«Մեռելածին գործընթաց»․ իշխող ուժը մերժեց Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը
Փաշինյանի իմփիչմենթի նախագիծը մերժվեց
48 դեմ, 24 կողմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Հայաստանի խորհդարանը մերժեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությունը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժը ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ։ Սակայն այն նույնիսկ նիստերի օրակարգում չներառվեց։
«Քաղաքացիական պայմանագիրը» դեմ է քվեարկելու ի սկզբանե մեռելածին այս հայտարարությանը և իմփիչմենթի մյուս նախագծերին, որոնք կարող են հայտնվել ԱԺ օրակարգում տարատեսակ դրսևորումներով՝ հայտարարության տեքստով կամ որևէ այլ աճպարարության միջոցով»,- հայտարարեց իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ նախագիծը բնորոշեց որպես «քաղաքական իրարամերժ դատողությունների» հավաքածու և հարց հնչեցրեց՝ ի՞նչ նպատակ կարող է հետապնդել քաղաքական ուժը, որն ընտրություններից ամիսներ առաջ փորձում է իր ամբողջ ռեսուրսը կենտրոնացնել գործընթացի վրա, որը «բացարձակապես որևէ արդյունք չի կարող բերել»։
Խնդիրն այն է, որ վարչապետին անվստահություն հայտնելու համար ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ձայները բավարար չեն։ Եթե նույնիսկ հայտարարության նախագիծն ընդգրկվեր նիստերի օրակարգում, դրա ընդունման համար անհրաժեշտ էր լինելու 54 պատգամավորի ձայն։ «Պատիվ ունեմ»-ը ունի 6 պատգամավոր, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունը՝ 28։ Իշխող ուժի պատգամավորներից որևէ մեկը չի հայտնել, թե պատրաստվում է միանալ իմփիչմենթի գործընթացին։
Ընդդիմությունը «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման հիմքերով վարչապետին անվստահություն հայտնելու մասին» հայտարարության նախագիծը ԱԺ էր ներկայացրել սեպտեմբերի կեսերին։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մոտ 3 ժամ քննարկելուց հետո բացասական եզրակացություն էր տվել նախագծին:
- «Հայաստանն այսօր ամենապակաս խոցելի վիճակում է»․ Փաշինյան
- Հայաստանում կանխվել է պետական հեղաշրջման իրագործում․ հրապարակված են ապացույցներ
- Հավանակա՞ն, թե՞ ի սկզբանե ձախողված․ ՀՀ-ում քննարկվում է Փաշինյանի իմպիչմենտի հարցը
Ո՞ր ձախողումների մեջ է ընդդիմությունը մեղադրում Փաշինյանին
Ընդդիմության հեղինակած նախագծի համաձայն՝ Փաշինյանի ղեկավարած կառավարության գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման բոլոր մակարդակներում: Իշխող ուժի վարած քաղաքականության «աղետալի հետևանքների» շարքում մատնանշել են ազգային անվտանգության համակարգի խարխլումը, Արցախի կորուստը, ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրը, Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի տապալումը և այլն։
Արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրների շարքում «Պատիվ ունեմ»-ը իշխող ուժին վերագրել է Ադրբեջանին արվող «միակողմանի զիջումները», «ավանդական ռազմավարական դաշնակիցների» հետ հարաբերությունների վատթարացումը։
«Այս ամբողջ համապարփակ ձախողումը Նիկոլ Փաշինյանի անհատական քաղաքականության և որոշումների արդյունքն է։ Մենք հայտարարում ենք, որ Փաշինյանը անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը։ Նրա շարունակական պաշտոնավարումը գոյության սպառնալիք է ՀՀ համար»,- նկատել են նախագծի հեղինակները։
Ընդգծել են՝ ստեղծված իրավիճակի միակ սահմանադրական լուծումը Ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է՝ առաջարկելով ձեռնարկել հետևյալ քայլերը՝
- վարչապետին անվստահություն հայտնելու գաղափարի շուրջ պատգամավորների կոնսոլիդացիա,
- ազգային միասնության անցումային կառավարության ձևավորում, որի գերակայությունները պետք է լինեն՝
• կայունացնել ազգային անվտանգության իրավիճակը,
• վերականգնել օրենքի գերակայությունը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և երաշխավորել ժողովրդավարական ազատությունները,
