«Պատերազմի կոնվեյերը կանգնեցնել չեմ կարողացել»․ Փաշինյան
Փաշինյանի պատասխանները քննիչ հանձնաժողովին
«44-օրյա պատերազմի ժամանակ եղել են զինատեսակներ, որոնց օգտագործման իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանին չի պատկանել»,- պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Հանձնաժողովի անդամներից իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվել է՝ խոսքը «Իսկանդերի՞» մասին է։ Ի պատասխան վարչապետը նշել է, որ թեմային կանդրադառնա դռնփակ ռեժիմով։
Փաշինյանը քննիչ հանձնաժողովում ելույթ էր ունեցել մեկ շաբաթ առաջ։ Այսօր կառավարության ղեկավարը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին։ Գաղտնիությունից ելնելով՝ որոշ հարցեր թողնվել են դռնփակ ռեժիմով քննարկման։
JAMnews-ն առանձնացրել է քննարկման ամենաուշագրավ դրվագները։
Բանակցային գործընթացը՝ «պատերազմական կոնվեյեր»
Հայաստանի վարչապետի բնորոշումն է։ Ասում է՝ Ադրբեջանի տրամաբանությունը հետևյալն էր՝ «խաղաղությամբ, բանակցություններով տուր այն, ինչ ուզում եմ, այլապես այդ նույնը ես կստանամ պատերազմով»։
Իր խոսքով՝ փորձել է հասկանալ՝ ինչպես է հնարավոր, ինչ գործոններ կան, որոնք կարող են այդ կոնվեյերը կանգնեցնել։
«Այո, խոստովանում եմ, չեմ կարողացել այդ կոնվեյերը կանգնեցնել»,- հայտարարել է նա։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2019 թ․-ի ավարտին բանակցային գործընթացի վերաբերյալ իր ընկալումը նույնն էր, ինչ 2018 թ․-ի ավարտին․
«Մի էական տարբերություն կար։ Այն, ինչ 18-ի դեկտեմբերին գիտեի՝ բանավոր իմ շփումների և քննարկումների արդյունքում, 19-ին՝ գիտեի գրավոր»։
Պատմել է, որ 2019 թ․-ի դեկտեմբերին Բրատիսլավայում կազմակերպված ԵԱՀԿ նախարարական խորհրդի ժամանակ Ադրբեջանը շրջանառության մեջ էր դրել փաստաթուղթ՝ «Ադրբեջանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ»։ Դա ենթադրում էր՝ տարածքների և փախստականների վերադարձ, հետո նոր մյուս հարցերի քննարկում։
Վարչապետի դիտարկմամբ՝ սկզբունքների և տարրերի դասավորվածությունը «180 աստիճանով հակառակ էր հայկական կողմի պատկերացումներին»։
«Վերլուծել բանակցային գործընթացի բացահայտման հետևանքը»
Անդրադառնալով 2018-19 թթ․-ին առկա բանակցային գործընթացը մանրամասն չներկայացնելու մասին հարցին՝ Փաշինյանը նկատել է՝ լեգիտիմ հարց է, որը հաճախ ինքն է իրեն ուղղում։ Ասում է՝ բարձրաձայնելու պարագայում պետք է նկատի ունենալ երկու հարց՝
- որո՞նք էին լինելու այդ ասելիքի հետևանքները,
- ո՞րն էր լինելու հաջորդ քայլը ասելիքը հրապարակելուց հետո։
Հիշեցրել է՝ այն ժամանակ խոսք էր գնում ընթացող կամ գոյություն ունեցող գործընթացի հրապարակայնացման մասին։
«Հետևանքը լինելու էր պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Դրա ներքին, տարածաշրջանային, միջազգային հետևանքները որո՞նք էին լինելու»,- հարցրել է նա։
Մյուս կողմից նկատել է՝ մեկ այլ հարց է, թե այդ պոտենցիալ ասելիքի և անելիքի հետ ինքը որքանով էր ներդաշնակ․
«Ուրիշ բան է՝ տեսնել, թե ինչ է իրողությունը, ուրիշ բան է՝ ներդաշնակվել, համաձայնվել դրա հետ կամ այդ իրողությունը որդեգրել որպես քաղաքականություն։ Սրանք երկու տարբեր բաներ են»։
«Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի քննարկվել»
«Ընդհակառակը, մեր ընկալումը եղել է այն, որ վեկտորի փոփոխությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ առաջին հերթին հենց ԼՂ-ի հակամարտության համատեքստում»,- նկատել է Փաշինյանը։
«Պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն կար»
Պատերազմից խուսափելու համար, ըստ Փաշինյանի, հայկական կողմը պետք է հրաժարվեր «ԼՂ-ը Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից», այսինքն՝ ԼՂ-ի հարցի կարգավորման հայկական պատկերացումից։
