՄ-ներում առկա տեղեկատվության համաձայն՝ այն ենթադրում է նաև դրամական պարգև՝ 1 մլն ԱՄՆ դոլար յուրաքանչյուր դափնեկրի համար։
Այսօր՝ փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայացել է մրցանակաբաշխությունը։ Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը հանձնել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամադ բեն Զայեդ Ալ Նահյանը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միասին են բեմ բարձրացել ելույթ ունենալու։ Ադրբեջանի նախագահը նույնիսկ հասցրել է կատակել, թե «պետք է համաձայնեցնենք՝ ով է առաջինը խոսելու»։ Հայաստանի վարչապետը ձեռքի շարժումով Ալիևին ուղղորդել է բարձրախոսի մոտ։
Իր ելույթում Իլհամ Ալիևը խորհրդանշական է համարել այն, որ մրցանակ են ստանում հենց Աբու Դաբիում։ Հիշեցրել է՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին նախորդել էր իր և Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ-ում։ Ադրբեջանի նախագահի փոխանցմամբ՝ հենց Աբու Դաբիում են «վերջնական համաձայնության» եկել խաղաղություն հաստատելու մասին և հետո այն պաշտոնական դարձրել Նահանգներում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ մրցանակը հանձնվում է երկու երկրների ղեկավարներին, բայց այն հայ և ադրբեջանցի ժողովուրդների ձեռքբերումն է։
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համարձակ քայլեր են ձեռնարկել, բայց մեր ժողովուրդների՝ նոր ապագա ընտրելու պատրաստակամությունն է, որ հնարավոր է դարձնում պատմական այս պահը։ Այս մրցանակը նույնքան կարևոր է յուրաքանչյուր հայի և ադրբեջանցու համար, ովքեր համարձակություն են ունեցել ապավինել խաղաղությանը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ալիևն ու Փաշինյանը իրենց երախտագիտությունն են հայտնել ԱՄԷ նախագահին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար։ Հայաստանի վարչապետը նույնիսկ հույս է հայտնել, որ մի օր պատիվ կունենա ներկա գտնվել Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնելու արարողությանը և ընդգծել՝ «մի բան, ինչին նա արժանի է»։
Բոլոր մանրամասները՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների ելույթները, պատվիրակությունների հանդիպումը Աբու Դաբիում և ոչ միայն

- «Երկաթյա վարագույրը փլուզելու փորձ». հայ փորձագետները՝ Բաքու կատարած այցի մասին
- «ՀՀ-ն չպիտի լինի ագրեսիայի համար գայթակղիչ երկիր». Փաշինյանի ուղերձը բանակի օրվա առիթով
- Կախվածությո՞ւն, թե՞ դիվերսիֆիկացիա․ ՀՀ-ի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավոր միացումը
- Ադրբեջանական բանտերում պահվող չորս գերի է հանձնվել Հայաստանին
«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն անվանակոչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի պատվին։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է 2019 թվականից։
Մրցանակի ստեղծումը հաջորդել է Աբու Դաբիում տեղի ունեցած պատմական հանդիպմանը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդ, հանգուցյալ Նորին Սրբություն Պապ Ֆրանցիսկոսի և Ալ-Ազհարի մեծ իմամ, Նորին գերազանցություն Ահմեդ Ալ-Թայեբի միջև, որի ընթացքում նրանք համատեղ ստորագրել են Մարդկային եղբայրության փաստաթուղթը։
2026 թվականի մրցանակակիրները 4-ն էին։ Փաշինյանից և Ալիևից բացի «Զայեդ» մրցանակի արժանացան Աֆղանստանում կանանց և աղջիկների կրթության իրավունքի պաշտպանությամբ զբաղվող Զառքա Յեֆթալին և պաղեստինյան մարդասիրական Taawon կազմակերպությունը։
Մինչև այս տարի «Զայեդ» մրցանակ է շնորհվել աշխարհի 15 երկրի 16 ներկայացուցչի։ Պարգևատրվել են անհատներ ու կազմակերպություններ, որոնք «անշահախնդիր և անդադար աշխատում են մարդկային եղբայրությունն առաջ մղելու և խաղաղ համակեցության համար նշանակալի առաջընթաց ապահովելու ուղղությամբ»։
«Հակամարտության էջը փակ է»․ Փաշինյան
«Խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ պարագայում այն երբեք չի դադարեցվի՝ բերելով նորանոր տառապանքներ երկու երկրներին և ժողովուրդներին»,- նկատել է Հայաստանի վարչապետը։