• վերականգնել հանրային համերաշխության մթնոլորտը,
• կազմակերպել ազատ, արդար և մրցակցային խորհրդարանական ընտրություններ,
• կասեցնել Հայաստանի միջազգային հեղինակության անկումը,
• զերծ պահել երկիրը տնտեսական ցնցումներից,
• միջազգային հարթակներում առաջ մղել ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը։
«Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միակ գործիքն իմփիչմենթն է»
Խորհրդարանի ամբիոնից այդ մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Քվեարկությունից առաջ նշել է՝ Փաշինյանի իմփչիմենթի ձևաթղթի տակ արդեն առկա է 34 պատգամավորի ստորագրություն։ Մինչդեռ նիստերի օրակարգում հարցն ընդգրկելու համար 36 ձայն է անհրաժեշտ:
«Իմփիչմենթի հիմնական ուժը, այն հաջողությամբ պսակելու կարևորագույն գրավականը հանրային լայն համախմբումն է՝ փողոցային պայքարով։ Այլ կերպ այս գործընթացը տեղի ունենալ չի կարող»։
Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, փողոցային պայքարի վերաբերյալ որևէ բան չի հաղորդել։ Միայն ասել է, թե վարչապետին հեռացնելու օրակարգի շուրջ կա խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի կոնսոլիդացիա։
Կա՞ ընդդիմության կոնսոլիդացիա հարցի շուրջ
Խորհրդարանի մյուս ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը լիակատար աջացություն է հայտնել նախագծին։ Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է՝ դրանում առկա են բոլոր հիմնավորումները «այս կառավարությանը տուն ուղարկելու» համար։
«Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է՝ նախորդ շաբաթ հարցի շուրջ քննարկում են ունեցել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին: Նրա փոխանցմամբ՝ պատգամավորներն ասել են՝ չեն խոչընդոտի իմփիչմենթի գործընթացին։
Նույնաբովանդակ հայտարարություն արեց նաև ինքը՝ Աղազարյանը։ Նա և Հակոբ Ասլանյանը, սակայն, չաջակցեցին հայտարարության նախագծին, քվեարկեցին ձեռնպահ։
«Ասել եմ, որ չենք տորպեդահարի այդ հարցի քննարկումն ու ընդհանրապես զարգացումները։ Բայց շատ հարցեր ունենք քննարկելու, որոշակի ճանապարհ ունենք անցնելու։ Որոշ բաներ կան պարզաբանելու, հետևաբար, այս պահին ձեռնպահ կքվեարկենք»,- պարզաբանել է Հովիկ Աղազարյանը։
Ընդդիմությունը հայտարարում է՝ կգա նաև ՔՊ-ի հետ հանդիպելու հերթը
Իշխող ուժի նախկին անդամների և ընդդիմության շփումներին բուռն է արձագանքել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Բրավո՜ Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին»,- տեղից հնչեցրել է Ռուբինյանն ու հավելել՝ «շատ ուրախ ենք, որ հանդիպում, խոսում եք»։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հորդորել է չանհանգստանալ այդ հանդիպումների համար և շեշտել․ «Ձեզ հանդիպելու հերթն էլ կգա»:
Ռուբինյանը պատասխանել է, որ «սիրով կհանդիպի», բայց միայն «Հանրապետական» կուսակցության «ինքնալուծարման օրակարգի շուրջ»:
Իմփիչմենթի առաջին ձախողված փորձը չէր
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց էր նախաձեռնել նաև 2025 թ․-ի հունիսին՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Այդ ժամանակ համապատասխան ձևաթղթի տակ ստորագրել էին միայն «Պատիվ ունեմ» խմբակցության 6 պատգամավորները, խորհրդարանում վարչապետի իմփիչմենթի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ 36 ստորագրությունները չէին հավաքվել։
Նույն ժամանակահատվածում վարչապետի իմփիչմենթի գործընթաց էին սկսել նաև ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը՝ վարչապետի թեկնածու առաջադրելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Նրանք, սակայն, չէին ստացել ընդդիմադիր պատգամավորների աջակցությունը։
«Հայաստան» խմբակցությունը միայն 2025 թ․-ի սեպտեմբերի վերջին հայտարարեց, որ պատրաստ է միանալ «Պատիվ ունեմ»-ի՝ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանն ու տրամադրել իր 28 պատգամավորների ստորագրությունները։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանի իմփիչմենթի նախագիծը մերժվեց