Մյուս կողմից նկատել է՝ երաշխավորված չէ, որ այդ դեպքում, պատերազմից հնարավոր կլիներ խուսափել․
«Ես տեսնում էի, որ պատերազմի կոնվեյերին, որը միգծանի է, հաջորդում են խաչմերուկները բանակցային բովանդակության՝ Լաչինի միջանցքի հետ կապված ճշգրտումներ, ԼՂ-ի, այսպես կոչված, հայ և ադրբեջանական համայնքների ներգրավման գործընթաց, դելիմիտացիա և դեմարկացիա և այլն»։
«Պատերազմի հավանականությունը գնահատվում էր 30 տոկոս»
Հանձնաժողովի նիստում Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ հնարավոր պատերազմի մասին «անընդհատ ահազանգեր են եղել»։ Դրանք ստացվել են ինչպես հետախուզական ծառայություններից, այնպես էլ բաց աղբյուրներից, վերլուծաբաններից, միջազգային գործընկերների հետ ունեցած շփումների ժամանակ։ Փաշինյանի փոխանցմամբ՝ վերջիններս չեն բացառել, որ տարածվող լուրերը նաև «հոգեբանական ճնշում են քաղաքական իշխանության վրա, որ նա գնա անհամաչափ զիջումների»։
«Ինձ մի քանի անգամ զեկուցվել է, որ մեր միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են անում, որ Հայաստանի Զինված ուժերը կտրուկ գործողություններ չիրականացնեն, այսպես ասած՝ չեղած տեղից պատերազմ չսադրելու համար»,- պատմել է նա։
Վարչապետի խոսքով՝ նախքան պատերազմի մեկնարկը հետախուզությունը հավանականությունը գնահատել է 30 տոկոս։
Ասում է՝ չի կիսել այդ գնահատականը և իր հրահանգն է եղել ապահովել «բարձր զգոնություն, լինել իրավիճակին համարժեք»։
Պատերազմից ամիսներ առաջ՝ հուլիսին, պաշտպանական գերատեսչությունում խորհրդակցություն է անցկացրել, հետաքրքրվել՝ կա՞ն արդյոք ինդիկատորներ, որոնցով գնահատվում է հարձակման հավանականությունը։ Ստացել է դրական պատասխան ու հրահանգել՝ «Երբ այդ ինդիկատորներն ի հայտ կգան, բանակը պետք է գործի սահմանված ձևով»։ Դա, ըստ նրա, տեղի չի ունեցել։
«Հեշտ չի լինելու, բայց կպահենք»
Հենց այս հավաստիացումն է պաշտպանական կառույցներից և անձամբ Գլխավոր շտաբի պետից լսել վարչապետը, երբ քննարկվել են հնարավոր պատերազմի, բանակի մարտունակության վերաբերյալ հարցեր․
«Գնահատականը եղել է այն, որ լայնածավալ պատերազմի վերսկսման պարագայում հեշտ չի լինելու, բայց Պաշտպանության բանակն ու Հայաստանի Զինված ուժերն ի վիճակի են կատարել իրենց առջև դրված խնդիրը։ Ընդ որում, նաև այն ձեռքբերումների արդյունքում, որոնք իրականացվել են, այդ թվում՝ ՀՕՊ միջոցների»։
«Ամեն ինչ բանակի համար»
Վարչապետը վստահեցրել է՝ պաշտոնը ստանձնելուց հետո նման քաղաքականություն է որդեգրել։
«Ինչպե՞ս է դա արտահայտվել։ Արդեն 2019 թ․-ին էականորեն բարձրացել է բանակում պայմանագրային զինծառայողների աշխատավարձը, իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ»,- նկատել է նա։
Փաշինյանի խոսքով՝ չի եղել որևէ դեպք, երբ բանակը կառավարության առաջ ինչ-որ խնդրի դնի և դա չլուծվի գումարի պատճառով։ Բայց նաև շեշտել է՝ «շատ խնդիրների լուծում միայն փողի հետ չէ կապված»։
Հերքել է ընդդիմության կողմից շրջանառվող լուրերը, թե ռազմական գնումների պլան է փոխվել, որից դուրս են մնացել ՀՕՊ համակարգերը․
«Այլ բան, որ մեր պլանի մեջ եղել են միջոցներ, որոնք հնարավոր չի եղել ձեռք բերել։ Ուրիշն էլ իր վաճառքի պլանն ունի, որը միշտ չէ, որ համընկնում է մեր ձեռքբերման պլանի հետ»։
Վստահեցրել է՝ բանակն իրենից «ոչ» բառը չի լսել, ինչ ուզել են, ունեցել են։
«Մինչև պատերազմի ավարտը առաջնորդվել եմ նույն սկզբունքով։ Կոչում է պետք, կունենաք, մեդալ է պետք, կունենանք, փող է պետք, կունենաք»,- հայտարարել է նա։
Դասալիքների մասին