Փաշինյանի բնորոշմամբ՝ տեղի է ունեցել «անհավատալի և անհավանական բան», քանի որ կողմերն ունեցել են «հավատ, նվիրվածություն, տեսլական և իմաստություն»․
«Այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաև ՀՀ և Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ և արժանանալ այս պատվին»։
Նա շնորհակալություն է հայտնել «Զայեդ» մրցանակի համար և համոզմունք հայտնել, որ այն խորհրդանշում է «մահմեդական և քրիստոնեական աշխարհների աջակցությունը ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությանը»։ Շեշտել է՝ մրցանակը կամրապնդի խաղաղությունը տարածաշրջանում։
Դեռևս 2025 թվականի հունվարի 20-ին ՀՀ վարչապետը Երևանում հյուրընկալել էր «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին և մրցութային հանձնաժողովի երկու անդամների։ «Իհարկե, ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է և մենք կիսում ենք այս մրցանակը։ Դա արդարացված է։ Այն իսկապես համատեղ նվաճում է»,- հայտարարել էր Փաշինյանը։
«Շարժվում ենք տևական և մշտական խաղաղության ուղղությամբ»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է՝ ավելի քան 30 տարի պատերազմելուց հետո վերջին 6 ամիսներին երկու երկրներն ապրում են խաղաղության մեջ․
«Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Կարող եմ ասել, որ դա առանձնահատուկ զգացողություն է։ Մենք երբեք չենք ապրել խաղաղության մեջ անկախություն ձեռք բերելուց ի վեր»։
Ալիևի փոխանցմամբ՝ Վաշինգոտնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո Երևանն ու Բաքուն շարժվում են «տևական և մշտական խաղաղության» ուղղությամբ։
Ասում է՝ վերջին ամիսները կարևոր են եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման համար։ Օրինակ է բերել Ադրբեջանից Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը, նավթամթերքի արտահանումը։
Ադրբեջանի նախագահը շեշտել է՝ այժմ առևտրաշրջանառությունն ավելացնում են։ Խոսելով Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման մասին՝ նշել է՝ քննարկել են, թե ինչպես շարժվել առաջ։
Կարծում է՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործըթնացը կարող է դառնալ օրինակ, ճանապարհային քարտեզ այն երկրների համար, որոնք դեռևս պատերազմի մեջ են։
«Մեր օրինակն ապացուցում է, որ խաղաղությունը հնարավոր է՝ չնայած երկար տևած հակամարտությանը, տառապանքին և փոխադարձ անվստահությանը։ Դա հնարավոր է, երբ կա ուժեղ քաղաքական կամք երկու կողմերի մոտ, և երբ գործընթացին աջակցում են բարեկամ երկրներն ու միջազգային հանրությունը»,- ամփոփել է նա։
Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը․ «Պահպանելով կարգավորման գործընթացի դրական դինամիկան»
Հանդիսավոր արարողությունից ժամեր առաջ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, այնուհետև Փաշինյանն ու Ալիևը քննարկումը շարունակել են երկկողմ ձևաչափով։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ադրբեջանական կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուսաֆաևը, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ողջունել են 2025 թ․-ի օգոստոսի 5-ին ԱՄՆ-ում կայացած Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նշել են նաև «հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման և առաջմղման կարևորությունը՝ երկկողմ ձևաչափով»․
«Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում»։

Մասնավորապես՝ գոհունակություն են հայտնել․
- երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման,
- Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ։
Հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Բացի այդ, ողջունել են քաղհասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։
«Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը»,- տեղեկացրել է հայկական կողմը՝ առանց մանրամասներ հայտնելու։
Նշվում է, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանն ու Ալիևը՝ «Զայեդ» մրցանակի դափնեկիր