Այս թեմայով մեկնաբանություններ վարչապետը չի արել։ Հնչեցրել է միայն իրավապահ մարմիններից ստացած տեղեկությունները, որոնց համաձայն՝ քրեական գործեր են հարուցվել 12․600 անձի վերաբերյալ։ Դրանք 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև այլ հանցագործությունների դեպքեր են։
«Քրեական գործերն առնչվում են քաղաքացիների, զինծառայողների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու, հրաման չկատարելու, դասալքության, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու և այլ դեպքերի»,- նշել է նա։
«ԼՂ-ի իշխանությունների հետ տարաձայնություններ չեն եղել»
«Պատերազմի ընթացքում մինչև վերջին պահը և դրանից հետո չեմ հիշում ԼՂ-ի քաղաքական ղեկավարության հետ ունեցած որևէ տարաձայնության կամ տարընթերցման մասին»,- ընդգծել է Փաշինյանը։
Հերթական անգամ հիշեցրել է՝ գրանցվել են դեպքեր, երբ Գլխավոր շտաբն ու ՊՆ-ն հերքել են ԼՂ-ի նախագահի տրամադրած տեղեկությունները, սակայն որոշ ժամանակ՝ մինչև անգամ 1-2 օր անց ստիպված են եղել հաստատել դրանք։ Սա, ըստ նրա «լուրջ և խորը» պրոբլեմ է, որը միայն պատերազմի ժամանակ չէ, որ նկատվել է։
«Քաղաքավարական այց»․ կնոջ՝ ՊԲ շտաբում լինելու մասին
Հանձնաժողովի նիստում վարչապետին հարց են ուղղել նաև այն մասին, որ պատերազմի օրերին ՊԲ շտաբում եղել են մարդիկ, որոնք այդտեղ գտնվելու իրավունք չունեին, այդ թվում՝ նրա կինը՝ Աննա Հակոբյանը։
Վարչապետը պարզաբանել է, որ կինը պատերազմի օրերին Ստեփանակերտ էր մեկնել տեղում մարդկանց օգնելու նպատակով։ Ասել է, թե «իմ կնոջ այնտեղ գտնվելու սիմվոլիկ իմաստն այն էր, որ մենք մեր ներկայությունն այնտեղ ապահովենք»։ ՊԲ շտաբում Աննա Հակոբյանի ներկայությունը վարչապետը բնորոշել է որպես «քաղաքավարական այց հրամկազմին»․
«Գաղափար է հնչել՝ 10 րոպեով գնանք, որ հրամկազմը տեսնի, որ վարչապետի կինը Ստեփանակերտում է։ Եղել են մարդիկ, որ մտածել են՝ դա դրական ներգործություն կունենա, որ ծանր մթնոլորտում վարչապետի ընտանիքի անդամը այնտեղ է»։
«Չեմ հետաքրքրվել՝ որտեղ է որդիս»
Խոսելով որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ պատերազմին կամավոր մասնակցելու մասին՝ վարչապետն ասել է, որ չի իմացել որդու գտնվելու վայրն ու չի հետաքրքրվել․
«Դրա համար ունեցել եմ մի պատճառ։ Մտածել եմ՝ եթե ես հիմա հետաքրքրվեմ, թե իմ որդին որտեղ է, նշանակում է՝ մյուս զինվորներին իմ որդին չեմ համարում»։
Որդու՝ առաջնագծում լինելու և մասնակցած մարտական գործողությունների մասին իմացել է միայն նրա տուն վերադառնալուց՝ նոյեմբերի 9-ից հետո։ Պարզել է, որ նույն գնդից 21 զինծառայող է զոհվել, այդ թվում՝ Աշոտի ծառայակից ընկերը։
«Հետախուզական խմբին առաջադրանք է տրված եղել առաջնագծում, և ինքը փոքր խմբով, լինելով ջոկի հրամանատար, հրետակոծության տակ է ընկել։ Ծառայակիցը, որի հետ խրամատում կամ գետնին պառկած են եղել, մարմիններով հպված, զոհվել է»,- պատմել է նա։
Ո՞ր հարցերն են քննարկվելու դռնփակ ռեժիմով
Մի շարք հարցերի Հայաստանի վարչապետն առհասարակ չի անդրադարձել՝ նշելով, որ դրանք ենթակա են քննարկման դռնփակ ռեժիմով։ Այդ հարցերն են եղել՝
- պատերազմի վտանգի բացակայության մասին ՌԴ ԳՇ-ից ստացվող հավաստիացումները,
- սպասվող պատերազմի մասին Հայաստանի ունեցած հետախուզական տեղեկությունները,
- պատերազմի ընթացքում ԼՂ-ի նախագահից, ՀՀ ՊՆ և ԳՇ-ից ստացվող իրար հակասող տեղեկությունները,
- պատերազմի ընթացքում զինատեսակների օգտագործումն ու առկա սահմանափակումները,
- ՀՕՊ համակարգերը,
- Հադրութի, Շուշիի կորուստը,
- ՌԴ նախագահի հետ քննարկումները՝ ՀՀ ԶՈՒ մարտունակության, Հայաստանին առարկայական օգնություն տրամադրելու շուրջ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանի պատասխանները քննիչ հանձնաժողովին